ԿԲ-ի անկախության փուչիկը ծակվեց վարչապետի սպառնալիքի ներքո   
copy image url

ԿԲ-ի անկախության փուչիկը ծակվեց վարչապետի սպառնալիքի ներքո   

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:00 22-01-2025
Ավտորիտար քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքով. «Թույլատրված է այն, ինչ հրամայված է»։ Իսկ կառավարման օղակները գործում են բացառապես պետության ղեկավարի թելադրանքով, անկախ այն բանից, դրանք հակաօրինական են, հակասոցիալական կամ հակամարդկային։ Ժողովրդավարական երկրներում ամեն ինչ օրենքով, իրավական ակտերով է կարգավորվում, որոնք թափանցիկ են ու հիմնավորված։ Ինչպիսի՞ սկզբունք է գործում Հայաստանում։

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում խոսեց ծառայողական մեքենաները կրճատելու արշավ սկսելու մասին։ Ավելին՝ նա ուղղակի սպառնաց որոշ պաշտոնայների, եթե վերջիններս չկրճատեն ավտոմեքենաները։ Մասնավորապես՝ համայնքապետերին սպառնաց, որ կզրկի սուբվենցիոն ծրագրերից։ Կառավարության բազմաթիվ օղակներ շտապեցին խուսափել Փաշինյանի պատժամիջոցներից և կրճատել իրենց ավտոպարկը։ Ի դեպ՝ կրճատումներ արվում ոչ միայն կառավարման օղակներում, այլև այնպիսի կառույցներում որոնք վարչապետին ենթակա չեն։

Սա ավտորիտարիզմի դրսևորում է։ Այսինքն՝ երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձի խոսքը, տվյալ դեպքում ծառայողական ավտոմեքնեաները կրճատելու սպառնալիքը օրենքին հավասար ուժ է ստացել։

Մասնավորապես՝ հունվարի 21-ին Oragir.News-ը լուր է հրապարակել, հայտնելով, ԿԲ-ում ծառայողական ավտոմեքենաների վարորդներին ստիպել են ազատման դիմումներ գրել և ազատվել աշխատանքից, նրանց վճարելով հավելյալ 2 ամսվա աշխատավարձ։ Ենթադրելի է, որ Կենտրոնական բանկը, որն օրենքով անկախ մարմին է, հետևել է Նիկոլ Փաշինյանի շոու-որոշմանը կամ տրվել սպառնալիքներին և մոտ երկու տասնյակ ծառայողական ավտոմեքենաներ է կրճատել, թողնելով ընդամենը 1-2-ը։ Պատկերավոր ասած՝ ԿԲ ինքն իր ձեռքով իր անկախության փուչիկը ծակել է վարչապետի սպառնալիքի ներքո։

Ծառայողական ավտոմեքենաները կրճատելը արդարացված է այն դեպքում, երբ դրանցից օգտվող պաշտոնյաները սեփական ավտոմեքենա ունեն, գործից տուն և տանից աշխատանքի են գնում, այլ, ակտիվ տեղաշարժեր չեն անում գործի բերումով։ Այդպիսով՝ կարելի է խնայել հարկատուների միջոցներն, ու դրանք ուղղել այլ ծրագրերի և խնդիրների։ Սակայն այդ ամենը պետք է իրականացնել օրենքով, կարգով համապատասխան իրավական կարգավորումով, որով կսահմանվեն կրճատման հիմքերը, անհրաժեշտությունը, տարբեր հիմնարկների քվոտաները։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ավտոմեքենաների կրճատման հետևանքով աշխատանքից զրկվում են տասնյակ քաղաքացիներ, որոնք վարել, սպասարկել են այդ ավտոմեքենաները, բարեխիղճ աշխատել են, հարկեր վճարել։ Հետևաբար՝ կրճատելուց առաջ պետք էր որոշել նաև կրճատման հետևանքով աշխատանքից զրկվածներին համակարգում աշխատանքի տեղավորելու հարցը։

Այս պարագայում դա հաշվի չեն առել։ Եվ վարչապետի սպառնալիքին տրվելով, աշխատանքից ազատել են ԿԲ-ի վարորդներին, նրանց մատնելով գործազրկության և աղքատության։ Սա անմարդկային, հակասոցիալական մոտեցում է։ Եվ իրապես վտանգավոր է, որ անկախ մարմին հանդիսացող ԿԲ-ն է ենթարկվում կառավարության ղեկավարի սպառնալիքներին։ Այդպիսով՝ տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն ավտորիտար պետություն է, որտեղ հարցերը կարգավորվում են ոչ թե օրենքով, իրավական ակտերով, այլ վարչապետի սպառնալիքներով։

Լավատեսները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ վնաս է պատճառում պետությանն ու հասարակությանը այսօրինակ գործելաոճով։ Նրան, հավանաբար՝ հետաքրքրում է միայն իր վարկանիշը։ Ուժեղ ղեկավարի տպավորություն ստեղծելու փորձերի արանքում նրա խոսքն ավելի զորեղ է դառնում, քան օրենքը։ Պետական կառույցներն էլ, անկախ կարգավիճակից, այնքան են վախենում նրանից, որ պատրաստ են անմարդկային, հակասոցիալական քայլեր անել, միայն թե խուսափեն Փաշինյանի պատժամիջոցներից։ Կարելի է պատկերացնել, թե ինչ անմարդկային քայլերի կդիմեն վարչական պատասխանատուները, եթե առաջիկա ընտրություններում Փաշինյանը սպառնա՝ աշխատել ՔՊ-ի օգտին, հակառակ դեպքում...

Կարճ ասած՝ կա հիմնավոր մտավախություն, որ Փաշինյանը և նրա սպառնալիքին տրվողները Հայաստանը դարձնում են ավտորիտար պետություն, այլասերելով քաղաքական համակարգը, արժեզրկելով ժողովրդավարությունը, առաջացնելով անվտանգային իրական ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են