Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, նրա կնոջ՝ Ամալյա Քոլոզյանի, և նրա ծնողների՝ Երվանդ Մարտիոսյանի և Լաուրա Հակոբյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։
Նշենք՝ Գուրգեն Մարտիրոսյանը Գավառը ղեկավարում է դեռևս 2005 թվականից։ Նա 2005-2012 թվականներին եղել է ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի հիմնադրած Միավորված աշխատանքային կուսակցության անդամ։
Մարտիրոսյանը 2021-ի ՏԻՄ ընտրություններում պիտի լիներ ՔՊ-ի թեկնածուն, նրա հովանավորն անձամբ Գուրգեն Արսենյանն էր, սակայն ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, շիշ բռնող մականվամբ հայտնի Հայկ Սարգսյանի միջամտությամբ ՔՊ–ն մեկ այլ թեկնածուի է առաջադրում, իսկ Մարտիրոսյանը առաջադրվում և հաղթում է իր անունը կրող՝ Գուրգեն Մարտիրոսյան դաշինքով, որի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է։ Արդյունքում զավեշտալի իրավիճակ ստեղծվեց․ Գավառում ՔՊ-ն հաղթեց ՔՊ-ին։Որպես անշարժ գույք՝ Գուրգեն Մարտիրոսյանը, հայտարարագրել է Գավառում գտնվող 3 հողամաս, որից 2-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ 2 արտադրական շինություն, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն, որոնք ձեռք է բերել, նվիրատվություն և ժառանգություն է ստացել 1992-2016 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Գավառի համայնքապետը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նույն թվականի մայիսի 10-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։
Նա ունեցել է նաև արժեթղթեր, որոնց մանրամասները հայտարարագրում չի ներկայացրել։
Մարտիրոսյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 100 մլն դրամ և 200 հազար դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 49 մլն 369․367 դրամ, որից 7 մլն 389․367 դրամը Գավառի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 40 մլն դրամը՝ քաղաք Մարտունիից ստացած փոխառությունը, իսկ 1 մլն 980 հազար դրամը՝ Գավառի Կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ից վարձակալության դիմաց ստացված եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 79 մլն 679 հազար դրամ։
Համայնքապետն իր եկամուտներից 25 մլն 829․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Մարտիրոսյանի կինը՝ Ամալյա Քոլոզյանը ոչինչ չի հայտարարագրել․ շարժական և անշարժ գույք, կանխիկ և անկանխիկ միջոցներ, եկամուտներ։
Գավառի համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, հայտարարագրել է 14 միավոր անշարժ գույք․ Գավառում գտնվող 2 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ, 8 հողամաս, որից 6-ը միանձնյա, 2-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված անշարժ գույք, միանձնյա սեփականությամբ ամառանոց և համատեղ սեփականությամբ 2 առանձնատուն, որոնք ձեռք է բերել, նվիրատվություն կամ ժառանգություն է ստացել 1991-2016 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Երվանդ Մարտիրոսյանը չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա ունեցել է 4․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին զրոյացել է։
Հաշվետու տարում Երվանդ Մարտիրոսյանի եկամուտները կազմել են 8 մլն 796․934 դրամ, որից 5 մլն 721․984 դրամը Միասնական սոցիալական ծառայությունից ստացած կենսաթոշակն է, 2 մլն 318․950 դրամը՝ Երյունա ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը, 756 հազար դրամը Իմպերիալ լայֆսթոք ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացած եկամուտը։
Վերջինս իր եկամուտներից 4 մլն 500 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Համայնքապետի մայրը՝ Լաուրա Հակոբյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ հողամաս և առանձնատուն՝ Գավառում, որոնք ժառանգություն է ստացել 2010 թվականի հունիսի 7-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Վերջինս շարժական գույք, կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 549․960 դրամը, որը նրա կենսաթոշակն է։