«
Ես կարծում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա մեկնելու նպատակն անվտանգության երաշխիքներ ստանալն է, ապա նա սխալ տեղ է գնացել»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան
Արմեն Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնից վերադառնալուց հետո Փաշինյանի հապշտապ այցը Ֆրանսիա վկայո՞ւմ է այն մասին, որ նա մեկնել է այդ երկիր՝ անվտանգության երաշխիքներ ստանալու, ինչը Թրամփի պարագայում փաստացի չի հաջողվել։
/Արմեն Բաղդասարյան, քաղաքական վերլուծաբան/Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական նպատակը ոչ թե անվտանգության երաշխիքներ ստանալն է, այլ սեփական դեմքը փրկելը։ Ըստ նրա՝ Փաշինյանը Ֆրանսիա է այցելել՝ իր ԱՄՆ կատարած ձախողված այցի տպավորությունները ցրելու համար․ «Ցույց տալու համար, որ ինձ ամեն տեղ չէ, որ մերժում են, մենք Արևմուտքում նաև բարեկամներ ունենք, հետևաբար պետք է այդ ուղղությամբ քաղաքականությունը շարունակել։ Կարծում եմ՝ սա էր պատճառը, որ նա հապշտապ, առանց նախապես տեղեկացնելու, շատերի համար էլ անսպասելի մեկնեց Ֆրանսիա»։
Քաղաքական վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ֆրանսիան Նիկոլ Փաշինյանին չի կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել, քանի որ ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ Եվրոպական միությունն այս պահին անվտանգության երաշխիքների կարիք ունի՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն ու վարած քաղաքականությունը։
Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ տապալվեց և կառավարության ղեկավարը նման ընդունելության արժանացավ՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ պետք չէր նման այց կատարել՝ առանց նախապատրաստական լուրջ քայլերի։ Նա կարծում է, որ Միացյալ Նահանգները դեռևս վերջնականապես չի հստակեցրել մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը։
«Քանի դեռ այդտեղ հստակություն չկա, հստակություն չկա նաև այն հարցում, թե արդյոք Հայաստանն իրենց պե՞տք է, ինչ-որ դերակատարում Հայաստանն ունենալո՞ւ է և եթե ունենալու է, ապա ինչպիսի՞ դերակատարում։ Եթե այդ հստակությունը դեռևս իրենց մոտ չկա, բնականաբար նրանք պետք է անտեսեին այդ այցը և այդպես էլ արեցին»,- նկատեց նա։
Մեր հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ իշխանությունները ներկա փուլում կգնան արտահերթ ընտրությունների, թե՞ կնախընտրեն շարժվել դեպի հերթական ընտրություններ՝ Արմեն Բաղդասարյան պատասխանեց, որ իշխանություններն իրենք էլ այդ հարցի պատասխանը չունեն, որովհետև վերջիններս շատ սիտուատիվ քաղաքականություն են իրականացնում․ «Եթե հարմար լինի կգնան, հարմար չլինի՝ չեն գնա, իրենք էլ չգիտեն, թե ինչ պիտի լինի 1 ամիս հետո, 2 ամիս հետո և այլն։ Համենայնդեպս այս պահին արտահերթ ընտրությունների գնալու որևէ պատճառ չկա, չի երևում, բայց դա չի նշանակում, որ 1 շաբաթ հետո էլ չի կարող լինել»։
Արմեն Բաղդասարյանը հավելեց, որ արտահերթ ընտրությունների գնալու որոշումը կարող է կայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումների արդյունքում։ «Ամեն դեպքում սոցիալական դժգոհությունները գնալով աճում են, դրա համար էլ ասում եմ՝ իրենք այս պահին չգիտեն, թե ինչ կլինի 1 ամիս հետո՝ ո՛չ ներքաղաքական, ո՛չ էլ արտաքին քաղաքական զարգացումների առումով, մանավանդ, որ մեզանում դրանք խիստ փոխկապակցված են»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը Միացյալ Նահանգներում էր, որտեղ նա ԱՄՆ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնական ընդունելության չարժանացավ։ Այցի վերջին օրը նա ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխնախգահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը, մասնագետների խոսքով՝ ոտքի վրա կայացած հանդիպում էր։ Երևան վերադառնալուց կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ նա հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Դավիթ Գույումջյան