Թուրքիայի նախագահ Էրդողանը գրադարանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ մի քիչ թեթևամիտ, մի քիչ էլ խրոխտ տրամադրությամբ իրեն ու Պուտինին հայտարարեց «աշխարհի վերջին առաջնորդները»։ Սակայն, երբ սկսում ենք վերլուծել այս պնդումը, պարզվում է, որ իրականությունը թերևս այնքան էլ պոետիկ չէ։
Բազմաթիվ փորձագետների գնահատմամբ՝ Էրդողանն ու Պուտինը աշխարհի երկու ամենախոշոր խուլիգաններն են։ Ինչպես սովորական խուլիգանն է արհամարհում մարդկային հասարակության բարոյական նորմերը, օրենքները, մարդու իրավունքները, հասարակական կարգն, այնպես էլ սրանք հաշվի չեն առնում աշխարհի խաղի կանոններն, աշխարհակարգը, միջազգային նորմերը, ժողովուրդների իրավունքները և այլն։
«Կարևոր է օտարերկրյա առաջնորդների դեմ օգտագործվող լեզուն։ Բացի հայտարարություններից, շատ կարևոր է շարունակել նրանց հետ երկխոսության մեխանիզմը։ Մենք դրանք անվանում ենք դիվանագիտական հարձակումներ։ Ներկայումս աշխարհում մնացել են երկու առաջնորդներ։ Ես և Վլադիմիր Պուտինը: Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի»,- ասել է Էրդողանը։
Իհարկե, աշխարհում շատ քաղաքական մանր-մունր գործիչներ կան, որ արհամարհում են մարդկության ձեռքբերումներն ու աշխարհի խաղի կանոնները։ Ի տարբերություն մանր խուլիգանների, Էրդողանն ու Պուտինը իրենց խուլիգանություններն իրականացնելուց առաջ երկար պատրաստվում են։ Այս ընթացքում նրանք երկխոսում են իրար հետ և փորձում համոզել աշխարհի իրական առաջնորդներին, որ իրենց խուլիգանությունն արդարացի է։ Արդարացին այստեղ գնահատվում է ոչ միայն սեփական հավակնությունների և հետաքրքրությունների տեսանկյունից, այլև փորձում են շահերի ընդհանրություններ գտնել աշխարհի իրական առաջնորդներին հետաքրքրող այլ հարցերում։ Այս առումով՝ Էրդողանն ու Պուտինը աշխարհի վերջին ամենահետևողական ու հավակնոտ խուլիգաններն են։
Խուլիգաններն, ըստ հարկի՝ օգտագործվում են մարդկային հարաբերություններում։ Օրինակ՝ երբ ուզում են վատություն անել, վիրավորել առաքինի մարդուն, կամ արդար մեկից խլել բիզնեսն, ապա դրա համար հրավիրում են խուլիգանի, որովհետև ազնիվ, արդար մարդն այդպիսի բան չի անի, ամոթ է։ Իսկ խուլիգանն ամոթի զգացում, բարոյական արգելանքներ չունի։ Պարզ ասած՝ ամոթալի, անբարոյական գործերի մի մասը հանձնարարում են խուլիգանին։ Նույնն է նաև աշխարհում։ Ինչքան անբարոյական թեմա կա, հանձնարարում են Էրդողանին ու Պուտինին, միաժամանակ տպավորություն են ստեղծվում, թե նրանք իրապես հարցեր են լուծում աշխարհում, առաջնորդներ են, որ մարդիկ չմտածեն, թե աշխարհի իրական առաջնորդներն այդ ամոթալի հարցերում խառնված են։
Ինչպես խուլիգանները չունեն իրական բարեկամներ, այնպես էլ Էրդողանն ու Պուտինը չունեն իրական դաշնակիցներ։ Նրանք պատրաստ են զոհաբերել իրենց դաշնակիցներին հանուն սեփական շահերի։ Չնայած առկա տարաձայնություններին, նրանք շարունակում են միմյանց աջակցել։ Նրանց եղբայրությունը հիմնված է ոչ միայն 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի, այլև խուլիգանական ընդհանուր պատկերացումների վրա։ Այս առումով՝ մտահոգիչ է Էրդողանի ակնարկած «2-3 ամիսների կարևորությունը», որը մեծ հավանականությամբ կապված է միջազգային քաղաքականության անորոշությունների հետ: Էրդողանի և Պուտինի համար հերթական խուլիգանությունը գլուխ բերելու հարմար պահ է։ Մտավախություն կա, որ այս անգամ նրանց թիրախը կրկին կարող է լինել Հայաստանը, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է աշխարհի համար անհասկանալի քաղաքականություն վարել։
Կարճ ասած՝ Էրդողանի գոռոզամտությունը վկայում է, որ աշխարհը սկզբունքորեն չի մերժում խուլիգանությունը։ Ավելին՝ տեսակետ կա, թե ներկայում շարունակում են միջազգային անվտանգային, քաղաքակրթական նշանակության շատ հարցեր լուծել՝ մեծ խուլիգանների ձեռամբ։ Այս վերջին ենթադրությունը ուղիղ սպառնալիք է ՀՀ-ի համար, քանի որ այս երկուսը տևական ժամանակ սպասում են հարմար պահի, որ զավթեն Սյունիքի մի հատվածն ու այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» բացեն։
Թաթուլ Մկրտչյան