Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 22-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր կառավարման 7 տարիների Հայաստանը ոչինչ չի զիջել և ավելի անկախ ու ինքնիշխան է դարձել։ Այս մասին նա ասել է երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։ «Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր, այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը»։ Անդրադառնալով Արցախի հանձնամանը՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պնդել է, թե, իբր միջազգային հանրությունը ողջ ընթացքում Արցախը փաստաթղթավորված ձևով ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
Ցանկացած օբյեկտիվ չափանիշով Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Վեց տարիների ընթացքում, ինչ նա իշխանության է եկել, նրա դիպչած յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական հարց վերածվել է մոխրի։ Մի ժամանակ կենսունակ և դիմացկուն պետությունը՝ Հայաստանը, այժմ կանգնած է ամայացած վիճակում՝ կորցրած Լեռնային Ղարաբաղը, օկուպացված տարածքներ, թուլացած պաշտպանություն, քայքայված դաշնակցային կապեր և հիասթափված ժողովուրդ։ Սակայն սա պարզապես Ադրբեջանի ագրեսիայի հետևանք չէ։ Այս իրավիճակը ուղղակի արդյունք է աննախադեպ վատ ղեկավարության և բանակցային հիմնարար սկզբունքների սիստեմատիկ խախտման»,- նկատել է նախկին արտգործնախարարը։ Ըստ նրա՝ Փաշինյանի բանակցային ձախողումները վերացական չեն. դրանք խորապես շոշափելի են և բերել են աղետալի իրական արդյունքների։
Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում նաև նշել է, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կհանրանացվի միայն այս ստորագրելուց հետո։ «Ինչո՞ւ չենք հրապարակում փաստաթուղթը: Քանի որ այն ունի երկու տեր: Մեկը ՀՀ կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանը։ Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի: Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են»,-ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Հաջորդիվ՝ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Կառավարության ղեկավարը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.