Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը կառավարարության այսօրվա նիստում «թալանչի», «սրիկա» ու «ստահակ» բառերով արձագանքեց և մեղադրանքներով հակադարձեց իր ընտանիքի հասցեին հնչող պնդումներին, թե իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ առանձնատներ ու պետական գույքեր են ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Զարմանում ես էդ մարդկանց ... ի՞նչ կապ ունի, մի հատ մեկը կարա՞ բացատրի՝ Վարդան Օսկանյանը և իր կինը ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք ա մանկապարտեզ վերցրած լինեն», - հայտարարեց նա՝ շարունակելով. - «Հիմա քանի որ էս ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրանց նման ենք: Չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք էս բառակապակցությունների համար: Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել: «Վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով, եվրոյով տուն ա գնել». ասենք մի էրկու հատ դաշնակ-մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են իրեք եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ...»,- ասել է կառավարության ղեկավարը՝ պնդելով, թե իրենք կոռեկտություններ պահելով սխալվում են։
Փաշինյանն այսօր պատասխանել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մեղադրանքին, թե ինքը Հայաստանի ամենահարուստ մարդն է: Նրա պնդմամբ՝ պաշտոնապես արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ «Օրինակ, մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված էա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա «վաղեմության ժամկետ կիրառեք»: Դա տեղի ա ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել ա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է», - ասել է Փաշինյանը։ Նշենք, որ խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք վերցնելու գործի մասին է, որը դատարանը կառճել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Դատախազն այդ ժամանակ նշել էր, որ սա ոչ արդարացման, ոչ էլ մեղադրական որոշում է:
Երկրորդ նախագահին ուղղված մեղադրանքներին այսօր արձագանքել է նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ «Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ՝ իրավական շեղվածությամբ: Դրա հետ ամեն ինչ և վաղուց պարզ է: Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։ Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ այդ խեղկատակը շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին: Ինքնհառչակ տգետը նույնիսկ չգիտի, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն անձի մեղավորության հիմք չի կարող լինել։ Մեղավորության հիմք է իր պես՝ համաներման միջոցով մի ձև պատժից ազատվելը»,- News.am-ին ասել է նա։ Միկոյանի հավելել է, նաև որ «Սիլվայի» գործով վաղեմության ժամկետի կիրառման հանգամանքների մասին Ռոբերտ Քոչարյանը մոտակա ասուլիսներից մեկում մանրամասն կխոսի։
Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր ու ցավոտ մասն է և դա երևի այն եզակի հարցերից է, որ ընդհանրապես խոսակցություն չի ստացվում ունենալ: Այս մասին ԱԺ-ում իր ճեպազրույցում ասել է Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԱԳՆ-ն ինչ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ կապված։ «Վերջին բանը, որ եղել է շոշափելի, COP 29-ի շրջանակում է եղել, և դրանից հետո խոսակցությունն անշուշտ եղել է բայց չի՛ հաջողվել: Ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված պայմանագիր, ու կգնանք առաջ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացով և կլինի այդ իրական կարգավորումն ու առաջ կգնա հնարավորությունները, մենք վստահ ենք, որ գոնե ավելի բարենպաստ պայմաններ կլինեն այդ հարցերի լուծման համար», -շեշտել է նա։ Միրզոյանը նախքան սա պատգամավորներին հայտնել էր, որ պատրաստ են րոպե առաջ Բաքվի հետ երկխոսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում: