Միջպետական հարաբերությունները գնահատվում են ոչ միայն երկկողմ փաստաթղթերով, այլև բարձր մակարդակի հանդիպումներով։ Օրինակ՝ մեկ ամիս առաջ Պապիկյան-Օսթին հանդիպումը պատմական որակվեց, հիմք տվեց ենթադրելու, որ հնարավոր է՝ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան գործակցության իրական առաջընթաց լինի։ Նույնպիսի ընդունելության, սակայն, դեռ չի արժանացել Փաշինյանը։
ԱՄՆ ընթացիկ այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետի, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների, ամերիկահայ հայանքի ներկայացուցիչների, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի և կոնգրեսականներ՝ Էնդի Հարրիսի, Ֆրենկ Փալոնի ու Ռիչարդ Հադսոնի հետ, այցելել Ատլանտյան խորհուրդ՝ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագետների հարցերին, մասնակցել Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին՝ հանդես եկել ելույթով և պատասխանել հարցերի, Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին», Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ։
Ակնհայտ է, որ Փաշինյանը պատմական հանդիպումների, բարձր մակարդակի ընդունելության չի արժանացել, ինչը խոսում է հայ-ամերիկյան համագործակցության իրական մակարդակի, ԱՄՆ-ի՝ ՀՀ-ի վերաբերյալ իրական հետաքրքրության, ՀՀ-ի միջազգային դերի մասին։ ՀՀ քաղաքացիների մի մասն ընկճվում է, որ իր սիրելի երկրի ղեկավարին այսպես են ընդունում։
Ինչո՞ւ են Փաշինյանին այսպես վերաբերվում ԱՄՆ-ում։
Նախ հարկ է ընդգծել, որ ԱՄՆ-ն գերտերություն է, ունի գլոբալ հետաքրքրություններ, հակառակորդներ, դաշնակիցներ։ ՀՀ-ն դեռ ԱՄՆ-ի դաշնակիցը չէ։ Երկրորդը՝ հայ-ամերիկյան օրակարգում չկա այնպիսի հարց, որը պահանջում է բարձր մակարդակի հանդիպումներ ու քննարկումներ։ Այսինքն՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ վարչապետի հետ խոսելու բան չունի։
Կան նաև օբյեկտիվ գործոններ։ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ գլոբալ հակամարտության մեջ է։ Իսկ ՀՀ-ն դեռ մնում է ռուսական ազդեցության գոտում։ ՀՀ-ում ռուսական զորքեր են ու ռազմակայան, ՀՀ-ն ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ է։ Այսինքն՝ ՀՀ-ն ԱՄՆ-ի թշնամու դաշնակիցն է։ Չնայած՝ ՔՊ առաջնորդն ԱՄՆ-ում մի քանի անգամ հայտարարեց, որ բալանսավորված քաղաքականություն է վարում, սակայն սա բավարար չէ, որ Փաշինյանին բարձր ընդունելության արժանացնեն։ ԱՄՆ-ում, հավանաբար, կարծում են, թե Փաշինյանը չի փոխվել, նույնպիսի ջանասիրությամբ սպասարկում է ռուսական շահեր, հետևաբար՝ վստահելի չէ։ Դրանից զատ՝ Փաշինյանը մինչ օրս հանդես չի եկել այնպիսի նախաձեռնությամբ, որը կհետաքրքրեր ԱՄՆ-ին։ Հետևաբար՝ նա նաև հետաքրքիր չէ։
Պարզ ասած՝ Փաշինյանին ԱՄՆ-ում չընդունելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ կան։ Սակայն Թրամփի հետ հանդիպումն անհասանելի չէ։ Այս օրերին Փաշինյանի ունեցած հանդիպումները, ելույթները, նրան ուղղված հարցերը յուրօրինակ քննություն են։ Եվ եթե քննությունից գերազանց ստանա, առաջիկա տարում էլ ՀՀ-ն անկախության պաշտպանության ուղղությամբ իրական քայլեր անի, ապա հաջորդ տարի ՀՀ ղեկավարին ԱՄՆ-ում բարձր մակարդակով կընդունեն։ Այս առումով՝ ենթադրելի է, որ 2024-ին նա քննություններից անբավարար է ստացել, ճիշտ չի պատասխանել հարցերին, հետևապես՝ այս օրերին չէր կարող ընդունվել։
Թաթուլ Մկրտչյան