«Ես սրանք իրականում շատ նորմալ եմ գնահատում՝ այն տրամաբանությամբ, որ իշխանությունները պետք է ինչ-որ ձևով ազդեին քաղաքական գործընթացների վրա։ Քանի որ քաղաքացիների նախընտրությունների վրա ազդելու լեգիտիմ հնարավորություններ չունեն, իրենք անցել են ռեպրիսիվ մեթոդների»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաները։
Նշենք՝ այսօր առավոտվանից իրավապահները խուզարկություններ են սկսել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների նախընտրական շտաբերում։ Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, և որդին՝ Կարեն Գրիգորյանը, տնից բերման են ենթարկվել: Հիշյալ ուժերը հայտարարել են, որ ընտրություններից հետո բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը։Քաղաքագետը շեշտում է՝ իշխանություններն իրենց շահերի տեսանկյունից տրամաբանական քայլ են կատարում, սակայն մի կարևոր նրբերանգ են բաց թողել. «Իհարկե՛, իրենք կարող են այսպիսի ճնշումներ բանեցնել, իրենք կարող են ընտրություններից հետո, ինչպես իրենք սիրում են, մարդկանց տանել կալանքի, նաև ընտրված քաղաքապետին կարող են տանել կալանքի, բայց ֆունդամենտալն այն է, որ եթե Գյումրիում տեղի են ունենում ընտրությունները և գյումրեցիների մեծամասնությունը մերժում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ես նույնիսկ չեմ ասում՝ այս կամ այն թեկնածուն է հաղթում, մերժում են ՔՊ-ն, սա առաջին հերթին քաղաքական ուղերձ է։ Սա ուղերձ է այն տեսանկյունից, որ Ա՝ այս իշխանություններն իրենց լեգիտիմության լիմիթը սպառել են, մեր հասարակությունն իրենց այլևս չի ընդունում և երկրորդը՝ սա ունի նաև աշխարհաքաղաքական կոնտեքստ։ Սա առաջին ընտրությունն է լինելու այն հայտարարությունից հետո, որ Հայաստանն ու Ադրբեջանն իբր թե համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագիրը»։
Բենիամին Մաթևոսյանը նկատում է, որ այս ընտրությունների արդյունքներով ձևավորված Գյումրիի ավագանին ցույց է տալու, որ հասարակությունը հաշտ ու համերաշխ չէ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, եթե անգամ ընտրություններից հետո ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվի։ Ըստ նրա՝ սա հիմնական խնդիրն է, որը իշխանությունները չեն գիտակցում։
«Իրենք կարող են վախեցնել, կարող են ահաբեկել, վերջին օրերի հանրահավաքները չեղարկել, բայց ընտրության վրա չի ազդելու։ Պատկերացրեք այն մարդը, ով պատրաստվում էր ընտրել Կարեն Սիմոնյանին կամ Վարդան Ղուկասյանին, ինչ է, այս ամեն ինչից հետո գնալո՞ւ է Սարիկ Մինասյանին ընտրի կամ Լևոն Բարսեղյանին՝ իշխանական ևս մեկ թեկնածուին։ Ո՛չ, իրենք ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ ուժգնությամբ կգնան ու կընտրեն ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին։ Իմ ընկալմամբ իրականությունն այսպիսնն է»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ Գյումրիում տեղի ունեցող ռեպրեսիաներն ընտրությունների ելքի վրա հակառա՞կ ազդեցությունը կունենան՝ Բենիամին Մաթևոսյանը պատասխանեց՝ բերելով ԱՄՆ-ում կայացած ընտրությունների օրինակը, երբ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին քարոզարշավի ժամանակ փորձել էին սպանել, սակայն դա քաղաքացիների էլեկտորալ պահվածքի վրա հակառակ ազդեցությունն ունեցավ, և ավելի շատ մարդիկ քվերակեցին նրա օգտին։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների խնդիրներից մեկն էլ այն է, որ իրենք տեղեկատվական վակումի մեջ են ապրում և այս պարզ ճշմարտություններ չեն հասկանում։
«Խնդիրն այն է, որ 7 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մսխել է լեգալության և լեգիտիմության այն ահռելի ու ֆանտասիկ պաշարը, որն ինքն ուներ՝ հայտնի իրադարձություններից հետո։ Սա ֆունդամենտալ բան է, որն իրենք չեն հասկանում։ Լավ, ասենք թե նստացրեցիք ընդդիմադիր թեկնածուներին, դրանից հետո մարդիկ իշխանության քաղաքականությանը դրակա՞ն են վերաբերվելու, ո՛չ, ընդունելո՞ւ են այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ո՛չ, ընդունելո՞ւ են ՔՊ-ին, ոչ։ Սա է ֆունդամենտալ խնդիրը, իրենք գործընթացների ձևն ու բովանդակությունը խառնել են իրար։ Իրենք ինձ ու Ձեզ էլ կարող են նստացնել՝ այս հարցազրույցի համար, բայց դրանից բովանդակությունը չի փոխվելու, սա է ամենաֆունդամենտալ հարցը»,- ասաց նա։
Անդրադառնալով Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությանը՝ Բենիամին Մաթևոսյանը վերահաստատեց՝ իշխանությունների պահվածքը շատ տրամաբանական է, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի երեկվա անադեկվատ պահվածքը։ «Այս գործընթացները նայեք և հիշեք՝ երեկ Ազգային ժողովում ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը։ Նրա նյարդային ջղաձգումները քաղաքական պրոցեսներում նման դրսևորումներ են ստանում. աջուձախ ասֆալտներին են փռում, պոլերին են ծփում։ Սա իշխանության տեսանկյունից»,- նշեց նա։
Բենիամին Մաթևոսյանը հավելեց, որ եթե Փաշինյանին Գյումրիում մերժեն, դրանից հետո ամբողջ Հայաստանում նրան մերժելը դառնում է տեխնիկական խնդիր, իսկ կառավարության ղեկավարը շատ լավ հասկանում է այս ընտրությունների ներքաղաքական և աշխարհաքաղաքական արժեքը։
Դավիթ Գույումջյան