Արցախի ղեկավարների դատավարությունը կարող է հանգեցնել Ադրբեջանի կործանմանը։ Վերջին օրերին այս վարկածն է քննարկվում հանրության որոշ շրջանակներում։ Ի՞նչ հիմքեր կան այսպիսի ենթադրություն անելու համար։
Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները գրավում են ավելի շատ մարդկանց ուշադրությունն աշխարհում։ Դրան նպաստում են Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը, ՀՀ ԱԳ նախարարի, փոխնախարարի ելույթները բարձր ամբիոններից։ Գրեթե բոլորն աշխարհում Բաքվում դատվողներին վերաբերվում են որպես պատանդների։ Ավելի շատ է խոսվում նրանց նկատմամբ կիրառվող խոշտանգումների մասին։ Մարտի 2-ին տարածվեց լուսանկար, որտեղ երևում է, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ատամները կոտրված են։ Ավելի վաղ էլ Ռուբեն Վարդանյանի դեմքին էին երևում խոտանգումների հետքեր։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, ՀՀ ՄԻՊ-ը, մյուս իրավապաշտպանները, ՀՀ պաշտոնյաները միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրությունն են հրավիրում Բաքվի կեղծ դատավարության ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստերին։ Այսպիսով՝ աշխարհի ուշադրությունն անուղղակի սևեռվում է Արցախի խնդրի վրա։
Միջազգային ուշադրությանը զուգահեռ ակտիվանում է նաև ժողովուրդը ՀՀ-ում։ Մարդիկ չեն կարող անտարբեր հետևել Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը, թե ինչպես են խոշտանգում Ռուբեն Վարդանյանին, կոտրում Բակո Սահակյանի ատամները։ Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի՝ Երևանի Ազատության հրապարակում հացադուլ են անում հայտնի քաղաքական գործիչ Մանե Թանդիլյանը և «Ապերլու երկիր» կուսակցության 2 անդամներ։ Հարյուրավոր քաղաքացիներ Կարմիր խաչի, ՄԱԿ-ի, դեսպանատների շենքերի մոտ ցույցեր են կազմակերպում։ Քաղաքական համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները հայտարարություններով պահանջում են ՀՀ իշխանություններից, միջազգային կառույցներից գործուն ջանքեր գործադրել հայ պատանդներին ազատ արձակելու համար։
Այս ամենի արդյունքում կրկին քաղաքական խոսույթ է վերադառնալու Արցախն ազատագրելու, Հայաստանին միավորելու թեման։ Սակայն Արցախի քաղաքական ղեկավարները, ռազմական գործիչները այս անգամ, ենթադրաբար, ավելի հեռուն են գնալու։ Եթե 1994-ին նրանք կանգնեցրին գրոհը Ելցինի խնդրանքով, ապա այս անգամ նրանք ավելի հաստատակամ են լինելու, իսկ Մոկսվայի ազդեցությունն այնքան է նվազելու, որ հայերին կանգնեցնող չի լինելու։ Եվ Ադրբեջանը ստիպված ճանաչելու է Արցախի ազատության իրավունքը։ Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման տակ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնելու, էապես փոխելով պետության որակը։ Եվ այսօրվա Ադրբեջանի տեղում նոր տարածքով, նոր սահմանարդությամբ նոր պետություն է ձևավորվելու։
Այս ամենը տեղի կունենա Բաքվի մեղքով, նրա անհեռատեսության պատճառով։ Մեղքի բաժին ունեն նաև նրանք, որոնք Ալիևին դրդում կամ խորհուրդ են տալիս ավելի երկար պահել պատանդներին, նրանց հրապարակավ դատել, խախտելով մարդու իրավունքները, վերագրելով կեղծ մեղադրանքներ։ Դրան, բնականաբար՝ հակազդում են պատանդները։ Ռուբեն Վարդանյանի հացադուլը, խոշտանգված դեմքը, Բակո Սահակյանի կոտրված ատամները, մեր մյուս հայրենակիցների անկոտրում կամքը բոլորի մոտ տպավորություն են թողնում, որ Արցախի ազատության համար հերոսական պայքարը շարունակվում է։ Ու քանի դեռ այն շարունակվում է, հույս կա, որ մի օր հաղթանակով կպսակվի։
Պարզ ասած՝ Ադրբեջանը իր կործանման սպառնալիքը չեզոքացնելու բացառիկ շանս ունի այսօր, ազատ արձակելով ապօրինաբար ձերբակալված ու կեղծ մեղադրանքներով դատվող Արցախի ղեկավարներին, ինչպես նաև մյուս պատանդներին։ Իսկ այն, ինչ կատարվում է այսօր Բաքվի դատարանում, ուղղակի հանգեցնելու է Արցախի ազատության պայքարի նորոգմանը, որի արդյունքում ազատագրվելու է Արցախն ու ճանաչվելու աշխարհի կողմից։ Այսինքն՝ այսօրվա սահմաններով Ադրբեջանը փաստացի դադարելու է գոյություն ունենալ։
Թաթուլ Մկրտչյան