Մամուլ 1 տարի առաջ - 07:45 15-02-2025

Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավի ժամանակ:

Թեմայի հետ կապված ուշագրավ վերլուծություն է կատարել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար:

Ընթացիկ՝ 2024-2025 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հայաստանը գնել է հնդկական արտադրության 600 միլիոն դոլարի սպառազինություն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներին։

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել: Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ: Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։

«Հանրապետության հրապարակը» նշում է, որ բացի ռազմական կապերից, ՀՀ-ն խորացնում է Հնդկաստանի հետ կապերը նաև տնտեսական, տրանսպորտային ոլորտներում. «Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ` Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ տեղավորվում է Հնդկաստանի պլանների մեջ, քանի որ այդ երկիրը փնտրում է Սուեզի ջրանցքը շրջանցող լրացուցիչ միջանցքներ` Եվրոպա դուրս գալու համար՝ խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման բացասական հետևանքներից։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում Հնդկաստանի աշխարհաքաղաքական հակառակորդ Պակիստանը խորացնում է ռազմաքաղաքական, տնտեսական կապերն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից։ Հարավային Կովկասում ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքը, իսկ Երևանը դրան կարող է հակազդել Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինքով։

Պակիստան-Հնդկաստան մակարդակում տեղի է ունենում աշխարհաքաղաքական proxy war, որտեղ Իսլամաբադը հենվում է թուրքադրբեջանական տանդեմի վրա, իսկ Նյու-Դելին՝ Հայաստանի վրա։

Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց աջակցող Պակիստանին դիմագրավելու համար Հայաստանը խորացնում է ռազմական կապերը միջուկային տերություն Հնդկաստանի, ինչպես նաև էներգետիկ-տրանսպորտային կապերն Իրանի հետ»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Հնդկաստանի և Իրանի համար նույնպես Մեծ Թուրանն ու թուրքական ազդեցության ուժեղացումն ազգային անվտանգության ու անգամ տարածքային ամբողջականության սպառնալիք են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»