2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, Փաշինյանի իշխանությունը Հայաստանի պաշտպանությանը համազգային բնույթ հաղորդելու, հակառակորդի ոտնձգություններին պատշաճ հակահարված տալու նպատակով ստեղծեց աշխարհազոր, որը պարզվեց, գրեթե 4 տարի չի գործել, ավելի ճիշտ՝ գործել է, բայց օրենքի խախտումով։
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումը գլխավորելու էր Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ աշխարհազորային շտաբի միջոցով, սակայն զորամիավորման հրամանատարը պետք է լիներ յուրաքանչյուր տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը՝ փոխմարզպետը։ Բայց պարզվում է, որ 4 տարվա ընթացքում աշխարհազորը համակարգող անգամ 1 փոխմարզպետ չի նշանակվել։
Դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։
Փաստացի աշխարհազորի համակարգը ներդնելուց 4 տարի անց միայն ՊՆ-ն որոշեց այն փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Գործադիրն օրինագծի հիմնավորման մեջ խոստովանել է՝ համակարգը գրեթե չի գործել։ Սարգսյանը ևս ընդունել էր, որ այն լիարժեք չի գործել․
«Մարզպետի տեղակալներ տվյալ պահին 10 մարզերում չկան, Երևանում, որքան ես հիշում եմ, 20 թվականից սկսած՝ չի էլ նշանակվել քաղաքապետի տեղակալ, աշխարհազորի աշխատանքները համակարգող: Չեմ կարծում, թե մարզպետի տեղակալներ նշանակելով կամ չնշանակելով կարելի էր այդ հարցը լուծել կամ չլուծել»,- ասել էր փոխնախարարը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն
Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց՝ Աշխարհազորի մասին օրենքը եղել է փնթի գրված։
«Նրանում ամրագրված են եղել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն կարող այդ օրենքի ամբողջական իրացումն ապահովել։
Ինչ վերաբերում է՝ փոխմարզպետ, փոխքաղաքապետ ձևաչափին, ապա աշխարհազորի բուն ֆունկցիան, որ այդ պահին դրված էր, այդ միջոցով հնարավոր չէր լինելու իրականացնել։
Գուցե որոշ, բացառիկ դեպքերում հնարավոր լիներ այդ անձանց այդ պաշտոններում նշանակելու առումով։
Իհարկե աշխարհազորը որոշակի ներգրավվածություն մարտական հերթապահությունում ունեցել է, այսօր էր ունի, այլ է խնդիրը, որ դրանից հետո խնդիր դրվեց՝ ստեղծելու տեղական պաշտպանության ուժեր և միայն այդ խնդրահարույց նախագծից 4 տարի հետո խորհրդարան է բերվել այդ նախագիծը, որը վերաբերում է տեղական պաշտպանությանը»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ նոր նախագիծը նույն աշխարհազորի գործառույթն է, պարզապես այնտեղ կան մի քանի արմատական փոփոխություններ․
«Մեկը ենթակայության հարցն է, որը դրված է տվյալ ուղղությամբ տեղակայված տվյալ զորամիավորման ենթակայությամբ, ինչը այս տեսանկյունից նորմալ է։
Երկրորդը՝ որոշակի մշակումներ են արվել կոնկրետ խնդիրիների, ֆունկցիաների առումով։
Իհարկե, բավականին տարօրինակ է, որ 4 տարի է պահանջվել այս նախագծին որոշակի տեսք տալու համար։ Սա կարելի էր մի քանի ամսում մշակել, հասկանալ և բերել ԱԺ»։
Փաստացի օրենքը խախտվել է, որևէ պատասխանատվություն նախատեսվա՞ծ է այս ամենի համար, հետաքրքրվեցինք պատգամավորից․
«Իրենք նախապես նշում էին այդ մասին, երբ խոսք էր գնում այդ նշանակումները կատարելուց, իրենք ասում էին՝ քանի որ սա խնդիրներ ունի, մենք նոր օրենք ենք բերելու․ դեռ այն ժամանակ խոսվում էր տեղական ուժեր ստեղծելու մասին, բայց այդ ասածը ենթադրում էր, որ պայմանական 4 ամսվա ընթացքում կլինեն այդ լուծումները, բայց ոչ 4 տարի։
Կա նաև այլ հանգամանք։ Տեղական պաշտպանության ուժերի մասին օրենքը դեռ նոր է եկել խորհրդարան, դեռևս առաջին, երկորրդ ընթերցում չի անցել, բայց այդ ուղղությամբ որոշակի քայլեր են արվել։ Այսինքն՝ չի եղել օրենսդրական հիմքը, բայց այդ ուղղությամբ, ինչ-որ բաներ են կառուցել, դա ևս խնդրահարույց է։ Բայց ամբողջական իրավական գնահատական այս պահին պատրաստ չեմ տալ»,-եզրափակեց Աբրահամյանը։
Նարեկ Խաչատրյան