Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:25 21-01-2025

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 9%-ը քրոնիկ թերսնվում է․ ՄԱԿ-ի ՊՀԾ

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող, դեպի ծով ելք չունեցող, պարենամթերք ներկրող երկիր է, որը բավական խոցելի է արտաքին ազդակների նկատմամբ: 1991 թվականից ի վեր Հայաստանի սահմանների փակումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացասական ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության վրա՝ դժվարացնելով առևտուրը, աշխատուժի շարժը։Հայաստանը վերջին տարիներին բախվել է մի շարք մարտահրավերների՝ «COVID-19»-ի համաճարակ, հայ-ադրբեջանական շփման գծում բախումներ, 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններ, ինչի արդյունքում ավելի քան 100․000 մարդ մեկ շաբաթվա ընթացքում ստիպված եղավ փախչել Հայաստան:

Արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) սկսեց օգնություն տրամադրել փախստականներին և խոցելի համայնքներին, այդ թվում՝ ապաստան, սնունդ և հոգեբանական աջակցություն։ ՊՀԾ-ն Հայաստանում չի սահմանափակվում միայն մեկանգամյա օգնություն ցուցաբերելով, այլ նաև աշխատում է երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ, այն է՝ բարելավել սննդային անվտանգության մակարդակը, համայնքներն ուժեղացնելու և զարգացնելու նպատակով տեղի գյուղացիներին աջակցություն և միջոցներ տրամադրել, որոնք թույլ կտան արտադրել սնունդ, որը կբավարարի ներքին պահանջը։

2022 թվականի պաշտոնական տվյալներով՝ աղքատության մակարդակը 24.8% է։ 2024 թվականի մարտին ՊՀԾ-ն իրականացրել է սննդի անվտանգության վեցերորդ գնահատումը, ինչը ցույց է տվել, որ ընտանիքների 30%-ը սննդի ապահովման խնդիրներ ունի, 25%-ը աղքատ է, իսկ մինչև 5 տարեկան երեխաների 9%-ը քրոնիկ թերսնվում է։ ՊՀԾ-ն, համագործակցելով Հայաստանում գործող ՀԿ-ների հետ, սկսել է «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրում Հայաստանում» նախագիծը: Այս նախագիծը իրականացվելու է երեք տարվա ընթացքում և ուղղված կլինի փախստականների ու խոցելի համայնքների կենսամակարդակի և դիմացկունության բարելավմանը։ ՊՀԾ-ի նպատակն է, որ փախստականների և տեղական բնակչության համար առողջ սնունդը դառնա հասանելի, վերջիններս հնարավորություն ունենան օգտագործելու սննդարար և անվտանգ տեղական սնունդ, որն արտադրվում է կայուն գյուղատնտեսական գործընթացների միջոցով։

Հաջորդ նպատակը գյուղատնտեսներին տրվող աջակցությունն է, որը կօգնի շուրջ 700 փոքր արտադրողի զարգացնել տնտեսավարման հմտությունները, նաև կներդրվեն կլիմայական փոփոխություններին դիմակայող գյուղատնտեսական գործիքներ: Հաջորդ նպատակն է կրթական հաստատություններին տրամադրել արևային կայաններ։ Տասը դպրոց կստանա արևային կայաններ, որոնք կդառնան շրջակա միջավայրի պահպանման համար բարենպաստ էներգիայի աղբյուր: Դա նպատակ ունի աջակցելու փախստականներին, ուժեղացնելու տեղական համայնքների դիմացկունությունը և աջակցություն ցուցաբերելու գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության և շրջակա միջավայրի վրա։ ՊՀԾ-ն նաև ստորագրել է եռակողմ համագործակցության պայմանագիր Ասիական զարգացման բանկի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ։ ՊՀԾ-ն տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը՝ գործի դնելով «Ռևոլվինգ ֆոնդ» համայնքային զարգացման մոդելը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ուժեղացնելու տասը համայնքի կարողությունները, բարելավելու դրանց էներգետիկ անվտանգությունը և ստեղծելու տնտեսական վերականգնման աղբյուրները։

Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում իրականացնում է մի շարք կարևոր նախաձեռնություններ՝ կենտրոնանալով մի քանի ոլորտների ուղղությամբ.

Սննդային համակարգի ծրագիր. ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի նպատակն է բարելավել սննդի հասանելիությունը և որակը՝ կենտրոնանալով տեղական արտադրության վրա։ Նախաձեռնություններից մեկը սննդային քարտի տրամադրումն է․ խոցելի խմբերը կարող են օգտագործել հատկացված գումարը՝ հատուկ ընտրված խանութներից և սուպերմարկետներից սնունդ գնելու համար։ Աջակցությունը ժամանակավորապես իրականացվում է ՊՀԾ-ի կողմից, հետագայում այն փոխանցվելու է Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս ինքնուրույն շարունակի ծրագիրը։ Դպրոցականներին տրամադրվող սննդի ծրագիրը 2022 թվականին ազգայնացվեց՝ կառավարությունը սկսեց տրամադրել դպրոցականների սնունդը առանց ՄԱԿ-ի կազմակերպությունների ներգրավվածության։ Այնուամենայնիվ, ՊՀԾ-ն հայտնել է, որ դեռևս աջակցելու է այդ ծրագրին և գյուղական զարգացման ծրագրերին՝ դրանք ընդլայնելու և բարելավելու համար․ նպատակն է աջակցել և աշխատանքային հնարավորություններ տրամադրել գյուղական համայնքին՝ նպաստելով որակյալ սննդի արտադրմանը և կայուն ապրուստի պայմանների ստեղծմանը։

Սոցիալական պաշտպանության ծրագիր։ ՊՀԾ-ն համագործակցում է Հումանիտար ականազերծման կենտրոնի հետ, որը նպաստում է նախկինում օգտագործման համար վտանգավոր հողերի մաքրմանը՝ հետագայում գյուղատնտեսական նպատակներով գործածելու համար։ Կարևոր է, որ ՊՀԾ-ն իրականացնում է ոչ միայն սոցիալական օգնության ծրագրեր՝ ուղղված սննդային անվտանգության և անբավարարության խնդիրների լուծմանն ու կանխարգելմանը, այլև կրթական ծրագրեր, մասնավորապես ֆինանսական գրագիտության և սննդաբանության վերաբերյալ՝ նպաստելով կրթական մակարդակի բարելավմանը։

Սոցիալական վարքագծի վերահսկման ծրագիր։ ՊՀԾ-ն իր նախագծերն իրականացնելիս կարևորում է, թե ինչպես են մարդիկ ընտրություն կատարում և ինչպես են արձագանքում տարբեր գործողությունների։ Սա կարևոր է ծրագրի արդյունավետության և մարդկանց ներգրավվածության բարձրացման համար։

Կլիմայական փոփոխության ծրագիր։ ՊՀԾ-ն իր ծրագրերում ներառում է կլիմայի փոփոխությունների դեմ ուղղված և հատկապես գյուղատնտեսության ու համայնքների կայունությանը միտված քայլեր՝ իրականացնելով ոռոգման համակարգերի բարելավման միջոցառումներ, ներդրումներ կատարելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում և մեծացնելով արևային էներգիայի օգտագործումը գյուղատնտեսական աշխատանքներում։ Այն տրամադրում է արևային էներգիայի համակարգեր փոքր և միջին ձեռնարկություններին, համայնքային շենքերին և դպրոցներին։ Սա օգնում է էներգիա խնայել և բարելավել էներգիայի հասանելիությունը, նվազեցնել դիզելային վառելիքի օգտագործումը և ածխաթթու գազի արտանետումները, ինչը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը։ ՊՀԾ-ն նաև տրամադրում է կաթիլային ոռոգման և անձրևաջրերի հավաքման համակարգեր, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ օգտագործել ջուրը՝ բերքը ոռոգելու համար։

Ազգայնացման ծրագիր։ ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է տեղական մակարդակում ստեղծել կայուն լուծումներ՝ ամենատարբեր ոլորտներում ազգային մակարդակով աջակցություն ապահովելու համար:

ՊՀԾ-ն բոլոր ծրագրերի նախագծման փուլում աշխատում է Հայաստանի կառավարության, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների և տեղական խմբերի հետ, ինչը նպաստում է առավել կայուն նախագծերի ձևավորմանը։ ՊՀԾ-ն փորձարկում է սննդի անվտանգության բարելավմանն ուղղված նոր ծրագրեր և հաջողված լինելու դեպքում փոխանցում դրանք համայնքներին ու պետական հաստատություններին, ակտիվորեն աջակցում է ՀՀ կառավարության՝ այլ երկրների հետ համագործակցությանը, իրականացնում է «հարավ-հարավ» համագործակցությունը, որը վերաբերում է զարգացման նույն աստիճանի վրա գտնվող երկրների միջև փոխգործակցությանը, և «եռանկյունի» համագործակցությունը, որում ընդգրկված են նաև առավել զարգացած երկրներ։ Այսպիսի ծրագրերը նպաստում են երկրների միջև փորձի փոխանակմանը և աջակցությանը, ինչն իր հերթին հանգեցնում է տարբեր խնդիրների արդյունավետ և համապարփակ լուծմանը։

ՊՀԾ-ն հետևողական կերպով իրականացրել է մոնիտորինգ և տվել համապատասխան գնահատումներ։

2024 թ․ նոյեմբերին ՊՀԾ-ն շուկայական գների տեղեկագրում նշել է, որ սպառողական գների ինդեքսը (CPI) աճել է միայն 0.6%-ով, իսկ սննդամթերքի գների ինֆլյացիան (FPI) նվազել է 0.5%-ով՝ համեմատած 2023 թվականի հոկտեմբերի հետ։ Նոյեմբերին ՊՀԾ-ն ավարտել է հումանիտար օգնության տրամադրման հետևողական մոնիտորինգը (PDM), որը հատկացվում է Տավուշի մարզի Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում բնակվող 364 փախստական ընտանիքի (1458 մարդ)։ Հարցման արդյունքում հարցվողները նշել են, որ ունեցել են բավարար սնունդ, սակայն 35%-ը ստիպված է եղել օգտագործել տարբեր միջոցներ՝ սնունդ ապահովելու համար։ ՊՀԾ-ի տված այս աջակցությամբ բազմաթիվ ընտանիքներ կարողացել են դուրս գալ սոցիալական անապահով պայմաններից՝ բավարարելով իրենց կարիքները։


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի