Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին հայ հանրությունն առավելապես հիշում է 2017 թվականի աշնանը ծավալված «Հանուն գիտության զարգացման» շարժումից։ Այս շարժման ակտիվիստները, այդ թվում Կոստանյանը, դեմ էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունմանը, որով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում էին ստանալու միայն այն ուսանողները, ովքեր կհամաձայնեին պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի։
Շարժման ակտիվիստները 2017-ի նոյեմբերին «Տարկետում լինելու ա» և նմանաբովանդակ այլ կարգախոսներով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում դասադուլեր էին կազմակերպում, ուսանողներին հորդորում միանալ իրենց, ինչպես նաև իրենց պահանջները քննարկելու նպատակով հանդիպումներ ունենում այն ժամանակվա իշխանությունների հետ։ Հայաստանի ներկայիս փոխարտգործնախարարին, ով նախկին իշխանությունների հետ հանդիպումներին մասնակցող ակտիվիստներից մեկն էր, իշխանությունների ներկայացրած հիմնավորումներն ու հավաստիացումները առանձնապես չէին բավարարում։ «
Բերվող հիմնավորումները չեն հանգեցնելու այն հետեւանքներին, որոնց հանգեցնելու է այդ օրենքի ընդունումը: Այն պնդումը, որ ասպիրատուրան օգտագործվում է որպես բանակից խուսափելու ձեւ, այո կա կոռուպցիա կրթական համակարգում, բայց կան նաեւ մարդիկ, որոնք զբաղվում են գիտությամբ: Եթե կրթության համակարգում կա կոռուպցիա, դա պետք է լուծվի կրթության ոլորտի ներսում, տարկետման իրավունքի հանելը այդ խնդիրը չի լուծելու»,- 2017-ի նոյեմբերի 7-ի դասադուլի ժամանակ հայտարարում էր Կոստանյանը՝ ընդգծելով՝ բանակից ազատվելու տարբերակներ շատ-շատ կան, այդ թվում առողջապահական համակարգով, որոնց մասին սակայն չի խոսվում, խոսվում է միայն տարկետման մասին։
Թեպետ 2017-ին շարժման և նախկին իշխանությունների միջև կայացած բանակցություններն արդյունք չտվեցին ու առաջարկվող փոփոխություններն ամբողջովին ընդունվեցին, այնուամենայնիվ բախտը Կոստանյանին ժպտաց և ամիսներ անց՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որի ակտիվ մասնակիցներից մեկն էլ ինքն էր։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թվականի հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում Վահան Կոստանյանին
տարկետման իրավունք տրամադրեց՝ ասպիրանտուրայում ուսանելու համար:
Իշխանափոխությունից հետո Կոստանյանը ղեկավարում էր Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակը, սակայն տարկետում ստանալու համար դիմելուց առաջ նա սեփական դիմումի համար ազատվել էր պաշտոնից։ «Այսօր առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որևէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար։ Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին ու միաժամակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են»,- 2018-ի հունիսի 22-ին գրել էր Կոստանյանը։
Oragir.News-ը փորձեց հասկանալ՝ ինչպիսի ընթացք է ունեցել կրթության ջատագով այս երիտասարդի ուսումնառությունը, և նա ի վերջո ավարտե՞լ է ասպիրանտուրան, թե՞ ոչ, ինչի համար կառավարությունը հարկատուների գրպանից մի քանի մլն դրամ է վճարել․
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված Կոստանյանի կենսագրությունը մեզ թույլ չտվեց ստանալ այս հարցի պատասխանը։ Դրանում միայն նշված էր, որ ՀՀ փոխարտգործնախարարը 2012-2020 թվականներին ուսանել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, սակայն թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու մասին ոչինչ չէր նշվում։ Ընդ որում, եթե Վահան Կոստանյանն ասպիրանտուրայում ուսանելու նպատակով 2018-ի հունիսին սեփական դիմումի համաձայն ազատվել էր Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ապա տարկետում ստանալուց հետո վերջինիս պետական պաշտոններ է զբաղեցրել՝ նշանակվելով ԱԺ նախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետից
Oragir.News-ին տեղեկացրեցին, որ Վահան Կոստանյանը թեկնածուական ատենախոսություն չի պաշտպանել և արդեն 2021 թվականի մայիսին սեփական դիմումի համաձայն դուրս է եկել ասպիրանտուրայից։
Հատկանշական է, որ ասպիրանտուրայում ուսումն ընդհատելուց 1 ամիս առաջ՝ 2021-ի ապրիլի 16-ին Վահան Կոստանյանն ազատվել է զինվորական ծառայությունից՝ արդեն հիվանդության պատճառով։ «
01.12.94թ. ծնված Վահան Ալեքսան(դր)ի Կոստանյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, ազատվել է զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով 54 հոդվածի «բ» կետի և համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ մասի 1-ին կետի 1-ին հոդվածի, և 16.04.2021 թվականի հաշվառվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի N3 տարածքային ստորաբաժանման պահեստազորում»,- հայտնել էին Պաշտպանության նախարարությունից՝ Antifake-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան։
Համադրելով վերոհիշյալ իրողությունները՝ փաստենք, որ 2017 թվականին «Հանուն գիտության զարգացման» շարժման երբեմնի ակտիվիստ Վահան Կոստանյանը պայքարում էր ոչ թե տարկետման իրավունքի առկայության, այլ բացառապես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Փաստերը ցույց տվեցին, որ Վահան Կոստանյանի համար գիտությամբ զբաղվելը բացառապես զինծառայությունից խուսափելու միջոց էր, ինչին հասնելուց հետո նա սեփական դիմումով դուրս եկավ ասպիրանտուրայից՝ չպաշտպանելով իր թեկնածուական ատենախոսությունը։
Ահա այսպիսի տխուր վերջաբան ունեցավ տարկետման իրավունքի ջատագով այս երիտասարդի պատմությունը, ում ուսումնառության համար Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը մի քանի մլն դրամ վատնեց, ինչի համար առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ․․․