Հպարտ քաղաքացին՝ տուգանքի և հարկման մատերիալ․ ումից է ներշնչվել Նիկոլ Փաշինյանը
copy image url

Հպարտ քաղաքացին՝ տուգանքի և հարկման մատերիալ․ ումից է ներշնչվել Նիկոլ Փաշինյանը

Ներքին 4 ամիս առաջ - 18:25 10-01-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ 2018-ի իշխանափոխության օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը օրեր անց հավակնելու էր երկրի ղեկավարի պաշտոնին, հաճախ էր նման հայտարարություններով հանդես գալիս, որոնցով խստորեն քննադատում էր նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը ու շահում տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին հպարտ քաղաքացին փաստացի և ըստ էության շարունակեց մնալ որպես տուգանքի մատերիալ, չնայած հակառակի մասին հավաստիացումներին։ Հայաստանի հեղափոխական իշխանությունները ոչ միայն հպարտ քաղաքացիներին տուգանքներից չազատեցին, այլև զանազան նոր հարկատեսակներով մեծացրեցին նրանց հարկային բեռը, ինչի հետևանքով այժմ՝ 2025 թվականին միջին վիճակագրական քաղաքացին ապրում է շատ ավելի վատ, քան ապրում էր 2018-ին և դրանից առաջ։

Հեղափոխական կառավարությունն իր պաշտոնավարման առաջին օրերից սկսած հետևողականորեն մեծացնում է քաղաքացիների հարկային բեռը, նոր հարկատեսակներ և տուրքեր դնում շրջանության մեջ։ Տնտեսագետների համոզմամբ՝ Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI [Key Performance Indicator-հիմնական արդյունավետության ինդիկատոր], որով գնահատում է իր գործունեությունը և խրախուսում ինքն իրեն։ Կարճ ասած՝ իշխանականների պատկերացմամբ եթե հաշվետու տարվա ընթացքում հաջողվել է ավելի շատ հարկեր հավաքագրել, ապա դա նշանակում է, որ իրենք ավելի լավ են աշխատել, ուստի պետք է դրա համար պարգևատրվեն։

Այս համատեքստում տեղին ենք համարում հիշեցնել, որ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանի կառավարությունը համահարթեցրեց եկամտահարկը, ապա արագաչափերը հեռացնելու խոստումը կատարելու փոխարեն նոր արագաչափեր տեղադրեց, շեշտակի թանկացրեց գույքահարկը, կարմիր գծերում մեքենա կայանելու արժեքը, ընդունեց եկամտահարկի օրենքը, սակայն ավելի ուշ սահմանափակեց այն։ Բացի այդ, փետրվարի 1-ից մայրաքաղաքում գրեթե 300 տոկոսով թանկանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը, արդեն իսկ թանկացել է աղբահանության վճարը, մայիսին բոլոր աշխատող քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն և այլն։ Այս փոփոխությունների հետևանքով մեր երկրում խախտվել է հարկման ու սոցիալական արդարության սկզբունքը․ հարուսներն ավելի են հարստացել, աղքատները՝ աղքատացել։

Փաշինյանի կառավարության վարած այս քաղաքականությունը հանրության շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացնում, որոնք ժամանակի ընթացքում ավելի տեսանելի են դառնում, և դրանք օրերից մի օր այլևս հնարավոր չի լինելու մեղմել։ Հենց այս իրողությամբ էլ պայմանավորված Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի Ազգային ժողովի ամբիոնից Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոս հռչակեց հարկ վճարող քաղաքացուն, ու չնայած բոլոր քննադատություններին, նա առ այսօր համառորեն առաջ է մղում այդ պնդումը։ Քննադատություններին առ այն, որ թիվ 1 հերոսը Հայաստանի սահմաններն իր կյանքի գնով անառիկ պահող զինվորն է՝ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է, որ նույն զինվորը սնվում ու աշխատավարձ է ստանում հարկ վճարող քաղաքացու շնորհիվ։

Հատկանշական է, որ դեռևս 2018-ի իշխանափոխության օրերին տուգանքներից դժգոհող Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն հայտարարությունը, որ ժողովուրդը նրա համար է, որ աշխատի և հարկեր վճարի ու քննադատել վերջինիս։ «Մի անգամ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն Ազգային ժողովի ամբիոնից լավ բան, լավ՝ իրենց տրամաբանությամբ, ասեց՝ ժողովուրդն ինչի՞ համար ա, ժողովուրդը նրա համար ա, որ աշխատի ու հարկ վճարի։ Հիմա, ժողովուրդը նրա համար ա, որ տուգանվի»,- ասում էր Փաշինյանը՝ զգուշացնելով, որ եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ապա առաջիկայում այդ տուգանքներն էլ ավելի են շատանալու։

Այսպիսով՝ համադրելով այս իրողությունները, ենթադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոգեշնչվել է հենց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից ու այդ ներշնչանքով պայմանավորված էլ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոս հռչակել հարկ վճարող քաղաքացուն։ Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին հպարտ քաղաքացին դարձավ տուգանքի և հարկման մատերիալ, ում վճարած հարկերի հաշվին հեղափոխական պաշտոնյաները բարձր աշխատվարձեր ու պարգևավճարներ են ստանում, թանկարժեք ուղևորությունների մեկնում և միևնույն ժամանակ նույն քաղաքացուն զրկում Ամանորին իր ընտանիքի հետ մի քանի օր ավելի շատ հանգստանալու կամ գերբեռնված հանրային տրանսպորտով 100 դրամով երթևեկելու հնարավորությունից։

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն և ներկայումս գնդակը կրկին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների դաշտում է․ հենց նրանք պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են վերարտադրել իրենց տուգանքի և հարկման մատերիալ դիտարկող իշխանությանը, թե՞ ոչ ․․․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր