«20-30-70»-ը իշխանափոխության ռեալ շանս է
copy image url

«20-30-70»-ը իշխանափոխության ռեալ շանս է

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 28-02-2025
Գաղափարները հանրայնացնելու ամենահին ու տարածված մեթոդը հանրային ուղիղ քննարկումներն են։ Փաշինյանի Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։ Քննադատությունների մի մասը բացասական է։ Այս պատկերը փոխելու համար Փաշինյանը փետրվարի 27-ին հանդես է եկել նախաձեռությամբ՝ հետաքրքրված քաղաքացիներին 20-30 հոգանոց խմբերով հրավիրում է Կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։ Իսկ 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում խոստանում է այցելել նրանց բնակավայր՝ նախագիծը քննարկելու։ Նախաձեռնությունը հանրային խոսությում արդեն ստացել է «20-30-70» անվանումը։ Այս թվերը, ենթադրաբար, խորհրդանշական են։ 2009-ին Տեր-Պետրոսյանը անկախության ջատագովներին որակեց «20-30 ջղաձգվողներ»։ Իսկ 70-ը խորհրդային բռնազավթման տարիներն են։

Ի՞նչ արձագանք կունենա Փաշինյանի այս նախաձեռնությունը, և ո՞վ դրանից կօգտվի։

Իհարկե՝ 20-30 հոգանոց անկապ խմբերով ազգային գաղափարախոսություն քննարկելը լուրջ չէ։ Ընդդիմախոսները քննադատում են, թե 20-30 հոգանոց խմբեր կազմելով որևէ հարց լուծելու կպչուն միտքը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին էր մարդկանց կոչ անում խմբեր կազմել, առաջնորդ ընտրել, տանից վերցնել զրահաբաճկոն ու սաղավարտ և գնալ մարտի դաշտ, այնպես էլ հիմա մարդկանց 20-30 հոգանոց խմբերով հրավիրում է իր հետ քննարկել իր հորինած Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

Առաջին արձագանքը սպասելի է ՔՊ համակիրների կողմից։ Նրանք տարբեր համայնքներից կձևավորեն 20-30 հոգանոց խմբեր, կներկայանան, իբր անկապ քաղաքացիներ են, կգան կառավարության շենք ու մի ժամ կանցկացնեն իրենց սիրելի վարչապետի ընկերակցությամբ։ Նրանց հարցերը նախապես գրված կլինեն։ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն կունենան սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանք, օգտվելով առիթից, կարող են ՔՊ համակիրների արանքում մասնակցել քննարկումներին, անձնական, սոցիալական բնույթի, թեմայի հետ կապ չունեցող հարցեր տալ։ Արդյունքում կեղծ տպավորություն կստեղծեն, թե հասարակ ժողովուրդը ողջունում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այս առումով՝ «20-30-70»-ը զուտ պոպուլիստական հնարք է։

Հաջորդ արձագանքը կազմակերպվելու է բուհերի կողմից։ Օրինակ՝ ԵՊՀ ուսանողներին, դասախոսներին հարկադրաբար կհավաքվեն դահլիճում, կհրավիրեն Փաշինյանին, և բուհի ուսանողները, աշխատակիցները նրան կուղղեն նախապես գրված հարցերը։ Կստեղծեն ակադեմիական մակարդակով քննարկման իմիտացիա։ Այսպիսով՝ կարող են ներկայացնել, թե գիտնականները և ապագա գիտնականները մասնակցել են քննարկմանը, լուրջ հարցեր բարձրացրել։ Փաշինյանը բոլոր հարցերին սպառիչ, համոզիչ պատասխաններ է տվել։ Ու գիտնականները համոզվել են, թե ինչ լավ բան է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

Այս առիթից, սակայն, կարող են օգտվել նաև ընդդիմադիրները։ Նրանք կարող են հանրահավաքներ կազմակերպել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը քննարկելու թեմայով, ներգրավել 70-ից ավելի մարդ և հրավիրել Նիկոլ Փաշինյանին, հնարավորություն ստեղծելով, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողները հարցեր ուղղեն Փաշինյանին։ Չի բացառվում, որ այսպիսի քննարկումներում Փաշինյանն ընկճվի, հուսահատվի ու հրաժարական տա։ Այս առումով՝ իշխանափոխություն անելու ռեալ շանս է «20-30-70»-ը։

Ամենալուրջ քննարկումը սպասվում է Փաշինյանի և այլ գաղափարական առաջնորդների միջև։ Մարտահրավեր կարող են նետել խորհրդարանական ընդդիմության առաջնորդները, Բագրատ Սրբազանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքական մեծ ուժերի առաջնորդները և հիմնավոր փաստարկներով ջախջախել Փաշինյանի գաղափարախոսությունը, ցույց տալով դրա հակագիտականությունը, ապաքաղաքականությունը, անտրամաբանականությունը և այլն։ Այսպիսի բանավեճում Փաշինյանի պարտությունը էապես կգցի նրա վարկանիշն ու կնպաստի իշխանափոխությանը։

Կարճ ասած՝ ընդդիմախոսների համար լավ առիթ է ընձեռնվել Փաշինյանի պորտը տեղը դնելու համար։ Ուստի՝ Փաշինյանը, ենթադրաբար, կանի ամեն ինչ, որ ոչ մի լուրջ մարդ չարձագանքի այս հրավերին։ Եվ երբ ոչ մի քաղաքական ուժ չփորձի գաղափարական բանավեճի մեջ մտնել նրա հետ, միայն այդ դեպքում նա կարող է մեծամտորեն հայտարարել, թե Իրական Հայաստանի գաղափարախոսությունը իրական այլընտրանք չունի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել