Դեմ ես ազգայինին, ուրեմն դեմ ես պետականին
copy image url

Դեմ ես ազգայինին, ուրեմն դեմ ես պետականին

Միտք 3 ամիս առաջ - 19:00 24-01-2025
«Ազգային» և «պետական» եզրերի հակադրումն օրենսդրական հիմնավորումներ է ստանում։ Սա մտահոգիչ է ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական առումով։

ԱԺ հունվարի 20-ի նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը ահազանգեց՝ «Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին Օրենքով զրկվեց այդ կարգավիճակից։ Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրանց առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն...»։

ՔՊ-ական պատգամավորները շտապեցին հակադարձել և ընդդիմադիր գործընկերների ահազանգերն ապատեղեկատվություն որակել։ Մասնավորապես՝ Թագուհի Ղազարյանը գրել է՝ «Ոչ մի կազմակերպության անուն չի փոխվել։ Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել։ Այսպես, օրինակ, այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային գրադարան» համապետական նշանակության գրադարան կամ «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն և այսպես շարունակ»։ Նրան լրացրել է Սիսակ Գաբրիելյանը, գրելով՝ ««Ազգային» բառը որևէ կառույցի անվանումից հանելու օրենք չի ընդունվել և գոյություն չունի»։

Նշենք, որ հիշյալ օրենքի փոփոխությամբ մի շարք հոդվածներում «ազգային» բառը փոխարինվել է «պետական» բառով։ Սակայն հիմնավորումները ապաքաղաքական են։ Ակնհայտ է, որ ՔՊ-ականները «ազգային» բառի հետ խնդիրներ են տեսնում։ Սակայն միանշանակ չէ, թե ինչու են ուզում «ազգային» բառն օրենքներում փոխարինել «պետականով»։ Ինչու՞ են «ազգայինը» հակադրում «պետականին»։ Արդյո՞ք սա կատարվում է Ադրբեջանի պահանջով։

Նկատենք, որ քաղքենիաժողովրդավարական (բուրժուադեմոկրատական) վերափոխումներից հետո «ազգ» և «պետություն», ինչպես նաև՝ «ազգային» և «պետական» բառերը նույնիմաստ են դարձել։ Օրինակ՝ ՄԱԿ անդամ են պետությունները, չնայած՝ կառույցը կոչվում է Միավորված ազգերի կազմակերություն։ Եթե առաջնորդվենք ՔՊ-ական տրամաբանությամբ, ապա ՄԱԿ-ը պետք է անվանափոխվի Միավորված պետությունների կազմակերպություն (ՄՊԿ)։

Նկատենք նաև, որ խոհրդային բռնազավթման տարներին ազգ «բառն» իմաստախեղվել է։ Ազգություն ասելով, նկատի ունեին էթնիկ ծագումը։ Այդ ժամանակ ասում էին, թե ամերիկացի, անգլիացի կամ ֆրանսիացի ազգեր չկան։ Անկախանալուց հետո այս առումով որոշ առողջացում եղել է։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հակաքաղաքական, հակագիտական շահարկումներ է անում «ազգ» և «պետություն» բառերի հետ, մոլորեցնելով հանությանն ու հուզումներ առաջացնելով։ Իսկ ընդդիմադիրն էլ խտացնում է գույները, ներկայացնելով, թե Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջներն ու սկսել է, այսպես կոչված՝ դենացիֆիկացիան։ Միանգամից ասենք, որ Ադրբեջանի պահանջած դենացիֆիկացիան ոչ թե «ազգ» և «ազգային» բառերից հրաժարվելուն է վերաբերում, այլ ՀՀ անկախության, ՀՀ ազգային հետաքրքրությունների, իրավունքների սահմանափակմանը։

Այս իրավիճակում հրամայական է դառնում քաղաքական մտքի առողջացումը։ Քաղաքական համայնքը, ազգային անվտանգային նկատառումներից ելնելով, պետք է հրաժարվի ավելորդ շահարկումներից։ Գուցե արտաքին գործընկերները ՔՊ-ին բացատրեն, որ այս բառերի հետ շահարկումներն անհարկի են ու վտանգավոր ոչ միայն ՀՀ-ի, այլև արևմտյան արժեքների և միջազգային անվտանգության առումով։

Կարճ ասած՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է հրաժարվել «ազգային» և «պետական» բառերը հակադրելուց։ Հակառակ պարագայում սոցիալ հոգեբանությունը կարող է խեղվել ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին, երբ ժողովուրդը հաշտվել էր անկախության կորստի հետ, մխիթարվելով, որ պահպանել է ազգային դիմագիծը։ Իսկ «ազգ» «ազգային» բառերի դեմ կռիվն ապապետական է, քանի որ աշխարհում «ազգ» և «պետություն» բառերը վաղուց նույնիմաստ են։ Այսինքն՝ եթե դեմ ես ազգայինին, ուրեմն դեմ ես պետականին։ Հետևաբար՝ եթե ՔՊ-ն հաստատակամ շարունակում է կռվել այս բառերի հետ, նշանակում է՝ նա ՀՀ անկախության դեմ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են 

Ձեզ գուցե հետաքրքրի