copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:29 26-10-2021

Եթե Ձեր ընկերը Ձեզ ծնկի է բերում Ձեր դարավոր թշնամու առաջ, ուրեմն կամ ընկերն այնքան էլ ընկեր չէ, կամ էլ թշնամին այնքան էլ թշնամի չէ․ Ալեքսանդր Սվարանց

Վերջերս լրացավ Կարսի պայմանագրի կնքման 100-ամյակը։ Պայմանագիր, որն իր անջնջելի հետքը թողեց մեր պատմության ու ներկայի վրա։ Պայմանագրի հետևանքները մենք կրում ենք մինչև օրս։ Սակայն այս պայմանագրի 100-ամյակը մեր հանրույթում անցավ բավականին աննկատ։ ԶԼՄ-ներն էլ շատ հպանցիկ անդրադարձան։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նմանատիպ պայմանագրերի մասին հիմնականում կարծիք են հայտնում որոշակի մարգինալ խմբեր, որից հետո ծավալված քննարկումն առողջ չես համարի։

Սական regionpress.am հարթակում լույս տեսավ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի հոդվածը, որն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել էր պայմանագրին, դրա դերակատարներին, պատճառներին ու հետևանքներին։ Oragir.news-ը զրուցել է Ալեքսանդր Սվարանցի հետ Կարսի պայմանագրի վերաբերյալ։

Ձեր հոդվածում նշել եք, որ հայկական ԶԼՄ-ներում այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրին Կարսի պայմանագրի 100-ամյակին։ Ըստ Ձեզ՝ հայկական իրականությունում այս պայմանագիրը ըստ արժանվույն ուսումնասիրվա՞ծ է։ Եվ որո՞նք են նմանատիպ անտարբերության պատճառները։

Ես կարծում եմ, որ հայկական կողմից կոմպետենտ ինստիտուտները, իսկ ես նկատի ունեմ և՛ գիտական, և՛ քաղաքական, բավականին լավ են տիրապետում այս պայմանագրին ու դրանից ածանցվող հարցերին՝ բացառությամբ, իհարկե, լայն հանրության ու զլմ-ների։ Եթե մարդ ծանոթ է պայմանագրին, հարց է առաջանում՝ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել։ Ըստ իս, այդ պայմանագիրն այդ ժամանակ եղած ուժերի հարաբերակցության արձանագրումն ու ամրագրումն է թղթի վրա։ Ընդ որում, ինչ-որ ժամանակահատվածի համար։ Եթե հարաբերակցությունը փոխվում է, պայմանագիրն էլ հետն է անցնում պատմության գիրկը։ Այդ պատճառով էլ կարող ենք ասել, որ Կարսի պայմանագրի փոփոխություն, բնականաբար, կարող ենք անել։ Այստեղ հարցն այլ տեղում է։ Որպես պետություն, որպես ինստիտուտ մեր ներքաղաքական կուրսը պետք է համապատասխանի նոր փոփոխություններին։ Եթե խոսում ենք ժամանակակից Հայաստանի, այսինքն՝ երրորդ հանրապետության մասին, ապա ես չեմ տեսնում համապատասխան իրավական ու քաղաքական հիմքեր, որոնք թույլ կտան առ ոչինչ ճանաչել Կարսի պայմանագրի կետերը։ Ի դեպ, սա շատ ակտուալ հարց է, քանի որ օրակարգում Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերն են, համապատասխանաբար երրորդ հանրապետությունն իր իրավահաջորդությունը ստանձնել է Խորհրդային Հայաստանից, իսկ Խորհրդային Հայաստանը ծնվել է հենց այդ նույն Կարսի պայմանագրի արդյունքում։ Ի դեպ, Ռուսաստանում հենց այս պայմանագրին հղում անելով են ասում, որ իրենք փրկեցին Հայաստանն ու հայ ժողովրդին հնարավոր ոչնչացումից։ Եթե մենք ճանաչել ենք մեզ ՀԽՍՀ-ի իրավահաջորդը, այդտեղից արդեն հնարավոր չի դառնում Կարսի պայմանագրի լուծարման հարցի մասին անգամ մտածելը։ Բայց ամեն ինչ հայերի ձեռքերում է։ Եթե մենք ցանկանում ենք չեղարկել Կարսի պայմանագիրը, ապա պետք է առ ոչինչ ճանաչենք երրորդ հանրապետությունն ու ստեղծենք չորրորդ հանրապետություն, որը չի ճանաչի ՀՍԽՀ-ի իրավահաջորդությունն ու դրա հետ կապված բոլոր պայմանագրերը ։ Ու ընդգծել, որ այդ պայմանագիրը մեզ պարտադրել են՝ համաձայն մոսկովյան պայմանավորվածությունների, որը կայացել էր միջազգայնորեն չճանաչված պետությունների միջև, խոսքը Քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի մասին է։ Պետք է ընդգծել, որ դա եղել է փաստացի օկուպացիա: Բայց դրա համար պահանջվում են ներքաղաքական համակարգային փոփոխություններ, քանի որ Սևրի պայմանագիրը ոչ ոք չի չեղարկել։ Թեև շատերն ասում են, որ Լազանյան պայմանագիրը չեղարկել են, բայց ի՞նչն են չեղարկել։ Այն փոխե՞ց վերաբերմունքը Հիջազի ձևավորման վրա, և՛ Սիրիայի, և՛ Պաղեստինի պարագայում այն գործեց։ Դրանք կայացան։ Իսկ այ Հայկական հարցի ու Քուրդիստանի դեպքում պայմանավորվածությունները չաշխատեցին, թեև դրանք կային։ Վիլսոնի արբիտրաժային որոշումները ոչ ոք չի չեղարկել, նրանք պահպանում են իրենց իրավունքը։ Դա մեծ քաղաքականության հարց է, ամեն դեպքում ինձ այդպես է թվում։ Իսկ ինչ վերաբերում է պայմանագրին այն առումով, որ այն անժամկետ է կամ հավերժ, այս աշխարհում հավերժ ոչինչ չկա։ Մենք էլ ժամանակին Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ ստորագրել ենք Բիշքեկյան անժամկետ համաձայնագիրը, որի համաձայն՝ պետք է զինադադար լիներ։ Բայց Ադրբեջանը 26 տարի անց թքեց դրանց վրա ու առաջ գնաց։ Ու բոլորը լռում են, նախագահ Պուտինն ասաց, որ եթե ունակ եք ինչ-որ բան ավելի լավ անել, փորձեք։ Բայց չի նշում, որ այդ համաձայնությունները, որոնք ստորագրվել են, խախտվել են։ Մենք այսօր տեսնում ենք, որ ՄԱԿ-ը՝ որպես միջազգային կառույց, տարբեր կողմերից հարձակումների է ենթարկվում։ Հատկապես դրա մասին են խոսում Էրդողանի հայտարարությունները։ Նրանց կրկին մերժեցին տեղ հատկացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, իսկ Էրդողանին դա դուր չեկավ, նա դա սխալ համարեց։ Նա ակնարկում էր, թե ո՞ւր է այդ ամենում մահմեդական աշխարհը։ Այսինքն՝ նախորդ պատերազմի հաղթողները որոշել են շարունակել կառավարել աշխարհը։ Իսկ թուրքերը նոր կայսրության հայտ են ներկայացնում, թյուրքական, մահմեդական կայսրության։ Ու ցանկանում են իրենց ներկայացվածությունն ունենալ այդ կարևոր մարմնում։

Կարսի ու Մոսկվայի պայմանագրերին հայկական իրականությունում, խոսքը հանրային տիրույթի մասին է, անդրադառնում են հիմնականում մարգինալները ու քննարկումներում, բացի այս երկուսից, միշտ կա նաև Սևրի պայմանագիրը։ Ու այդ քննարկումները, որպես կանոն այնքան էլ առողջ չեն ու տրամաբանական քիչ բան կա դրանց մեջ։ Մարգինալ խմբերն էլ, օգտվելով նման անտեղյակությունից, շարունակում են մանիպուլացնել մարդկանց։

Մի բան կասեմ, մարգինալները հենց դրա համար էլ նախատեսված են, որ մանիպուլացնեն, հենց դրա համար էլ մարգինալ են։ Ու պարտադիր էլ չէ, որ յուրաքանչյուր մարդ պրոֆեսիոնալ մակարդակում, դիվանագիտորեն գիտակցի այդ ամենի կարևորությունը։ Մարդիկ ապրում են իրենց կյանքով, ու այս թեման նրանց համար հետաքրքիր ու կարևոր է, քանի որ ուղիղ կապ ունի իրենց անվտանգության հետ, իրենց կյանքի հետ։ Արցախում տեղի ունեցածը, առաջին ու երկրորդ պատերազմները, ճնշումը, որ բոլոր կողմերից բանեցնում են այդ մարդկանց վրա։ Երկրորդ կետը, ես իհարկե կոչ կանեմ բոլոր մասնագետներին, փորձագետներին, իրենց այդպիսին համարողներին ու լրագրողական համայնքին, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրեն գործի էությունը, որպեսզի չխոսեն այն ամենից, ինչից տեղյակ չեն։ Բայց կարող եմ ասել, որ հայկական իրականությունում կան շատ կոմպետենտ մարդիկ։ Ես մի բան կասեմ, մենք Արա Պապյանի մասին ինչ կարծիք էլ ունենանք, նրա քաղաքական հայացքների ու գործունեույթան վերաբերյալ, նրա ՝ «Արևմուտքը մեզ կօգնի» դիրքորոշման վերաբերյալ, բայց այն, որ նա պրոֆեսիոնալ գնահատական է տալիս այդ իրավական փաստաթղթերին, թե իր գրավոր, թե բանավոր տեքստերում, դա չի կարելի ժխտել։ Մարդը թեմայի մեջ։ Նա եղել է դիվանագետ, դեսպան, բայց պաշտոնը դեռ չի խոսում կոմպետենտության մասին։ Ես շատ դեսպանների եմ տեսել այստեղ՝ Մոսկվայում ու ոչ միայն Մոսկվայում, որոնք շատ հեռու էին Հայաստանի թեմայից։ Նրանց ավելի շատ, ցավոք սրտի, կոմերցիոն նախագծերն են հետաքրքրում։ Բայց Հայաստանում կան կոմպետենտ մարդիկ, որոնք շատ լավ են տիրապետում Կարսի ու Մոսկվայի պայմանագրերին ու դրանց բոլոր իրավարար հետևանքներին։ Այլ հարց է, որ պետք է հանրությանն էլ լուսավորել, տեղեկացնել։ Դա կարելի է անել ԶԼՄ-ների միջոցով, ժամանակակից էլեկտրոնային համակարգերի միջոցով, որպեսզի կոմպետենտությունը հնարավոր լինի պահել, որպեսզի մարդ խոսի նրանից, ինչի տեղյակ է, այլ ոչ թե ինչ-որ բան ուղղակի ասի ասելու համար։ Իհարկե, հասարակությանը տեղյակ պահել պետք է, բայց նաև հավելյալ խնդիրներ պետք չէ ստեղծել հասարակական փսիխոզից խուսափելու համար։ Ընդ որում, հիմա շատ մեծ լոբբի է գնում հատկապես Ռուսաստանում, որտեղ ընդդիմախոսները կառչում են այդ պայմանագրից ու այն ընդունում որպես բացարձակ ճշմարտություն։ Այդ ընդդիմախոսներին աջակցում են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։ Ու դա հասկանալի է, քանի որ դա նրանց շահերից է բխում։ Սակայն ավելի պրոֆեսիոնալները խորացել ու գտել են խութեր այդ պայմանագրում։ Անգամ արևի վրա կետեր կան։

Ձեր հոդվածում անդրադարձել էիք Կարսի պայմանագրի հետևանքներին ու դերակատարներին։ Հետեւանքներին դեռ կանդրադառնանք։ Որտե՞ղ էր այդտեղ հայերի բացթողումը, հայերի սխալը։ Որտե՞ղ էին այդ պայմանագրում հայերը։

Իմ շատ ռուս գործընկերներ մեղադրում են հայերին ոչ այնքան գրագետ լինելու մեջ, խոսքը դաշնակցական կառավարության մասին է։ Ըստ նրանց՝ դաշնակցական կառավարությունում նացիոնալիստներ էին ու արդյունքում չհրաժարվեցին Սևրի պայմանագրից։ Իսկ ի՞նչ երաշխիքներ ունեինք, որ մյուս երկրները, որոնք ուզում էին մեզ օգնել, ցանկանում էին մեզ հանձնել անկախ Հայաստան։ Ոչ մի երաշխիք, ավելին, ոչ ոք չէր պատրաստվում դա անել։ Մյուս տեսանկյունից, ես ուսումնասիրել եմ բոլոր չորս վարչապետների կենսագրությունները։ Նրանցից ոչ մեկն էլ անգրագետ կամ անկիրթ չէր։ Իսկ ինչո՞ւմն էր նրանց անգրագիտությունը, ըստ այդ կոլեգաների։ Ամբողջ հարցը նրանումն է, թե ինչու չհրաժարվեցին Սևրից ու իրենց պատմական հողերից։ Որովհետև հայերը վերապրել էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ամբողջը ազգը գաղթականի կարգավիճակում էր, ու նրանք չէին կարող հրաժարվել իրենց հողերից։ Դա հայերի մեղքը չէ։ Բայց բոլոր նրանք, որոնք այսօր այդ թեզն են առաջ տանում, ժամանակին իրենց երկրների առաջին դեմքերի մակարդակով, վերցնենք նույն ֆրանսիացիներին, առաջարկում էին հայերին ստեղծել զինված ջոկատներ, ու կռվել թուրքերի թիկունքում։ Այ , եթե դրան համաձայնեին, այ դա տգիտություն կլիներ, քանի որ ժողովրդին պարզապես կզոհաբերեին։ Ես իմ հոդվածում անդրադառնում եմ նաև Լևոն Շանթին, նրա Մոսկվա կատարած այցին ու առաքելությանը։ Նպատակը հետևյալն էր, պետք կնքվեր համաձայնագիր փոխադարձ ճանաչման մասին, այսինքն՝ հայերը ճանաչում էին Լենինի կառավարությունը ու պետք է գործակցեին նրա հետ։ Բոլոր հարցերում հայկական կողմը համաձայն էր գնալ զիջումների՝ բացի Սևրի համաձայնագրից հրաժարվելուց։ Ալեքսանդրապոլի համաձայնագիրը կնքվեց ժամանակ շահելու համար, որպեսզի մայրաքաղաքը փրկեն օկուպացիայից։ Ինչ վերաբերում է խորհրդային իշխանություններին, Սարգիս Կասյանին ու Ասքանազ Մռավյանին, ապա նրանք անմիջապես Մոսկվայի թելադրանքով հրաժարվեցին բոլոր պահանջներից։ Դե իսկ վեհաժողովը տեղի ունեցավ փետրվարին, քանի որ Խորհրդային Ռուսատանին անհրաժեշտ էր գրավել նաև Վրաստանը։

Եթե պայմանագիրը պրոյեկտենք մերօրյա իրականության վրա, հատկապես երբ ու որ հարցում ենք տեսնում այդ պայամանգրի հետևանքները։

Մասամբ, այն, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան, մասամբ նաև Ռուսաստանը Հայաստանից պահանջում են խաղաղության պայմանագրի կնքում, սահմանների դեմարկացիա ու Արցախից հրաժարում, դա էլ հենց Կարսի պայամանագրի հետևանք է։ Հարավային Կովկասն, ըստ իրենց, բաժանել են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Բայց հիմա ուժերի հարաբերակցությունն էլ այլ է։ Այժմյան Ամերիկան, այն Ամերիկան չէ, ինչ կար 20-րդ դարի 20-ականներին։ Մենք տեսնում ենք նաև, որ այստեղ մի շարք այլ խաղացողներ էլ են հայտնվել։ Մենք տեսնում ենք ասիական երկրների ներկայությունը, օրինակ՝ Իրանի, նաև Չինաստանի, նաև տեսնում ենք Իսրայելի ակտիվությունը։ Դե նաև Եվրոպան։ Բոլոր ճանապարհները տանում են Եվրոպա։ Հնդկաստանն ուզում է Եվրոպա գնալ, Չինաստանն ու Թուրքիան՝ նույնպես։ Այնպես որ հիմա պետք է վարել ավելի հավասարակշռված ու գրագետ քաղաքականություն։ Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից, բայց այդ դաշինքը պետք է նոր բովանդակությամբ լցվի։ Ես ընդգծում եմ, որ Կարսի պայմանագիրը Ռուսական կայսրության անկումն էր։ Դա Լենինի քաղաքականության արդյունքն էր։ Իսկ ինչո՞ւ այդպես պատահեց։ Ես հոդվածում պահաբար չէի նշել Գիպիուսի ու Պամլիի երկխոսությունը։ Հայերին կոչ էին անում այն ժամանակ, որ չմտնեն այդ հեղափոխական շրջապտույտի մեջ։ Բայց հայերը չլսեցին, ու այստեղ էր հենց դաշնակների սխալը, քանի որ դատարկ խոստումներ էին տվել նրանց, իսկ նրանք էլ հավատացել էին։ Նրանք հետո իրենց խոսքերը հետ վերցրին, ու հայերը հայտնվեցին շատ վատ իրավիճակում, ինչպես որ տեղի ունեցավ։ Եթե այսօրվա մասին ենք խոսում, ապա Արցախը Ռուսաստանի համար ինչպես 18-19-րդ դարերում, այնպես էլ հիմա, մնում է ակտիվ աշխարհաքաղաքական կենտրոն։ Ռուսաստանը ցանկանում է Ղարաբաղի միջոցով փակել Ադրբեջանի ճանապարհը դեպի արևմուտք։ Քանի որ եթե դա տեղի ունենա, դրանից կօգտվեն նաև միջինասիական երկրները։ Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում են դուրս գալ Ադրբեջանով Թուրքիա։ Ու եթե ստացվի պատկերն աղետալի կլինի։ Համապատասխանաբար, եթե այդ սցենարը լինի, Վրաստանն ու Ուկրաինան կկորցնեն իրենց հետաքրքրությունն Արևմուտքի համար։ Ու հայ քաղաքական գործիչները կարող են համոզել ռուսներին, որ նմանատիպ սցենար էլ է հնարավոր։ Եթե ռուսական քաղաքական վերնախավն այդ ամենին ականջալուր չլինի, այդ դեպքում անհրաժեշտ է կառուցել բոլորովին այլ քաղաքական կուրս։ Եթե Լավրովը խոսում է նեոֆաշիստական կուսակցությունից, ապա ինչու հայերին զոհ դառնալ պանթուրքիզմի ճանապարհին, ինչպես ժամանակին ասում էր Վեհիդ փաշան Բաթումի վեհաժողովի ժամանակ։ Ուրեմն պետք է փոփոխությունների պատուհան բացել։ Եթե Ձեր ընկերը Ձեզ ծնկի է բերում Ձեր դարավոր թշնամու առաջ, ուրեմն կամ ընկերն այնքան էլ ընկեր չէ, կամ էլ թշնամին այնքան էլ թշնամի չէ։ Ուրեմն գուցե պետք է փորձել աշխատել Թուրքիայի հետ։

Ձեր հոդվածում անդրադառնում եք նաև Սայքս-Պիկո-Սազոնով գաղտնի համաձայնագրին։ Մի փոքր ավելի մանրամասն կխոսե՞ք դրա մասին։

Կարսի պայմանագիրը այդ գաղտնի համաձայնության հակապատկերն է։ Այդ համաձայնությունը կայացել է 1916 թվականի մայիսին՝ Առաջին աշխարհամարտի տարիների ակտիվ շրջանում։ Այդ համաձայնությունը Անտանտի առաջատար պետությունները կնքել էին՝ որպես Թուրքիայի ասիական տարածքների բաժանման փաստ։ Խոսքը ազդեցության գոտիների բաժանման մասին էր, ու Ռուսաստանն իրավունքի ուժով ստանալու էր Հայաստանը, մասամբ Քուրդիստանն ու Կոնստանդուպոլիսը, բայց քանի որ Լենինը դուրս եկավ այդ խաղից, նա առ ոչինչ ճանաչեց բոլոր իրավական համաձայնությունները, նա դուրս եկավ Առաջին աշխարհամարտից։ Այդ պատճառով էլ Կարսի պայմանագիրը լրիվ հակապատկերն է այդ համաձայնագրի։ Նրանք իրենք իրենց ոտքից կրակեցին, հրաժարվեցին պատերազմի ընթացքում ունեցած ձեռքբերումներից, քանի որ ռուսական բանակը Տրապիզոնից մինչև Վան տարածքներն իր վերահսկողության տակ էր վերցրել, շուրջ 600 կիլոմետր ճակատային գծով։ Նրանք փաստացի ազատագրել էին Արևմտյան Հայաստանը, որը հետո հանձնեցին ԱՄՆ-ի մանդատին։ Այսինքն՝ Անտանտում Ռուսաստանի տեղը զբաղեցրին ամերիկացիները։ Իսկ թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս։

Հեղինակ՝ Աղվան Ասոյան