Վերջին օրերին Բաքվից սարսափելի լուսանկարներ ստացվեցին, որոնից ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ պատանդները ենթարկվում են նաև ֆիզիկական բռնության և խոշտանգումների։ Այս լուսանկարները ցնցեցին հանրության լայն շերտերին, ովքեր մի կողմ դնելով Բաքվում պատանդառված գործիչների նկատմամբ իրենց անձնական վերաբերմունքը, վերջին օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում՝ միջազգային հանրության ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրելու և այս անձնանց հայրենադարձմանը նպաստելու համար։
Բաքվում գտնվող հայ պատանդներից ծանր է հատկապես Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի վիճակը, ով երկու շաբաթ շարունակ հացադուլ է իրականացնում, որի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, բացի այդ, նախկին պետանախարարի դեմքին հայտնվել են խոշտանգումների հետքեր։ Հենց այս իրողությամբ պայմանավորված Երևանում բողոքի ակցիներ իրականացնող անձինք, ովքեր պայքարում բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակման համար, ուշադրություն են հրավիրում հատկապես Վարդանյանի իրավիճակին, ընդգծում հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։
Մինչ քաղաքացիներն իրենց անձնական վերաբերմունքն ու քաղաքական հայացքները մի կողմ են դրել և կողք կողքի կանգնած պայքարում են հայ պատանդների իրավունքների պաշտպանության և հայրենադարձման համար, որոշակի շրջանակներ չեն խորշում քաղաքացիների ազնիվ մղումները շահարկելուց և պրոադրբեջանական քարոզչություն իրականացնելուց։ Այդ շրջանակների ներկայացուցիչ է Ստամբուլում բնակվող, շարունակաբար թրքասիրության և ադրբեջանասիրության քարոզ իրականացնող հայազգի Նատալի Ալեքսանյանը, ով նախորդ տարի Հայաստանում փորձել էր թուրքամետ կուսակցություն բացել, սակայն այդ փորձը հաջողությամբ վիժեցվել էր։
Երևանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս պատանդների իրականացվող ակցիաները խստորեն անհանգստացրել են վերջինիս, ու նա իր պարտքն է համարել ուղիղ եթեր մտել և բարոյականության դասեր տալ Վարդանյանի իրավունքների համար պայքարող քաղաքացիներին՝ չմոռանալով նաև չքմեղացնել Ադրբեջանի իշխանություններին՝ ի դեմս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին։ Մասնավորապես՝ հայազգի բլոգեր ներկայացող Նատալի Ալեքսանյանը պնդում է, որ Ռուբեն Վարդանյանի դեմքի վրա նկատվող հետքերը ոչ թե բռնության հետքեր են, այլ հացադուլի հետևանք՝ հիշեցնելով, որ նախկին պետնախարարը արդեն 2 շաբաթ հացադուլի մեջ է։ Վերջինս նաև համոզմունք է հայտնում, որ Ռուբեն Վարդանյանը «վտանգ է ներկայացնում» ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար՝ ջանալով ամեն կերպ լեգիտիմացնել այն ֆարսը, որն այսօր իրականացվում է Բաքվում։
Մյուս կողմից՝ Ալեքսանյանը քաղաքացիներին հորդորում է պահանջներ ներկայացնել ոչ թե Ադրբեջանի իշխանություններին, այլ Կարմիր Խաչի միջազգային գրասենյակի ներկայացուցիչներին, ովքեր պարբերաբար այցելում են Բաքվում պատանդառված հայ գործիչներին։ Բացի այդ, նա Ռուբեն Վարդանյանի կյանքի և առողջության համար մեղադրող անձնանց մեղադրում է «փողի համար պայքարելու մեջ»՝ ակնհայտորեն փաստելով, որ իր ելույթների և գործողությունների հիմքում ընկած է հենց ֆինանսական գործոնը։
Նշենք նաև՝ Ստամբուլում բնակվող հայազգի այս բլոգերը Հայաստանի գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցն է, վերջինս իր հրապարակային խոսքում շարունակաբար աջակցություն է հայտնել Փաշինյանին, դաժանաբար քննադատել նրա ընդդիմախոսներին։ Օրինակ՝ նախորդ տարի նա իր ուղիղ եթերներից մեկում, որտեղ հերթական անգամ պաշտպանում էր գործող իշխանություններին, վերջիններիս կոչ էր արել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին արտահանձնել Բաքու՝ համոզմունք հայտնելով, որ այդ քայլը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Այսպիսով՝ հանրային ընկալումներում թրքասիրության և ադրբեջանասիրության ջատագովի համբավ ունեցող Նատալի Ալեքսանյանը փաստացի ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանում խոշտանգումների չի ենթարկվում, իսկ նրա դեմքի վրա կապտուկներ են հայնտվել, որովհետև նա հացադուլ է իրականացնում։ Այլ կերպ ասած՝ վերջինիս խոսքերից ստացվում է, որ ոչ թե Ադրբեջանի հանցավոր ռեժիմն է հայ պատանդներին խոշտանգումների ենթարկում, այլ հենց վերջիններս իրենց առողջությանը չեն հետևում, միտումնավոր կերպով վատթարացնում են այն, որպեսզի հետագայում պատասխանատվություն բարդեն Ադրբեջանին «խաղաղասեր» իշխանությունների վրա։
Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն տարանջատվեն իրենց աջակիցներից ու նրանց հայտարարությունների պատասխանատվությունից, ակնհայտ է, այս անձինք բարձրաձայնում են իշխանությունների շրջանում տիրող իրական տրամադրությունները, որոնք պաշտոնյաները փորձում են այս կամ այն կերպ քողարկել։ Ասվածի վկայությունը ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի վերջին երեկվա հայտարարությունն էր, որով նա Վարդանյանի խոշտանգումների համար փաստացի մեղադրեց վերջինիս որդուն՝ Դավիթ Վարդանյանին՝ նշելով, որ նա խոշտանգումների ենթարկվեց, երբ Դավիթը կոչով դիմեց աշխարհին։
Կարճ ասած՝ իշխանության նոսրացող աջակիցների մի հատվածն անթաքույց հրճվանք է ապրում այն տառապանքներից ու խոշտանգումներից, որոնց ենթարկվում են Բաքվում գտնվող հայ պատանդները։ Վերջիններս այդ հրճվանքը ոչ միայն չեն զսպում, այլև արտահայտում են սոցցանցերում, ինչը հատում է բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և կարմիր գծերը։ Այս իրողությունը միևնույն ժամանակ ի ցույց է դնում իշխանական քարոզչության ողջ թշվառությունը, քանի որ այս անձինք, այդ թվում Նատալի Ալեքսանյանը, այդ քարոզչությունը կրողներն ու տարածողներն են։
Դավիթ Գույումջյան