Գնացքը գնացել է․ մենաշնորհ ստանալուց հետո Telcell-ը կարող է այն վերավաճառել
copy image url

Գնացքը գնացել է․ մենաշնորհ ստանալուց հետո Telcell-ը կարող է այն վերավաճառել

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 18:15 13-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանում ստեղծված տրանսպորտային կոլապսի ֆոնին Telcell ընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Մասնավորապես՝ այս ընկերությունը ոլորտում ստացել է մենաշնորհ, որը, բազմաթիվ մասնագետների պնդմամբ, տեղի է ունեցել պետական հովանավորչությամբ ու հակամրցակցային պայմաններում։

Օրերս Telcell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը 24News-ին տված հարցազրույցում նշել էր, որ ընկերությունն այս պահի դրությամբ շուրջ 1․5 մլրդ դրամի ներդրում է կատարել, ինչի արդյունքում էլ մենաշնորհային դիրք է ստացել շուկայում։ Նրա խոսքով՝ ընկերությունը կարող է այդ մենաշնորհով կիսվել այլ ընկերությունների հետ, եթե վերջիններս պատրաստ կլինեն կիսել կատարված ծախսերը․ «Ով պատրաստ է մեզ հետ կիսել այդ գումարով կատարված ներդրումը, մենք էլ պատրաստ ենք իրենց հետ կիսվել այդ կոճակով»։

Փաստացի Հունանյանը հայտարարում է, որ ընկերությունը կարող է իր ձեռք բերած մենաշնորհային դիրքը վաճառել այլ ընկերությունների, ինչը բազմաթիվ իրարամերժ քննարկումների տեղիք տվեց։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այս խնդրով նախևառաջ պետք է զբաղվեր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Նրա խոսքով՝ եթե մենաշնորհի իրողությունը կայացած փաստ է, ապա այն վերավաճառելը տնտեսվարողի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն կանխել։

«Դրա վերաբերյալ կան օրենքներ, հենց Տնտեսական մրցակցության մասին օրենքն է շատ դրույթներ պարունակում, որոնք այս պարագայում խախտվել են։

Տվյալ ընկերությունը ոչ միայն գերիշխող դիրք ունի, այլև մենաշնորհ։ Արդեն ուշ է, իրենք իրավական առումով ամեն ինչ էլ կարող են անել՝ բաժնետոմսերը վաճառել, փոխանցել ուրիշին, միաձուլումներ անել, դա իրենց մասնավոր իրավունքն է։ Մասնավոր սեփականությունը միայն օրենքներով կարող է կարգավորվել․ եթե բաց են թողել, թողել են էս վիճակին, հիմա ինչ կարող են անել՝ ոչ մի բան»,- ասաց նա՝ պնդելով, որ ժամանակին պետությունն իր կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթները պետք է պատշաճ կատարեր։

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ էր պետք անել, որ Telcell-ը մենաշնորհ չստանար՝ Թաթուլ Մանասերյանը պատասխանեց՝ օրենքի դրույթներն իրագործվեին՝ ճիշտ այնպես ինչպես չեն իրականացվում բազմաթիվ օրենքներ ու սահմանադրական նորմեր։ Նա ասաց, որ արդեն տեսանելի է, թե այս իրավիճակն ինչ խնդիրների է հանգեցրել, իսկ Հայաստանի տնտեսության մեջ խնդիրները բազմաթիվ են, որոնք համեմատ այս խնդիրը շատ հեշտ լուծելի է․ «Չեմ կարծում, որ դա աղետ է՝ տնտեսական առումով։ Պարզապես պետք է իրենց տեղերում լինեն մարդիկ, որոնց վստահված է տնտեսության կառավարումը, իսկ այդ մարդիկ անգամ չգիտեն, թե տնտեսության զարգացման մոդելը որն է»։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ մասնագիտական տգիտությունն է պատճառը, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը նվազում են։ Նա ասաց, որ համապատասխան պաշտոնյաները չեն պատկերացնում, թե ինչ է տնտեսությունը, ինչպես կարող է այն կառավարել է այլն։ «Եթե նման գաղափար ունենային, ապա իրական հատվածն այդ վիճակում չէր լինի, գյուղատնտեսությունն այսպիսի անկում չէր ունենա։ Դրանով հանդերձ պատասխանատուները չեն էլ ուզում ընդունեն պաշտոնական վիճակագրությունը, այդ աստիճանի անբարտավան են։ Ասում են՝ ցուցանիշները սխալ են, իրենց իսկ հրապարակած ցուցանիշները ասում են՝ սխալ են։ Ով է մեղավոր դրանում․ հասարակ քաղաքացի՞ն, լրատվամիջոցնե՞րը, թե՞ ով»,- ասաց տնտեսագետը՝ պնդելով, որ տնտեսության անկման միտումը շարունակվելու է։

Մանասերյանը հավելեց՝ Telcell-ը չպետք է մենաշնորհ ստանար, իսկ ստանալուց հետո, ընկերությունը կարող է այն վերավաճառել։ «Այս պահին գնացքը գնացել է, և մարդիկ իրավունք ունեն իրենց որոշումները կայացնեն։ Մասնավոր սեփականությանը չի կարելի ճնշել վարչահրամայական մեթոդներով։ Իրենք իրենց համարում են բարեխիղճ տնտեսվարող, որովհետև իրենց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել։ Երբ իշխանությունները խոսում են արտաքին կախվածությունը դիվերսիֆիկացնելու մասին, թող դիվերսիֆիկացնեն նաև ներքին շուկան, տնտեսվարողներին և այլն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված