Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:33 06-06-2021

Ոչ մեկը թող շոյված չզգա, որ իրեն են ընտրում, քանի որ իրականում իր դեմ կանգնածին մերժելու համար են իրեն ընտրում, սա է իրականությունը. Կարին Տոնոյան

Oրագիր.news-ի զրուցակիցն է «5165» ազգային շարժման հիմնադիր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» ՀԿ-ի տնօրեն Կարին Տոնոյանը:

-Տիկի՛ն Տոնոյան, ո՞րն է ձեր շարժման հիմնական գաղափարախոսությունը:

-Նախ հարկ եմ համարում նշել, որ ես կուսակցական չեմ, երբեք չեմ էլ եղել, և թիմակիցներս ընդունել են այն պայմանը, որ մենք երբեք ոչ մի կուսակցության մաս չենք դառնալու: Մեր առաջնային թեզն է «Հանուն հայի և Հայաստանի»: Մեր ազգային ինքնատիպությունը պահպանող արժեհամակարգի վրա պետք է ստեղծենք ժամանակակից հզոր պետություն և դրա համար ունենք մտավոր հզոր ներուժ, որը Հայաստանից միշտ արտահանվել է: Իշխանության գալով՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ անգամ դրսում ապրող մեր հայրենակիցները գան ու մասնակիցը լինեն մեր պետության կայացմանը: Այսօր աշխարհում մտքի ու նորարարության ճգնաժամ կա: Մինչ օրս բացարձակապես ոչինչ չի արվել մտավոր ներուժը երկրի ներսում պահելու և այն երկրի բարօրրությանը ծայայեցնելու ուղղությամբ: Ուստի մեր շարժման գերխնդիրը կրթության վերակազմավորումն է լինելու: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ կրթությունը ոչ միայն իր սեփական անձի նպատակներին, այլ նախևառաջ հայրենիքին ծառայեցնելու համար է: Մեր կրթական համակարգում բացակայում է այդ գաղափարախոսությունը: Հիմնականում այնպիսի թյուր մտածելակերպ կա, որ դպրոցը բուհ ընդունվելու համար է, բուհն էլ՝ դիպլոմի, դե դիպլոմն էլ մի տեղ խցկվելու ու հացի խնդիր լուծելու համար է: Այս կործանիչ համակարգը, որ կառուցվել է 30 տարվա ընթացքում, պետք է հիմնահատակ քանդել, և ներդնել նոր համակարգ, որը թույլ կտա դեռևս նախադպրոցական տարիքից երեխային հայ դաստիարակել: Իմ երկար տարիների մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ երեխայի անձի տեսակը ձևավորվում է դեռևս մանկապարտեզում և ավարտվում է տարրական դպրոցում: Պետք է հենց այդ տարիքից երեխայի մեջ ձևավորել ոչ միայն պարզապես մարդ լինելու, այլև հայ դառնալու գերագույն նպատակը: Ի վերջո, մարդն իրավունքներից զատ, ունի նաև պարտականություններ և նախևառաջ հայրենիքի հանդեպ: Եթե ես ոչինչ չեմ տալիս, ապա ո՞ր իրավունքով եմ պահանջում: Մեր կրթական համակարգը պետք է հստակ գիտակցի՝ ինչպիսի երիտասարդ է նա ուզում կերտել: Կրթական համակարգը պատասխանատու է նաև նրա համար, թե ինչպիսի զինվոր է ունենալու բանակում, ինչ միջանձնային հարաբերություններ են ստեղծվելու բանակում: Իսկ բանակը մեր պետության հիմնաքարն է: Չկա հզոր բանակ, չկա պետություն: Կրթությունը նույնպես արտադրություն է, իսկ պետությունն այս պարագայում պատվիրատու պետք է լինի՝ հստակ չափորոշիչներով: Այսօր այն, որ երևանցին չի պատկերացնում, որ Սյունիքը մեր տան դուռն է և ասում է՝ դե լավ, մի գյուղ էր տվեցին, 30 տարվա ապազգային ու հակակրթական դաստիարակության արդյունքն է:

-Ովքե՞ր են շարժման անդամները և ի՞նչ սզբունքով են ընդգրկվել միության կազմում:

Դեռևս դեկտեմբերից, երբ բոլորս աննկարագրելի ու անասելի ցավի մեջ էինք, գրեթե բոլոր քաղաքական ուժերից զանգներ էի ստանում. առաջարկում էին միանալ իրենց: Գուցե ճակատագրի բերումով, բայց ստեղծվեց մի իրավիճակ, երբ ես հասկացա, որ շատերի համար իր զավակներին հայրենիքին տված մայրերի խորհրդանիշ եմ դարձել, և հասարակությունն ինձ ինչ-որ քայլերի է դրդում: Հասկացա, որ որդուս և մնացած զավակների գործը պետք է շարունակեմ: Կյանքն ինձ տալիս է պայքարի նոր հնարավորություն ու նոր նպատակներ: Սկսեցի հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հետո «Հայ ասպետի» փորձագետների հետ, ովքեր հիմնականում համալսարանականներ են, սկսեցինք նախաձեռնություններ մտածել այս անելանելի վիճակից դուրս գալու համար: Չգիտեինք՝ ինչից սկսել, բայց հասկանում էինք, որ անմասն մնալ չէինք կարող: Արդյունքում ձևավորվեց «Ի գործ» նախաձեռնությունը: Դեռ չէինք պատկերացնում, որ մենք ինքներս ենք քաղաքական ուժ ենք դառնալու, իրականում ոլորտային ծրագրեր էինք մտածում, որպեսզի օգնենք այն քաղաքական ուժին, ով իշխանության գլուխ էր գալու: Վստահ էինք, որ կապիտուլացիա կնքած իշխանությունը հեռանալու է: Սկսեցինք հանդիպել տարբեր ուժերի հետ, սակայն հանդիպումներն արդյունք չտվեցին: Հետո ձևավորվեց «5165» շարժումը, որում ներառված են տասնյակ նախաձեռնություններ: Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներից բազմաթիվ նամակներ ստացա, որտեղ ինձ ոտքի կանգնելու կոչ էին անում և օգնություն առաջարկում՝ մտավոր և ֆինանսական: Ես հասկանում էի, որ մեզ մեծ ֆինանսներ են պետք լինելու, ուստի մենք համախմբեցինք այդ մարդկանց: Մեր ամենամեծ հաջողությունն եմ համարում նաև այն, որ մեզ օգնության ձեռք մեկնած մեր հայորդիներից շատերն արդեն ընտանիքով տեղափոխվում են Հայաստան: Եթե մենք ուզում ենք միավորել արհեստավարժ ուժերի, պետք է մի կողմ դնենք «նախկին», «ներկա», «սև», «սպիտակ» պիտակավորումները: Եթե մարդիկ իսկապես արհեստվարժ մասնագետներ են ու պետությանն ապացուցելի վնաս չեն տվել, ի վնաս մեր հայրենիքի չեն գործել, նրանք կարող են իրենց լուման ներդնել այս կարևոր գործում: Ճգնաժամը շատ խորն է, պահը՝ օրհասական: Հայաստանում ի վերջո մի ուժ պետք է առաջ գա, որը չի ծառայում որևէ մեկին, ուժ, որն անկախ է և մաքուր: Բոլոր թիմերում էլ պրոֆեսիոնալներ կան, բայց նրանք բազմաթիվ թելերով կապված են ինչ-որ ուժերի հետ: 30 տարի այս դաշտն ամայացվել է, մաքուր պրոֆեսիոնալներ գրեթե չկան: Երիտասարդներ ունենք, ովքեր քաղաքական առևտրի մեջ չեն մտել ու հիմա նրանք ճանապարհ ունեն անցնելու:

-Առաջիկա արտահերթ ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի հաղթանակն եք հավանական համարում:

- Որևէ քաղաքական ուժի հաղթանակ չեմ ուզում կանախատեսել, մենք մեր հաղթանակի համար ենք գնում: Հավատում եմ մեր ժողովրդի ենթագիտակցությանը, վերջին պահին սրտով զգալու է՝ ում պետք է ընտրի: Այս անգամ քաղաքացին միայն իրեն համար չի ընտրում, ընտրությունը Հայաստանի համար է: Շուտով ժողովուրդը հստակ կտեսնի՝ ով ով է: Մեզ տարբեր ուժերի հետ են կապում, բայց նրանք ռեալ ու շատ հստակ հասկանում են, որ առաջ է եկել մաքուր մի ուժ, որը վտանգ է ներկայացնում իրենց համար: Այո՛, իրենք փող ունեն ու փորձ, բայց չունեն ամենակարևոր հատկանիշները՝ մաքրություն, արդարություն ու ազնվություն: Մեր ունեցածի արժեքը շատ լավ ենք հասկանում ու դողում ենք դրա վրա: Երբ իշխանության գանք, մաքուր պրոֆեսոնալները պետք է կառուցեն Հայաստանը: Հատուկ հայրենադարձության ծրագիր ունենք, որի միջոցով մարդիկ պետք է գան ու մասնակցեն այս գործընթացին: Մեզ հաճախ ասում են, որ քաղաքական փորձ չունենք, այո՛, փառք աստծո, որ չունենք: Բոլոր քաղաքական փորձ ունեցողներն ինչ-որ բանից կախվածություն ունեն: Իսկ ո՞վ ասած, որ քաղաքականությունը պետք է կեղտոտ լինի, նրանք են այդպես սարքել քաղաքականությունը, մենք մաքուր ենք մտնելու այս դաշտ: Դա է մեր առավելությունը: Ով ճանաչված է, արդեն իսկ մերժելի է հանրության կողմից: Ոչ մեկը թող շոյված չզգա, որ իրեն են ընտրում, քանի որ իրականում իր դեմ կանգնածին մերժելու համար են իրեն ընտրում, սա է իրականությունը: Այս ընտրությունները նման չեն նախորդ ընտրություններին: Մենք չենք ընտրում հաջորդ 5 տարվա կառավարման համակարգը, մենք ընտրում ենք մեր լինել-չլինելու հարցը: Այս ընտրություններին ով չգնաց իր ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին՝ գործող իշխանությանը, պետք է գնալ ու ընտրել՝ առաջնորդվելով սեփական գաղափարներով ու խղճով: Մենք չենք ասում՝ եկել ենք փրկենք բոլորին, բայց մենք ունենք պայքարելու իրավունք ու օգտվում ենք դրանից: Ուստի մենք չենք ընդունում ոչ մի ուժի, մեզ համար չկա ներկա կամ նախկին, բոլորն էլ նախկին են: Վերադարձ դեպի անցյալ չպետք է լինի, Հայաստանը պիտի առաջ քայլի: Օրակարգ են ստեղծել, թե քաղաքական երկու բևեռ կա, ո՞վ ասաց, որ այդպես է: Հարցումները ցույց են տալիս, որ 40-48 տոկոսից ավելի մարդիկ չեն ընդունում ո՛չ ներկաներին, ո՛չ նախկիններին: 30 տարի շարունակ պետությունն ընտանիքն մեջքով է կանգնած եղել, միայն հարկ ու զինվոր է ուզել: Արդյունքում ընտանիքը փակվել է և, եթե փոքր-ինչ հնարավորություն է ունեցել, գողացել է արդեն իսկ խորթացած պետությունից: Չկարողացան պետությունը ընտանիք դարձնել, չէ՞ որ պետության կորիզն ընտանիքն է: Այդպես էլ չկարողացանք ամբողջ Հայաստանը՝ Արցախով հանդերձ, մեր տունը համարել: Չսովորեցինք Արցախին տիրոջ աչքով նայել: Ուղղակի մեր հողը մեզնից խռովվեց ու գնաց, ինչպես խորթ երեխան: Մենք միասնական օրգան այդպես էլ չդարձանք: Հոգևոր կրթություն չունենք, սա է պատճառը: Ամեն անգամ աղոթելիս ասում եմ, Աստվա՛ծ, եթե մեկն ավելի լավ կկարողանա մեզ այս վիճակից հանել, նրան տուր հաջողությունը: Յուրաքանչյուր նորմալ հայ պետք է նույն զգացողությունն ունենա, հակառակ կարծիք չպետք է լինի, քանի որ մենք երկրորդ հայրենիք էլ չենք ունենալու: Մենք սխալվելու իրավունք չունենք, չափազանց կարևոր բան է դրված զոհասեղանին:

-Ի՞նչ գնահատական կտաք գործող իշխանության գործելաոճին:

-Ներկայիս իշխանությունը գործելաոճ չունի, նրանց հստակ ծրագիր է տրված, որով էլ առաջ են գնում: Երբ ինձ ասում են, թե իշխող կուսաակցությունը և հիմնականում վարչապետը չի հասկանում՝ ինչ է անում, ես հակադարձում եմ՝ ո՞վ չի հասկանում, նա շատ լավ գիտի՝ ինչ է անում: Մեզ շատ փաստեր էին հուշում, որ այս օրը գալու է, բայց մենք չէինք կարող պատկերացնել, որ այսքան կազմակերպված ու դավադիր կգործեն: Մեր մեղքն էր, որ լուրջ չվերաբերվեցինք մեր տուն մտած այս դավադիրներին, ոչինչ չարենցինք ու չհամախմբվեցինք: Գիտեք, հաճախ եմ Մենուայիս հետ զրուցում: Ես ինձ մեղավոր եմ զգում, որ նա գերադասեց հայրենինքն ամեն ինչից. ես եմ նրան այդ դաստիարակությունը տվել: Բայց, երբ մայրական զգացմունքներն ու ցավը մի կողմ եմ դնում, մխիթարվում եմ, որ նա այդ վեհ գաղափարի համար զոհվեց: Նա, ինչպես և մյուս բոլոր մեր տղաները, ընտրյալներ են, և մենք պետք է պատվով շարունակենք նրանց գործը: Ես պետք է բարձրացնեմ որդուս գցած դրոշը, սա է իմ նպատակը: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր տղաներից իրենց հաղթանակը պարզապես գողացան:

-Դուք միակ կին լիդերն եք քաղաքական դաշտում, դժվարություններ չե՞ն լինում:

-Իհարկե, լինում են: Շատ հաճախ եմ նեղվել, քանի որ մեր տղամարդկանց մեծամասնությունն իրեն կնոջ ներկայությամբ պահել չգիտի, հաճախ վիճում են, չեն հասկանում, որ իրենց կողքին կին է, մայր, այն էլ վիրավոր: Տղամարդկային ամբիցիաները թույլ չեն տալիս հավաքական ուժ դառնալ: Շատ դեպքերում նույն կարծիքն ու նպատակը ունենալով՝ լեզու չեն գտնում միմյանց հետ: 3-4 ամիս դժվար ճանապարհ եմ անցել՝ փորձելով նրանց միջև կապ ստեղծել, մեկ սեղանի շուրջ նստեցնել, բայց ապարդյուն, յուրաքանչյուրն իրենն էր առաջ տանում՝ ապացուցելով, որ դա է ամենակարևորն ու միակ ճշմարտությունը: Ես այդ օրերին հասկացա, որ մեր դժբախտության մի մասն էլ այն է, որ տղամարդիկ չեն կարողանում իրենց ամբիցիաները զոհել հայրենիքի շահին: Սակայն, ներկա դրությամբ իմ շուրջը հավաքված են տղամարդիկ, ովքեր (առաջին անգամ եմ հանրայնացնում սա), բառիս բուն իմաստով դողում են իմ հոգեկան վիճակի ու ընդհանրապես առողջության վրա, նույնիսկ իմ՝ կուշտ ու սոված լինելու մասին են մտածում: Երբ կա հոգատարություն, կա փոխադարձ պարտավորվածություն: Իրականում տղամարդիկ վիճում են ցանկացած փոքր բանի շուրջ, բայց միշտ զգաստանում են իմ ներկայությունից, իսկ ես ավելի պարտավորված եմ ինձ զգում: Այստեղ մեծ նշանակություն ունի կրթությունը: Մեր թիմում ներառված յուրաքանչյուր անձ լուրջ կրթություն ստացած մարդիկ են, ուստի, եթե նույնիսկ հուզական պահին պոռթկում են ունենում, միացյալ ուժերով անմիջապես հարթում ենք դա: Մենք շատ բարձր ցուցանիշ ենք վերցնել ու պետք է պահենք այդ նշաձողը: Հայաստանում դա կենսակերպ պետք է դառնա, Հայաստանը պետք է մաքրվի: Այսօր մեր երկիրը վերածվել է ատելության մարտադաշտի, հիմա էլ շարունակվում են փոխադարձ ատելությունը և կեղտոտ վիրավորանքները, իսկ մենք պետք է օրինակ լինենք բոլորի համար: Ընդհանրապես, եկող իշխանությունը միանգամայն նոր տեղից պետք է սկսի: Մեր ազգն ունի բոլոր նախադրյալները՝ հարգանք, հոգատարությունը, փոխադարձ ընկալում, քաղաքակիրթ ազգ դառնալու համար: Ի՞նչ եղավ մեզ, իհարկե հասկանալի է՝ ինչպիսին է տան ղեկն իր ձեռքը վերցրածը, այնպիսին էլ ընտանիքի մյուս անդամներն են: Ուստի, այս ընտրությունը միայն վարչապետի ու խորհրդարանական ուժի ընտրություն չէ, այն Հայաստանի ապագայի, կեսնակերպի, հոգևոր դաշտի, Հայաստանի հանդեպ վերաբերմունքի և ինքնագնահատականի ընտրություն է: Առաջիկա 5 տարին որոշիչ է լինելու. կամ կլինենք, կամ ոչ:

Ամենից շատ դիտված