Աշխարհի թվայնացումը որոշակի հեշտացնում է մարդկության կյանքը, սակայն մյուս կողմից մեծացնում է մարդու նկատմամբ վերահսկողությունը, նեղանում է անձնական կյանքի տարածքը։ Բազմաթիվ խնդիրներ են ծագում՝ տվյալների պաշտպանությունից մինչև ազատության սահմանափակումներ։ Թերևս՝ սա է պատճառը, որ մարդկանց մի մասը քննադատաբար է վերաբերվում թվայնացման նախաձեռնություններին։
Թվային հասարակություն դառնալու ճանապարհին ՀՀ-ում առաջիկայում հերթական ռիսկային քայլն է նախապատրաստվում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիութուն է տրվելու Ներքին գործերի նախարարությանը:
Ինչո՞ւ են ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրում աշխատանքային պայմանագրերին։ Ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ։
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) ձևավորված պրակտիկան:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Սակայն, ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրելու նպատակի, խնդիրների մասին հիմնավորում չկա նախագծում։
Ենթադրելի է, որ աշխատանքային պայմանագրերին հասանելիություն տրամադրելու նպատակը աշխատողների անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումն է։ Սակայն աներկբա է, որ այսպիսով հնարավոր չէ բացահայտել չգրանցված աշխատողներին։ Պայմանագրերի հետին թվով կնքման դեմ պայքարը ևս իրական թիրախ չէ, քանի որ գործատուները հետին թվով չեն գրանցում աշխատողին, որ ՊԵԿ-ի հետ խնդիր չունենան։ Աշխատողներին էլ չի հետաքրքրում աշխատանքային ստաժը, քանի որ կենսաթոշակն անհասկանալի գործակիցներով են հաշվում, և 15-20 տարի ստաժ ունեցողի թոշակն ընդամենը 2-3 հազար դրամով է ավելի նվազագույնից։ Հետևաբար՝ քաղաքացիներն այդպիսի ռիսկի չեն դիմում։
Աշխատանքային պայմանագրերին թվային հասանելիությունը կարող է արդարացվել աշխատանքի մասին մանրամասն տեղեկանքներ չպահանջելու, քաղաքացուն սոցիալական ծրագրերում ներգրավելու առումներով։ Իսկ ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրելու տրամաբանական հիմնավորում դժվար է գտնել։
Ենթադրելի է, որ ՆԳՆ-ին ներգրավել են որպես սպառնալիք, որ վախ ներշնչեն գործատուներին, անօրինական աշխատողներին, հատկապես՝ ներգաղթյալներին և ռելոկանտներին։ Կողմնակալ դիտորդի հայացքով՝ սա խնդիրներ է առաջացնելու տվյալների պաշտպանության առումով, աճելու է գործազրկության իրական պատկերը, խորանալու են սոցիալական խնդիրները։ Այսօր չգրանցված բազմաթիվ աշխատողներ կարող են մնալ անգործ ու անօգնական։ Ժողովրդին վախեցնելու, իրավունքները խախտելու, անձնական կյանք ներխուժելու հետևանքով կարող են մեծանալ նաև ժողովրդավարությունից հետընթացի ռիսկերը։
Կարճ ասած՝ եթե ՆԳՆ-ին աշխատանքային պայմանագրերի հասանելիություն են տրամադրում ժողովրդին վախեցնելու, մարդկանց անձնական տվյալները մշակելու համար, և եթե ժողովրդավարությունից հետընթացը դառնա սովորական բան, ապա մտավախություն կա, որ Հայաստանը կարող են վերածել հակաժողովրդավարական երկրի, հետո համակենտրոնացման ճամբարի։
Թաթուլ Մկրտչյան