Ներքին 1 տարի առաջ - 21:24 24-12-2024

Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը

Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Սարկավագաց դասը Նորին Սրբությանը ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղով, ապա Սյունյաց թեմի առաջնորդը, սարկավագների անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։

Իր հերթին Հայր Շահեն ընդգծեց, որ նորընծա սարկավագները, ուսումնառությունն ավարտելով, պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս դնել հանուն Եկեղեցու պայծառության։

Այնուհետև նվիրական օրվա առիթով Հայոց Հովվապետը շնորհավորեց և իր հայրապետական պատգամը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նորընծաները, իրենց հայացքի առջև ունենալով Սուրբ Ստեփանոս սարկավագի լուսավոր կերպարը, կներշնչվեն սրբի արիությամբ, առ Տերն ունեցած անմանացորդ սիրով ու հանձնառության ոգով:

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ Սուրբ Ստեփանոսը դարձավ ի սեր Քրիստոսի առաջին մարտիրոսը և առ Քրիստոս իր հավատարմությամբ ու հավատքի զորությամբ նախանշեց Քրիստոսի Եկեղեցու հաղթական ուղին:

Անդրադառնալով ներկայիս կացությանը և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը կարևորեց եկեղեցականաց դասի ծառայանվիրումի ոգին՝ անմնացորդ սիրով լծվելու Տիրոջ խոսքի և տերունավանդ պատվիրանների քարոզչությանը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին առաջնորդվել Սուրբ Ստեփանոսի բարի օրինակով, ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը և լավագույնս արդյունավորելու իրենց ծառայությունը։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից