Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:02 21-12-2024

Հարսանիք է լինելու. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կգնա՞ն զագս

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ժողովրդին, որ իր և Աննա Հակոբյանի ամուսնությունը գրանցված չէ եկեղեցում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում, ո՛չ զագսի թուղթ ունեն, ո՛չ եկեղեցում են պսակվել։ Նրանց ամուսնությունը «դե յուրե» գրանցված չէ։

Այս լուրը հանրային քննարկման առարկա դարձավ։ Ոմանք մտավախություն հայտնեցին, թե անձնական կյանքի համար կարևոր այս փաստաթղթերի բացակայությունն ազդում է վարչապետի խոսույթի և շեշտադրումների վրա։ Մասնավորապես՝ Հայաստանի «կադաստրի վկայականի» մասին նրա փոխաբերությունը նույն տրամաբանության մեջ է։ Ենթադրվում է, որ նրա պատկերացումներում «դե յուրե» բացթողումների հետ կապված հոգեբանական խնդիր է խորացել։ Եվ նա խնդրի լուծումը փորձում է գտնել իրենից դուրս, քաղաքականությանն ու պետությանն առնչվող հարցերում։

Արդյո՞ք հիմնավոր են այս ենթադրությունները, և ի՞նչ հետևանքներ ունեն անձնական կյանքի «դե յուրե» հիմքերի բացակայությունը քաղաքականության վրա։

Խնդիրը նախ դիտարկենք էպիկական խորհրդանիշների լույսի ներքո։ Հայտնի է, որ էպիկական ստեղծագործություններում ամուսինը, տղամարդը խորհրդանշում է թագավորին, երկրի ղեկավարին, իսկ կինը ժողովրդին։ Եթե նրանց ամուսնությունը զագսով, եկեղեցով գրանցված չէ, ապա առաջ է գալիս հիմնավոր կասկած, որ երկրի փաստացի ղեկավարի իշխանությունը օրինակարգ (լեգիտիմ) չէ։ Հետևաբար՝ եթե ուզում են ցրել էպիկական սիմվոլիկ կասկածը, ապա Փաշինյանը պարտավոր է օրինականացնել ամուսնությունը։

Ուշագրավ է համեմատությունը Հայաստանի «կադաստրի վկայական» ունենալու գաղափարի հետ։ Պետությունը անձնական գույքի հետ համեմատելը շատերի մոտ զարմանք, թյուրըմբռնում, զայրույթ էր առաջացրել։ Մինչ օրս հանրային քննարկումներում գերիշխում էր այն կարծիքը, թե Փաշինյանն այս համեմատությունն արել է էժան պոպուլիստական նկատառումներով, որ ժողովրդի մեծ մասին հասկանալի լինի, թե ինչ նշանակություն ունի ՀՀ տարածաքային ամբողջականության ու ինքնիշխան իրավունքների «դե յուրե» ամրագրումը սահմանազատման ու սահմանագծման կնքված, միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթղթերով։

Սակայն երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը «դե յուրե» ամուսնացած չէ, ապա Հայաստանի «կադաստրի վկայականի» հետ կապված նրա մանիպուլյացիան այլ բացատրություն ձեռք բերեց։ Գեշտալտ թերապիայի մեթոդով վերլուծելու պարագայում ենթադրելի է, որ ամուսնության «դե յուրե» հիմքերի բացակայությունը որոշակի սևեռում է առաջացրել նրա մոտ։ Ժամանակի ընթացքում նա առերևույթ հաշտվել է այդ հիմքերի բացակայության հետ։ Իր պաշտոնավարման առաջին տարիներին՝ մինչև 2022-ը, սահմանազտման թեմա չկար, Փաշինյանն այս մասին չէր էլ մտածում, ինչպես չէր մտածում զագսի թուղթ հանելու մասին։ Եվ երբ տարածքային ամբողջականության պաշտպանության խնդիրը դարձավ խիստ ռիսկային, այդ ժամանակ նա կարևորեց անհրաժեշտ իրավական հիմքերի նշանակությունը։ Եթե այս քաղաքական նախաձեռնությունը սերտորեն կապենք անձնական կյանքի հետ, ապա գեշտալտ թերապիայի մասնագետ հոգեբանը կարող է խորհուրդ տալ նրան, որ քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Հայաստանի «կադաստրի վկայականի» ձեռք բերման հարցում հաջողությանը կարող է նպաստել ամուսնության փաստի փաստաթղթավորման բացը լրացնելը։

Խնդիրն ունի նաև սոցիալ-տնտեսական աստառ։ Շատ է խոսվում ստվերի դեմ պայքարի կարևորության մասին։ Իսկ որոշ տնտեսվարողներ արդարանում են, թե կարևորը՝ բարիք ստեղծելն է, իսկ գործունեությունն օրինականացնելը այնքան էլ կարևոր չէ։ Այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանը եկեղեցի ու զագս գնալով, իրենց ամուսնությունը «դե յուրե» հաստատելով, կարող է նպաստել ստվերի դեմ պայքարին, քանի որ քաղաքացիներն օրինակ կվերցնեն երկրի ղեկավարից ու կօրինականացնեն իրենց տնտեսական գործուներությունը։

Պարզ ասած՝ եթե ՔՊ-ական իշխանությունն ուզում է հաջողության հասնել ստվերի դեմ պայքարում, սահմանազատման ու սահմանագծման հարցերում առաջընթաց ունենալ, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը պետք է հարսանիք անեն, գնան զագս ու եկեղեցի, օրենքով, ծեսով հաստատեն փաստը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում