Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը 12 գիտական հոդվածի և 4 ուսումնական ձեռնարկի հեղինակ է։ Մարտիրոսյանն այս աշխատանքներից միայն 1-ը՝ «Էկոլոգիական խնդիրները՝ էկոլոգիական ժուռնալիստիկայի դիտանկյունից» վերտառությամբ հոդվածն է գրել միանձնյա, իսկ մյուս աշխատանքների դեպքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը հանդես է գալիս որպես համահեղինակ։
Նաղաշ Մարտիրոսյանի աշխատանքների թեմատիկ ուղղությունների բազմազանությունից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք կա՛մ բազմոլորտ գիտական հետաքրքրությունների տեր մարդու հետ, կա՛մ էլ մի մարդու, ով, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, իր անունը խցկում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր դասախոսների աշխատանքների մեջ՝ որպես համահեղինակ։ Ընդ որում, սա Հայաստանի կրթական համակարգում շատ տարածված խարդախություն է, որի արմատները բավականին խորն են։
Նախևառաջ կասկածներ առաջացրեց այն հանգամանքը, որ Նաղաշ Մարտիրոսյանը Դավիթ Պետրոսյանի և Տարոն Դանիելյանի հետ Տոմսկի պետական համալսարանի ամսագրում հրապարակված “Переводная художественная литература в армянских журналах Тифлиса конца XIX – начала XX вв” («Թարգմանական գեղարվեստական գրականությունը՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Թիֆլիսի հայկական ամսագրերում») հոդվածի համահեղինակն է։ Նկատենք՝ սա այս թեմայով Նաղաշ Մարտիրոսյանին վերագրվող միակ գիտական աշխատանքն է, մինչդեռ հոդվածի մյուս համահեղինակներից Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը հենց հայ մամուլի պատմությունն է, իսկ նույն ամբիոնի ժամավճարով դասախոս Տարոն Դանիելյանն այս թեմայով մի քանի աշխատության համահեղինակ է։ Ենթադրաբար՝ տվյալ պարագայում Դավիթ Պետրոսյանն ու Տարոն Դանիելյանը լավության կարգով Նաղաշ Մարտիրոսյանին ևս ներկայացրել են հոդվածի համահեղինակ, կամ էլ վերջինս պարտադրել է դա անել։
Ուշադրության է արժանի նաև այն իրողությունը, որ «Հայ պարբերական մամուլը՝ որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի 2-րդ կես – 20-րդ դարասկիզբ)» վերնագրով թեմատիկ գիտական դրամաշնորհի անոտացիայում նշված է, որ հայկական մեդիայի զարգացումը պատկերաբանական (իմագոլոգիական) հարացույցի համակարգում ուսումնասիրելու առաջին փորձերը կատարել են Տարոն Դանիելյանը և Դավիթ Պետրոսյանը, իսկ այդ դրամաշնորհի արտասահմանյան գործընկեր Նիկոնովան պատկերաբանական ուսումնասիրությունների հարուստ փորձ ունի։ Հատկանշական է, որ Նաղաշ Մարտիրոսյանի անունը դրամաշնորհի այս անոտացիայի մեջ բացակայում է, սակայն եթե նա իսկապես վերոհիշյալ գիտական հոդվածի համահեղինակներից մեկն է, որտեղ արծարծված են թարգմանական գրականության գաղափարաբանական ու պատկերաբանական գործառույթների խնդիրները, ապա տրամաբանական կլիներ, որ նրա անունը ևս լիներ այնտեղ։
Տարոն Դանիելյանի հետ համահեղինակած մյուս հոդվածում մեկ այլ խորամանկություն կա։ 8 էջ կազմում է հոդվածի բուն ծավալը՝ ներառյալ գրաֆիկական պատկերներն ու աղյուսակները, ևս 8 էջ կազմում է օգտագործված գրականության ցանկը՝ 143 անուն գրականություն՝ գերազանցապես ատենախոսություններ։ Տպավորություն է ստեղծվում, որ այդքան ատենախոսությունները կարդացվել են, այնինչ դիտարկվել են միայն դրանց վերնագրերը, շիֆրերը և արտաքին այլ ատրիբուտներ, ընդ որում՝ վերլուծություն բացակայում է, առկա է միայն դասակարգում։ Որևէ նորույթ, որևէ արժանահիշատակ եզրակացություն չկա։
Տարոն Դանիելյանի հետ համահեղինակած մյուս՝ «Ամանորը՝ որպես տեղեկատվական օրակարգի թեմա (News.am և Tert.am լրատվական կայքերի օրինակով)» հոդվածում էլ ընդամենը 6 անուն գրականություն է օգտագործված, ընդ որում, դրանք ոչ մի իմաստային ու բովանդակային կապ չունեն բուն խնդրի հետ, դրանցում մեկական տեղ ընդամենը էպիզոդիկ հղումներ են արվում։ Հայտնի չէ, թե ինչու են հենց տվյալ 2 ընդդիմադիր լրատվամիջոցներն ընտրվել որպես ուսումնասիրության օբյեկտ, ինչ սկզբունքով, հոդվածում որևէ հիմնավորում չի ներկայացվում սրա վերաբերյալ։ Արդեն հոդվածի եզրակացությունների բաժնում տրվում են քաղաքականապես տենդենցիոզ գնահատականներ՝ ընթերցողի մոտ ստեղծելով տպավորություն, որ միայն ընդդիմադիր լրատվամիջոցներն են Ամանորը՝ որպես տեղեկատվական օրակարգի թեմա ծառայեցնում քաղաքական օրակարգն առաջ տանելուն։ Բուն տեքստի մեջ առկա է միայն նշված կայքերի բովանդակության քանակական բնույթի վերաշարադրանք, իսկ դրանց վերլուծությունը բացակայում է։
Նաղաշ Մարտիրոսյանի գիտական աշխատնքներն ուսումնասիրելիս նկատեցինք նաև, որ համահեղինակ է նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «21-րդ դար» հանդեսում տպագրված “THE INFLUENCE OF SOAP OPERAS ON ARMENIAN TV ON THE FORMATION OF THE SOCIAL BEHAVIOR OF TEENAGER” («Հայկական հեռուստատեսության սերիալների ազդեցությունը դեռահասի սոցիալ-հոգեբանական վարքի ձևավորման վրա») հոդվածին։ Այս հոդվածի դեպքում էլ ուշադրության է արժանի այն իրողությունը, որ այն հրապարակվել է անգլերեն, մինչդեռ Մարտիրոսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա գիտի միայն հայերեն և ռուսերեն։
Oragir.News-ը կապ հաստատեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ՝ այս իրողությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ խոստանալով մեկ ուրիշ առիթով խոսել։ Այս հանգամանքը, ինչպես նաև մեր հիշատակած իրողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Նաղաշ Մարտիրոսյանը դիմում է պարզագույն խարդախության՝ խցկվելով Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների գիտական աշխատանքներում՝ որպես համահեղինակ։
Oragir.News-ը պատրաստ է ոչ միայն Նաղաշ Մարտիրոսյանի պարզաբանումը հրապարակել, եթե իհարկե, նա նման ցանկություն կունենա, այլև հյուրընկալել բազմամյա փորձ ունեցող դասախոսին մեր տաղավարում՝ քննարկելու նրա գիտական հոդվածների բովանդակությունը, ինչպես նաև համահեղինակության առանձնահատկությունները։
Գևորգ Էմին–Տերյան
Դավիթ Գույումջյան