Ի՞նչ կա ջրի հատակում. ատելությո՞ւն, թե՞ շատ փող
copy image url

Ի՞նչ կա ջրի հատակում. ատելությո՞ւն, թե՞ շատ փող

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 18-12-2024
Ջուրը թանկ է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում։ Մեկ խորանարդ մետր ջուրն արժե մոտ 201 դրամ։ Ջրի խնայողությունը խնդիր է։ Այս թեմայով դեկտեմբերի 17-ին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բերելով մի քանի օրինակներ, թե ինչ անխնա են հայերն օգտագործում ջուրը, ապա հավելել.

«Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարևոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետև բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես»:

Ինչու՞ է Փաշինյանը ջրի խնդիրն ընդհանրացնում, կապում քաղաքական, անվտանգային հարցերին։ Պատկերավոր ասած՝ ի՞նչ կա ջրի հատակում։ Այս առումով՝ հանրային խոսույթում մի քանի ենթադրություններ են շրջանառվում։

Առաջին վարկածն, իհարկե, սևեռվում է այն մտքի շուրջ, թե Նիկոլ Փաշինյանն ատում է ժողովրդին և ամեն առիթով փորձում վիրավորել նրան։ Ժողովրդի մի մասը անկեղծ չի սիրում Փաշինյանին։ Ինչքան էլ նա վերջում ասի՝ «Սիրում եմ բոլորիդ», ակնհայտ է, որ նա ատում է ժողովրդին, նույնիսկ՝ զզվում հայերից։ Տվյալ դեպքում նա հայերին հանդիմանում է ջրաչափը փչացնելու, ջուր գողանալու, ջրի վարձը չվճարելու, ջուրն անխնա վատնելու մեջ, պարզ ակնարկելով, որ հայերը դեբիլների, անդաստիարակների, անկիրթների, օրինախախտների հավաքածու են։

Երկրորդ վարկածը ֆինանսական կողմ ունի։ Ջրի կորուստները շատ են, համեմատած գազի կամ էլեկտրաէներգիայի կորուստների հետ։ Վերջին երկուսի հաշվիչները բնակարաններից դուրս են տեղադրված՝ մուտքերում կամ շենքից դուրս։ Հոսանքի հավելագրումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, քրեական վարույթներ հարուցվել։ Հավելագրումների, հաշվիչները կեղծելու արդյունքում, օրինակ՝ մատակարարված 1000 կվտ հոսանքի դիմաց ստանում են համարժեքից ավելի փող։ ՔՊ-ական իշխանությունը գոհ է, որ գազի և հոսանքի հետ կապված հարկերի գանձման խնդիրներ չունի, բաշխող ընկերությունները չեն արդարանում, թե կորուստներ ունեն, չեն կարողանում փողերը հավաքել ու հարկերը վճարել։ Իսկ ջրի կորուստները շատ են, քանի որ հավելագրումներն են քիչ, հաշվիչները բնակարաններում են։ Մատակարարն էլ չի կարողանում անջատել առանձին վերցրած բնակարանի ջուրը, պատժել սպառողին։ Ֆրանսիացիները հայերի հանդեպ այդպիսի ցուցադրական ստորություններ չեն անում։ Հետևաբար՝ ջրի սպառումից համապատասխանաբար քիչ փող է հավաքվում ու քիչ հարկ վճարվում, ինչը բարկացնում է Փաշինյանին։ Ու նա որոշում է ամոթանք տալ ժողովրդին, որ քիչ փող է մտնում բյուջե, քիչ փող է ուղղվում ՔՊ-ի կառավարչական, քաղաքական, տնտեսական անվտանգային ծրագրերի իրականացմանը։

Երրորդ վարկածն արժեբանական համատեքստ ունի, ինչի մասին ակնարկում է Փաշինյանը։ «Մենք ուզում ենք՝ աշխարհում բոլորը մեզ լավ վերաբերվեն: Բայց ինքներս մեզ լավ չենք վերաբերվում: Սրա համար արդարացում՝ ինչքան ուզեք: Հատորներով կարելի է գրել, կամ արդեն իսկ գրված է հատորներով: Բայց սրանից իրականությունը չի փոխվում»։ Այսպիսով ակնարկվում է, թե աշխարհում հայերի մասին վատ կարծիք ունեն որպես դեբիլ, անդաստիարակ, անկիրթ, վատ ժողովրդի, արժեքներ չունեցող, ստորակարգ հանրույթի, ինչը երևակվում է, մասնավորապես՝ ջրի հանդեպ հանրային վերաբերմունքում։ Սակայն հարկ է նկատել, որ այս հարցում գլխավոր մեղավորը հոգևոր և աշխարհիկ իշխանություններն են։ Նրանք են պարտավոր արժեքներ սերմանել, արմատավորել, արժեքահեն կրթություն ու դաստիարակություն կազմակերպել։ Մեր երկրի հոգևոր ու աշխարհիկ իշխանություններն այս առումով՝ համատարած անգործություն են ցուցաբերում։ «Ժուժկալ» բառի բացատրությունը պաշտոնյաների մեծ մասը չգիտի։ Իսկ բնության հետ ներդաշնակության հասնելու թեման շատերի համար չինարեն է։ Այս պայմաններում Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված անհարգալից հանդիմանանքը ոչ միայն ազնիվ չէ, այլև համարժեք վերաբերմունք է առաջացնում նրա ու նրա թիմակիցների հասցեին։

Կարճ ասած՝ եթե Փաշինյանն իրոք ուզենար, որ հայերը գերմանացիների նման հոգատար ու խնայողաբար օգտագործեին ջուրն, ապա գոնե կուսումնասիրեին, թե ինչպե՞ս են գերմանացիները հասել դրան, ի՞նչ արժեքներ են նրանց միավորում, և կփորձեին այդ արժեքները հայ ժողովրդի մեջ արմատավորելու ուղղությամբ գոնե մեկ քայլ անել։ Եթե այս ուղղությամբ ոչ ոք ոչինչ չի անում, ապա ջրի թեման շահարկելը դատարկախոսության տպավորություն է թողնում և խորացնում կասկածը, որ ջրի թեմայի տակ մտնելու պատճառը կա՛մ ժողովրդի հանդեպ անեզր ատելությունն է, որն առիթ է փնտրում արտահայտվելու, կա՛մ ջրի սպառումից ավելի շատ հարկ, շատ փող հավաքելու մղումը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված