Առողջության համապարփակ ապահովագրությո՞ւն, թե՞ լրացուցիչ հարկ. նախագծի խութերը
copy image url

Առողջության համապարփակ ապահովագրությո՞ւն, թե՞ լրացուցիչ հարկ. նախագծի խութերը

Ներքին 1 շաբաթ առաջ - 12:19 16-03-2025
«Առողջության համապարփակ ապահովագրության մասին ՀՀ օրենքի» նախագիծը, որը դեռ վերջերս շրջանառվում էր e-draft հարթակում, առաջին հայացքից շատ սպասված ու անհրաժեշտ նախագիծ է, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է ունենալ առողջության համապարփակ ապահովագրություն, որը պիտի ազատի քաղաքացիներին առողջության հետ կապված ֆինանսական ահռելի բեռից։

Սակայն նախագիծը խմբագրումներից հետո էլ դեռեւս պարունակում է խնդրահարույց դրույթներ, որոնց մի մասին անդրադառնամ ստորեւ։ Աշխատողները կվճարեն տարեկան 120.000-164.400 դրամ առողջության ապահովագրության համար, որը յուրաքանչյուր տարի կվերանայվի՝ հաշվի առնելով նաեւ սպառողական գների ինդեքսի կանխատեսվող փոփոխությունները, ինչը, սակայն, երբեք չի արվում նվազագույն աշխատավարձ սահմանելիս։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմել է 23.7%: Աղքատների շրջանում կան նաեւ աշխատող աղքատներ, ովքեր, անգամ աշխատանք ունենալով, չեն կարողանում ապահովել իրենց եւ իրենց ընտանիքի անդամների նվազագույն պահանջմունքները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձ սահմանելիս հաշվի չեն առնվում աշխատողի եւ նրա ընտանիքի պահանջմունքները:

Ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ բարձրացվում են հանրային տրանսպորտի, աղբահանության գները եւ գույքահարկը, առողջության ապահովագրության վճարը լրացուցիչ բեռ է դառնալու աշխատողների համար, ինչը բացասական ազդեցություն կունենա նրանց եկամուտների վրա, հատկապես, այն աշխատողների, ովքեր արդեն նվազագույն եկամուտներով փորձում են դիմագրավել թանկացումներին, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջից, այն է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Որպես սոցիալական եւ իրավական պետության հիմնական բաղադրիչ՝ պետք է առանձնացնել մարդկանց սոցիալական պաշտպանվածության եւ բարեկեցության համար օրենսդրական երաշխիքների ապահովումը: Խնդրահարույց է, որ նախագծի համաձայն՝ առողջապահական ապահովագրության պարտադիր վճարի բեռը դրված է հիմնականում աշխատողի վրա։

Նախագծով առողջության համապարփակ ապահովագրության ենթակա են՝ ի թիվս այլոց, «վարձու աշխատողները» (ՀՀ աշխատանքային օրենսգրքում «վարձու աշխատող» եզրույթ չկա)։ Ապահովագրավճարների ամսական հաշվարկման բազա է համարվում գործատուների կողմից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված աշխատավարձը, իսկ տարեկան հաշվարկման բազա է համարվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտը, հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացվող աշխատավարձը, վարձակալական վճարը, շահաբաժինը, ռոյալթին, տոկոսը։

Հանուն արդարության նշեմ, որ աշխատողները կվճարեն՝ 1) ապահովագրավճարի 40%-ը, եթե սահմանված ապահովագրավճարի հաշվարկման բազան փոքր է կամ հավասար է նվազագույն աշխատավարձի կրկնապատիկին (մինչեւ 150.000 դրամ աշխատավարձ ստանալու դեպքում), 2) ապահովագրավճարի 60%-ը, եթե սահմանված ապահովագրավճարի հաշվարկման բազան փոքր է կամ հավասար նվազագույն ամսական աշխատավարձի քառապատիկին, սակայն մեծ է նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից (150.000 դրամից ավելին, բայց 300.000 դրամից պակաս աշխատավարձ ստանալու դեպքում), 3) ապահովագրավճարի հարյուր տոկոսը, եթե սահմանված ապահովագրավճարի հաշվարկման բազան մեծ է նվազագույն աշխատավարձի քառապատիկից (300.000 դրամից ավելի աշխատավարձ ստանալու դեպքում)։

Այսինքն՝ յուրաքանչյուր աշխատող ամսական դեռեւս վճարելու է 4.000-13.700 ՀՀ դրամ։ Գործատուները չեն կրելու որեւէ պարտավորություն բաշխելու նշված գումարը կամ համապատասխանաբար վերանայելու աշխատավարձերը։ Մինչդեռ, աշխատանքի վայրում աշխատողները ենթարկվում են տարբեր ռիսկերի, որոնք կարող են ազդել նրանց առողջության վրա։ Եվրոպական մի շարք երկրներում` Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում աշխատողների առողջության ապահովագրության համար պարտադիր վճարումներ կատարվում է նաեւ գործատուների կողմից։

Գործատուների մասնակցությունն այս համակարգում կնպաստի աշխատողների ֆինանսական ծանրաբեռնվածության նվազմանը եւ սոցիալական արդարության ապահովմանը։ Համակարգի առողջ ու տրամաբանական ներդրմանը զուգահեռ գործընթացը պետք է ուղեկցվի համակարգային բարեփոխումներով՝ աշխատավարձի ինդեքսավորման մասին օրենքի, գործատուների, պետության եւ աշխատողների կողմից մասնակցության բեռի համարժեք եւ արդար բաշխմամբ։ Այլապես այն լրացուցիչ հարկ է աշխատողների համար։

Էլեն ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

Նյութի աղբյուրը՝ aravot.am:

Ամենից շատ դիտված

22:18 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հայրը կարողացել է ճիշտ ժամանակին հայտնաբերել որդուն. նրա կյանքը հաջողվել է փրկել. shamshyan.com
20:49 Արտառոց դեպք. 31-ամյա տղամարդը տեսազանգով մի աղջկա ցուցադրել է իր սեռական օրգանները․ աղջիկը պահանջել է գումար՝ տեսանյութը չտարածելու համար. shamshyan.com
08:01 «Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ Ժողովուրդ
11:20 «Հայաթ» - «բակ» բառը թյուրքական ծագում չունի
16:15 Վարդան Ղուկասյա՞նը կհաղթի, թե՞ «մեր Սարիկ»-ը․ կորոշի Մարտուն Գրիգորյանը
13:51 Փաշինյանի փոխարեն Ալեն Սիմոնյանն այսօր կլինի «մեր Սարիկի» կողքին
12:17 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ հնչած կրակոցների հետևանքով վիրավոր կա․ shamshyan.com
15:21 Արծվաբերդ բնակավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել բեռնատարում. shamshyan.com
16:40 Գումարով բանակից ազատվելը ՔՊ-ական իշխանությունն է օրինականացրել․ իրավապաշտպանի պատասխանը Սարիկ Մինասյանին
07:37 Քաղաքապետ դառնալու ամենամեծ շանսը Վարդան Ղուկասյանինն է․ Ժողովուրդ