Սաահմանադրական դատարանն առաջիկայում, հնարավոր է՝ նոր նախագահ ունենա։ ՍԴ նախագահը ՀՀ-ում բարձր պաշտոն է։ Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ ՍԴ նախագահը անկախ լինի, որովհետև ինչ-որ պահի, երբ անհրաժեշտ լինի անցնել օրենքի վրայով, ՍԴ նախագահն անվարան ընդունի նաև ակնհայտ անարդար որոշում։
Oragir.News-ի տեղեկություններով, ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցանկանում է դառնալ ՍԴ նախագահ։
Քաղաքական օրակարգում ՍԴ նախագահի փոփոխության հարց կա՞, թե՞ ՔՊ-ականներն ընկերական կապերով ինքնագլուխ փորձում են բարելավել իրենց դիրքերը։
Առաջիկա տարում սպասվում են նոր սահմանադրության ընդունում և ԱԺ ընտրություններ։ Հաշվի առնելով ՔՊ ցածր վարկանիշը, չի բացառվում, որ կտապալվի սահմանադրության հանրաքվեն, իսկ ՔՊ-ն կպարտվի 2026-ի ընտրություններում։ Այս պարտությունների դեպքում ՔՊ-ն ունի երկու ելք։
Առաջին ելքը՝ ՔՊ-ն պետք է հաշտվի պարտության հետ ու լքի քաղաքական ասպարեզը։ Այսպիսով ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կառավարող կուսակցությունը խաղաղ կերպով կզիջի իշխանությունը ընտրություններում հաղթողներին։ Այս դեպքում ՔՊ-ականների մի մասը ստիպված կլքի Հայաստանը։ Այն ամենը, ինչ ՔՊ-ն անում է նախկին պաշտոնյաների նկատմամբ, նույն խստությամբ կարող են վարվել ՔՊ-ականների նկատմամբ իշխանափոխությունից հետո։
Երկրորդ ելքը հին, փորձված, տրորված արահետն է, որով մի քանի անգամ անցել են նախկին իշխանությունները։ Հաշվի առնելով այն, որ ԿԸՀ-ն ամբողջովին վերահսկելի է ՔՊ-ի կողմից, այստեղ դժվարություններ չեն լինի։ Իսկ ՍԴ-ում անհրաժեշտ է ամրացնել դիրքերը։ Եթե սահմանադրության հանրաքվեի կամ ԱԺ ընտրություններում փաստացի հաղթած ուժերը փորձեն արդարություն հաստատել Սահմանադրական դատարանի միջոցով, ապա այստեղ ՔՊ-ն պիտի ունենա հուսալի նախագահ, որը հօգուտ ՔՊ-ի որոշումների ընդունման երաշխավորը կդառնա։
Ոչ պակաս կարևոր է նաև դատարանի հեղինակության բարձրացման հարցը, որը վերջին օրերին ամենաքննարկվող թեման է։ Ընդդիմախոսները կարծում են, որ հանրային գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատավորների մասին «արատավորող տեղեկություն» տարածելու մեղադրանքով ուղիղ կապ ունի առաջիկա քաղաքական զարգացումների հետ։ Ենթադրվում է, որ ՔՊ-ն խնդիր ունի վերականգնել դատական իշխանության, առաջին հերթին ՍԴ-ի հեղինակությունը, որ ոչ ոք չկասկածի դատական որոշումների արդարությանը։
Այսինքն՝ խնդիրն այն է, որ եթե վաղը ՍԴ նախագահ ընտրվի Վլադիմիր Վարդանյանը և պաշտպանի իր հարազատ կուսակցության շահերը ընդդիմադիրների բողոքների պարագայում, ապա Էդգար Ղազարյանի դեմ կիրառված հետապնդումն ու ենթադրյալ պատիժը կսթափեցնեն ընդդիմախոսներին, որից հետո ՍԴ-ին ու ՍԴ նախագահին քննադատել ցանկացողները կվախենան նույնպիսի պատժից ու կլռեն, և ոչ ոք հրապարակավ չի կասկածի ՍԴ որոշումների արդարությանն և Վլադիմիր Վարդանյանի առաքինությանը։
Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը ամրացնում է դիրքերը, պատրաստվելով առաջիկա լուրջ փորձությունների։ Իսկ եթե առաջիկայում Վլադիմիր Վարդանյանը չգնա ՍԴ, կնշանակի՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ամրացնում է դիրքերը, այլ մտադիր է աթոռը հանձնել, ենթադրաբար՝ այն ուժերին, որոնք 2018-2026 թվականներին ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս օգնել են նրան պահպանելու իշխանությունը։
Թաթուլ Մկրտչյան