Պենտագոնի փորձագետները կանխատեսում են, որ 2025-2026 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր հակամարտության հավանականություն կա։ Փորձագետների կանխատեսմամբ՝ Բաքուն պաշտոնապես պատերազմ չի հայտարարի, այլ լայնածավալ հարձակման կանցնի՝ նպատակ ունենալով վերադարձնել այն տարածքները, որոնք պատմականորեն իրենն է համարում, այս մասին գրում է Вечерняя Москва-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ժամանակակից Հայաստանը գտնվում է Ադրբեջանին պատկանող տարածքներում։ Ըստ նրա՝ Հայաստանը «ֆաշիստական» պետություն է, որը պետք է վերացնի կամ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կամ ինքը։
Պենտագոնի փորձագետները նաև հայտնում են, որ այս պայքարում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, իսկ Հայաստանի կարող է օգնության հասնել Ֆրանսիան։ Միաժամանակ, փորձագետները կասկածում են, որ Փարիզը կկարողանա ժամանակին և բավարար աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Անցած տարի Հայաստանին CAESAR հրետանային համակարգի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բաքուն այս գործարքը «սադրանք» է համարում։
«Եթե Ադրբեջանը որոշի հարձակվել ավիացիայի, հրետանու, հրթիռային համակարգերի, շարժական հետևակի և անօդաչու սարքերի միջոցով, ապա Հայաստանի տարածքը կարող է գրեթե ամբողջությամբ օկուպացվել։ Այս դեպքում ակնկալվում է փախստականների զանգվածային հոսք, որոնց մեծ մասը կուղևորվի Ռուսաստան, առաջին հերթին՝ Կրասնոդարի երկրամաս»,-նշում են Պենտագոնի փորձագետները։
Ի՞նչ հետևանքներ կունենա նոր հակամարտությունը տարածաշրջանի համար
Ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը հավանական է համարում հայ-ադրբեջանական նոր առճակատումը։
«Խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Ադրբեջանը հասկանում է, որ իր առջև հնարավորությունների նոր պատուհան է բացվել։ Ադրբեջանը հզոր դաշնակից ունի տարածաշրջանում՝ ի դեմս Թուրքիայի, որի ազդեցությունը մեծապես աճել է Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո։ Հայաստանում, հակառակը, ամեն ինչ շատ վատ է։ Նախ, հայ-ռուսական հարաբերություններում ընդհարումներ տեղի ունեցան։ Ասադի տապալումից հետո թուլացավ նաև Իրանը։ Բացի այդ, Իրանի բնակչության մեկ քառորդը էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք չեն սիրում Հայաստանը։ Այսպիսով, Իրանը նույնպես դուրս է մնացել Հայաստանի դաշնակիցների ցուցակից։ Հայաստանին կարող է աջակցել Ֆրանսիան, որտեղ հայկական մեծ սփյուռք կա։ Բայց Մակրոնը կօգնի դիվանագիտորեն։ Ադրբեջանն ունի բոլոր հնարավորությունները՝ Հայաստանից ստանալու այն ամենը, ինչ ցանկանում է»,-ասում է Մարկովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս թվարկել է Հայաստանի հանդեպ իր պահանջները․ առաջինը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, երրորդը՝ Հայաստանի հրաժարումը բանակը վերազինելուց և առկա պայմանագրերի խզումը, չորրորդը՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, հինգերորդը՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձը։
«Ադրբեջանն առաջատար տնտեսություն է, առաջատար ռազմական ուժ և առաջատար պետություն Հարավային Կովկասում։ Ժամանակակից աշխարհում ուժի գործոնն առաջնագծում է, և ոչ ոք չպետք է մոռանա դրա մասին»,-ասում է քաղաքագետ Գրիգորի Սավելևը։
Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը վստահ է՝ Հայաստանը պատերազմը շեմին է։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը գլխավոր հարվածը կհասցնի Սյունիքի մարզում, որով ցանկանում է կառուցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
«Ղարաբաղյան վերջին պատերազմները ցույց տվեցին, որ և՛ ռազմական տեխնիկան, և՛ դրան տիրապետելու մակարդակն ամենաբարձր մակարդակի վրա չեն։ Եվ, երկրորդ, հայ հասարակությունը շատ հոգնած է։ Հակամարտությունը տևում է արդեն ավելի քան 30 տարի»,-պարզաբանում է ռազմական փորձագետ, Ռազմական դիվանագետների լիգայի անդամ Իգոր Զաբելինը»։