Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը անհապաղ Ադրբեջանին հանձնելու պահանջի կատարմանը զուգահեռ իշխանական և պրոիշխանական գործիչները լծվել են ակտիվ քարոզչության գործին։ Կարելի է ասել՝ վերջիններս այս օրերին հեռուստաընկերությունների և լրավական կայքերի տաղավարներից տուն չեն գնում և փորձում են հանրությանը վստահեցնել, թե, իբր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվել է աննախադեպ հաջողություն արձանագրել, որը թույլ կտա գոնե Տավուշի հատվածում սահմանազատված և սահմանագծված սահման ունենալ ու խաղաղություն հաստատել։
Իշխանականները համառորեն չեն ընդունում այն քննադատությունները, որ Տավուշի հատվածում իր պահանջած բնակավայրերը ստանալուց հետո Ադրբեջանը հերթական անգամ տորպեդահարելու է գործընթացը, քանի որ պետական սահմանի մյուս հատվածներում արդեն ինքը պետք է Հայաստանին տարածքներ վերադարձնի։ Բաքուն այս տարիներին ինչպես գործողություններով, այնպես էլ հայտարարություններով բազմիցս հայտարարել է, որ մեր երկրից օկուպացրած տարածքները վերադարձնելու մտադրություն չունի։
Հատկանշական է, որ իշխանական մի խումբ գործիչների կողմից այս օրերին ակտիվորեն տարածվում է այն թեզը, թե, իբր 4 գյուղն Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում գործելու համատեքստում Ադրբեջանի վերջին փաստարկն է, իսկ գործող իշխանությունը դրանք հանձնելով նվազեցնում է պատերազմի ռիսկը։ Նախօրեին ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պնդելով՝ «բոլոր նրանք, ովքեր դեմ են գյուղերի հանձնմանը, ցանկանում են ՀՀ-ն ներքաշել պատերազմի մեջ»։
Իշխանական գործչի այս հայտարարությունը, որի նպատակը Տավուշի շուրջ ծավալվող զարգացումներից բնակչության ուշադրությունը շեղելն է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ ծառացած վտանգների չեզոքացումը, աղերս անգամ չունի իրականության հետ։ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո էլ նույն ՔՊ-ականները և վերջիննիս կից գործող քաղաքական ու փորձագիտական շրջանակները կրկին պնդում էին, որ Ադրբեջանն այլևս ՀՀ-ին պահանջների չի ներկայացնի և հնարավոր կլինի խաղաղություն հաստատել, սակայն դրանից շատ չանցած Բաքուն պահանջեց անհապաղ իրեն հանձնել Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը։
Հանրության ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ 4 ոչ անկալվային գյուղերը ստանալուց հետո Ադրբեջանը նույն կերպ պահանջելու է իրեն հանձնել նաև 4 անկլավային գյուղերը՝ 3-ը Տավուշում, 1-ը՝ Արարատում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն անոնսել է՝ նշելով, որ թեև այս գյուղերի խնդիրն ավելի բարդ է, քանի որ դրանք 4 կողմից շրջապատված են ՀՀ-ի տարածքով, սակայն սահմանազատման գործընթացի շրջանակներում դրանք նույնպես պետք է լուծվեն։
Ալիևի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ վերջինս այս 4 գյուղերի հետ, որոնց հանձնումը վտանգելու է դեպի Վրաստան և Իրան տանող միջպետական ճանապարհների անվտանգությունը, պահանջելու է նաև միջանցքներ, որոնցով կկարողանա կապ հաստատել այս գյուղերի հետ։ Հայաստանի իշխանությունները հաջորդիվ «ստիպված են լինելու» կատարել նաև այս պահանջը, իսկ հանրության առաջ դա հիմնավորելու են նոր պատերազմը կանխելու անհրաժեշտությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի օկուպացված տարածքներին, այդ թվում Արծվաշենին, որը նույնպես 4 կողմից շրջապատված է Ադրբեջանով, ապա այս երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն դրանք վերադարձնել։
Անկլավային գյուղերը կորզելուց հետո Ադրբեջանի հաջորդ պահանջը վերաբերելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին, որը, ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ, դուրս է եկել օրակարգից։ Օրերս այս հարցում նույպես
Բաքվից հերթական «աչքալուսանքը» ստացանք, երբ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը փորձում է խուսափել իր այս պարտավորության կատարումից, սակայն դրա իրագործումն անխուսափելի է։
Գաղտնիք չէ՝ Ալիևը ՀՀ իշխանություններից պահանջում է բացառապես այնպիսի հաղորդակցություն, որտեղ հայկական կողմը ոչ մի ներկայություն չի ունենա․ Ադրբեջանի ղեկավարի համար այս համատեքստում առավել նախընտրելի է արտատարածքային միջանցքը, իսկ անհնարինության դեպքում ռուս սահմանապահների վերահսկողության տակ գտնվող ճանապարհը։ Այս համատեքստում վերջինս հղում է կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ պնդելով՝ հայտարարությունը սահմանում է, որ հաղորդակցությունը պետք է վերահսկվի ՌԴ ԱԴԾ-ի կողմից և մոռանալով, որ նույն ՌԴ-ի հետ խախտել է եռակողմ հայտարարության մնացած բոլոր կետերը։
Եթե Հայաստանը պատերազմ թույլ չտալու տրամաբանությամբ կատարի նաև Բաքվի այս պահանջը, ապա դրանից հետո նույնպես հնարավոր չի լինի խաղաղություն հաստատել։ Հաջորդիվ Ալիևը ՀՀ-ից պահանջելու է փոխել Սահմանադրությունը, որի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է, ինչպես նաև համաձայնել ավելի քան 300 հազար ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձին», ինչն արդեն կասկածի տակ կդնի հայկական պետականության հետագա գոյությունը։
Այսպիսով, համադրելով այս իրողությունները, կարող ենք փաստել, որ ՔՊ-ականները հերթական անգամ ստում են հանրությանը, և Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը ստանալուց հետո թշնամու ախորժակը չի փակվելու։ Ադրբեջանն այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ երբ Հայաստանն ինչ-որ բան է զիջում վերջինիս չի սահմանափակվում դրանով և որոշ ժամանակ անց արդեն իր հաջորդ պահանջն է առաջ քաշում՝ սպառնալով, որ չկատարման դեպքում Հայաստանի դեմ նոր ագրեսիա կսանձազերծի։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական իշխանությանը, ապա վերջինիս հեռացումը և նոր՝ ազգային իշխանության ձևավորումը գոյաբանական անհրաժեշտություն էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
Գործող իշխանություններն ապացուցել են, որ ի զորու չեն դիմագրավել Ադրբեջանի պահանջներին և պատերազմ թույլ չտալու հիմնավորմամբ նախընտրում են տուրք տալ դրանց՝ նախևառաջ սեփական իշխանությունը պահպանելու համար։
Դավիթ Գույումջյան