Ուղիղ եթեր
Հայաստան և Իսրայել․ ինչպես են հիշում և ազատ արձակում ռազմագերիներին ու պատանդներին
copy image url

Հայաստան և Իսրայել․ ինչպես են հիշում և ազատ արձակում ռազմագերիներին ու պատանդներին

Արտաքին Ներքին Միտք 1 ամիս առաջ - 15:00 06-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև ավելի քան 15 ամիս տևած ռազմական գործողություններից հետո Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ հրադադարի համաձայնություն ձեռք բերվեց, որն ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության առաջին փուլով պաղեստինյան անկլավում 42 օր տևողությամբ հրադադար հաստատվեց, որի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է ազատ արձակել 33 պատանդի, իսկ Իսրայելը՝ 1900 պաղեստինցի բանտարկյալների։

Իսրայելցի պատանդների հիմնական մասը, որոնց ՀԱՄԱՍ-ն այս օրերին ազատ է արձակվում, գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ռազմական գործողությունների առաջին, երբ պաղեստինյան շարժումն անսպասելի հարձակում էր գործել հրեական պետության տարածքի վրա։ Ավելի ուշ իսրայելական կողմը տեղեկացրեց՝ 33 պատանդներից, որոնք պետք է ազատ արձակվեին, ողջ են միայն 25-ը, և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ՀԱՄԱՍ-ը զոհերի մարմինները ևս կփոխանցի Իսրայելին։

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում Իսրայելի ռազմական կաբինետը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, կտրականապես մերժում էին Գազայում տևական հրադադար հաստատելու կոչերը՝ հայտարարելով, որ հրադադար չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը բոլոր պատանդներին ազատ չի արձակել։ Ավելին՝ երբ պատանդների փոխանակման գործընթացի շրջանակներում պաղեստինցիները շրջափակել էին իսրայելցի պատանդներին տեղափոխող մեքենաները և ծաղրել նրանց, Իսրայելը հետաձգել էր ավելի քան 100 պաղեստինցի բանտարկյալների ծրագրված ազատ արձակումը։

Իսրայելի բնակչությունը ևս մոռացության չէր մատնել իր պատանդառված հայրենակիցներին և պարբերաբար երկրի իշխանություններից պահանջում էր հստակ միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս ազատ արձակելու համար։ Ռազմական գործողությունների ողջ ընթացքում իսրայելցիները ժամանակ առ ժամանակ ակցիներ էին իրականացնում, սոցցանցերում տեսանյութեր էին հրապարակում՝ իշխանություններին առաջարկելով պատանդառված իսրայելցիներին փոխանակել իսրայելյան բանտերում պահվող պաղեստինցի կալանավորների հետ, ինչը, թեպետ Նեթանյահուն սկզբնական շրջանում կտրականապես մերժում էր, սակայն ի վերջո տեղի տվեց։ Բացի այդ, Իսրայելի ամեն անկյունում փակցված էին պատանդառված քաղաքացիների լուսանկարները, որոնցով բնակչությունը իշխանություններին յուրօրինակ ուղերձ էր հղում, հիշեցնում, որ պատանդները չեն մոռացվել։

Հայաստանյան իրականության հետ զուգահեռներ անցկացնելիս՝ բախվում ենք բավականին տխուր պատկերի․ Հայաստանի իշխանությունները, որոնք ջանում են ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և կարգավորել հարաբերությունները, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը ոչ միայն բանակցային նախապայման չեն դարձնում, այլև իրենց հայտարարություններով էլ ավելի մշուշոտ են դարձնում նրանց հայրենադարձումը։ Օրինակ՝ 2021 թվականի հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզարշավի թեժ փուլում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար», սակայն այս հայտարարությունից ավելի քան երեքուկես տարի անց ադրբեջանական բանտերում դեռևս հայ ռազմագերիներ կան։ Ամիսներ անց էլ՝ անջատված տեսախցիկների պայմաններում, գերիների մասին անհարգալից էր արտահայտվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշել, որ այդ մարդիկ իր համար գոյություն չունեն։ «Գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել։ Եթե ես էդ գերիների պատճառով պըտի Սյունիք կորցնեմ, եթե ես պըտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա վատ, սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան»,- սփյուռքահայերի հետ զրույցում նշել էր Ալեն Սիմոնյանը, ինչը Հայաստանում մեծ իրարանցում առաջացրել և ԱԺ նախագահը ստիպված եղավ խմբագրել ինքն իրեն։

Հայաստանի բնակչությունը ևս բավարար նախաձեռնողականություն չի ցուցաբերում և իշխանություններից չի պահանջում գերիներին ազատ արձակելու ուղղությամբ հստակ միջոցներ ձեռնարկել։ Չնայած որոշ քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ ժամանակ առ ժամանակ ակցիաներ են իրականացնում, սակայն դրանք մեծ հաշվով բավարար չեն։ Ի տարբերություն Իսրայելի՝ Երևանի և հանրապետության մյուս բնակավայրերի փողոցներում մենք ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներ ու նրանց հարազատներին զորակցություն հայտնող խոսքեր գրեթե չենք տեսնում, թեպետ միայն պաշտոնական տվյալներով այս պահին Ադրբեջանում 23 հայ ռազմագերի կա՝ ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Այսպիսով՝ ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու բնակչությունը փաստացի մոռացության են մատնել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին՝ նրանց ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին, մինչդեռ Իսրայելի իշխանությունները պատանդների ազատ արձակումը հռչակել էին բանակցային նախապայման, երկրի բնակչությունն էլ թույլ չէր տալիս վերջիններիս մոռացության մատնել։ Այս ամենի արդյունքում իսրայելցի պատանդներն այսօր խումբ առ խումբ ազատ են արձակվում, իսկ հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարություն է ընթանում, նրանցից շատերին սպառնում է անգամ ցմահ ազատազրկում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին գերիներ է վերադարձրել՝ թվով 32, 2023 թվականի դեկտեմբերին, որոնց դիմաց հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։ Ադրբեջանում ներկայումս պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերի է պահվում, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սակայն, հայ իրավապաշտպանների պնդմամբ, ևս 80 ռազմագերու առնվազն գերեվարման փաստը տարբեր տեսնյութներով հաստատվել է, որոնց առկայությունը Բաքուն հերքում։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
12:50 ՌԴ-ում խորթ հայրն անչափահաս որդուն դաժանորեն ծեծել է՝ վեյփ օգտագործելու համար․ RIA
23:21 Պուտինը ռուս գործարարներին խորհուրդ է տվել չսպասել Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը. Faridaily
23:15 Ձիթողցոնց տուն-թանգարանում աշխատանքի ժամին «մեր Սարիկ»-ի համար ձայներ են հավաքում
12:37 Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. shamshyan.com
21:20 Շիրակի մարզում բախվել են Mercedes-ը, Skoda-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com
17:42 Civic-ը կեղծ հարցումներով գյումրեցիներին մանիպուլացնում է․ «Ականատես»-ի ահազանգը
17:00 Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
12:43 Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
19:08 Մոսկվան տեղեկություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից տեխնիկա տեղափոխելու մասին լուրերի վերաբերյալ

Ձեզ գուցե հետաքրքրի