Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:04 29-12-2022

Երեկ յուրաքանչյուրս երդվեցինք, որ ծխել ենք վերջին սիգարը ու խմել վերջին բաժակ վիսկին

Յուրաքանչյուր ոք Ամանորին պատրաստվում է յուրովի։ Տոնը նշելու ու միմյանց բարեմաղթանքներ հղելու ձևերն էլ տարբեր են։ Այսօր առանձնացրել ենք համաշխարհային դասականների նամակների այն հատվածները, որտեղ նրանք Ամանորի բարեմաղթանքներ են հղել իրենց սիրելի մարդկանց։

Ամերիկացի գրող Մարկ Տվենը իրեն հատուկ ոճով Ամանորի բարեմաղթանք է ուղղել իր հին ընկերներին, որոնք միմյանց հանդեպ հնարավորինս անկեղծ էին ու միմյանցից թաքցնելու ոչինչ չունեին։



Նա գրել է. «Հիմա ճիշտ ժամանակն է բարի մտադրությունների համար։ Հաջորդ շաբաթ, ինչպես միշտ, դուք կարող եք սկսել միասին հարթել դժոխք տանող ճանապարհը: Երեկ յուրաքանչյուրս երդվեցինք, որ ծխել ենք վերջին սիգարը ու խմել վերջին բաժակ վիսկին։ Այսօր մենք աստվածապաշտ ու օրինակելի համայնք ենք։ Երեսուն օրից մենք քամուն կտանք ողջ բարեփոխումները և անձնատուր կլինենք մեր հին թուլություններին, հաճույքով կհիշենք, թե ինչպես նույնն արեցինք անցյալ տարի: Այնուամենայնիվ, շարունակենք: Նոր տարին անվնաս գյուտ է, որը ոչ մի օգուտ չի տալիս, բայց կարող է դառնալ քավության նոխազ անխնա հարբեցողության, ընկերական հեռախոսազանգերի և հիմար ելույթների համար: Վայելե՛ք տոնը, այս առիթին համապատասխան անկաշկանդությամբ»։

Ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի նամակներին թիվ ու համար չկա։ Նրա բազմաթիվ ու բազմապիսի նամակներից առանձնացրել ենք մորաքրոջը` Տատյանա Էրգոլսկայային ուղղված նամակի ավարտը։ Տատյանան Տոլստոյի մոր մահից հետո զբաղվել է ապագա գրողի և նրա եղբայրների ու քույրերի դաստիարակությամբ ու կրթությամբ։



1852 թվականին, երբ Տոլստոյը Կովկասում էր, նա հունվարի 3-ին Թիֆլիսից մորաքրոջը երկար նամակ է գրել իր գործերի, ճամփորդության ու ստեղծագործությունների մասին։ Նամակն ավարտել է Նոր Տարվա շնորհավորանքով․ «Ցտեսություն, սիրելի և բարի մորաքույր։ Հազար անգամ համբուրում եմ ձեռքերդ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Նոր տարին, մաղթում եմ ձեզ ոչ թե երջանկություն (երջանկություն բառը ոչինչ չի նշանակում), այլ ցանկանում եմ, որ գալիք տարին չբերի նոր վիշտ, ընդհակառակը, բերի այնպիսի սփոփանք ու մխիթարություն, ինչպիսին երբեք չեք զգացել: Գլխավորն այն է, որ դուք առողջ լինեք և ձեզ ոչինչ չանհանգստացնի ու չմտահոգի։ Աստված գիտի՝ այս տարի ձեզ տեսնելու բախտ կունենա՞մ։ Ծառայության և փողի հետ կապված հարցերը կարող են խանգարել ինձ: Սա պարզ կդառնա հուլիսի մոտ։ Ամեն դեպքում կփորձեմ։ Դուք միշտ ասում եք, որ «չպետք է ծրագրել», և ճիշտ եք։ Ինչու ծրագրել, երբ ամեն ինչ կարող է փոխվել 20 անգամ դեպի լավը և դեպի վատը»:

Կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին եղբոր հետ 1880 թվականի Նոր տարին անցկացրել է Հռոմում, որտեղ սկզբում նշել են իտալական Սուրբ Ծնունդը, իսկ հետո՝ ռուսական Նոր տարին։ Նա հունվարի 2-ին շնորհավորական նամակ է ուղարկել Նադեժդա ֆոն Մեքին։ Բարերար և արվեստի հովանավոր այս կինը 1877 թվականից աջակցում էր Պյոտր Չայկովսկուն։ Նա տարեկան վեց հազար ռուբլի նպաստ էր տալիս, որպեսզի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորը հանգիստ զբաղվի ստեղծագործական աշխատանքով։



Իր ընկերոջն ու բարերարին Չայկովսկին գրում է. «Նոր տարին դիմավորեցինք գրքերը ձեռքներիս։ Իմ սիրելի ընկեր, մտքումս մաղթեցի Ձեզ երկրային բոլոր օրհնությունները. առաջին հերթին, իհարկե, առողջություն, երկրորդը` հաջողություն Ձեր գործերում և մասնավորապես, թող Ձեր Բրեյլի տնտեսությունը վերջապես ամուր հիմքերի վրա դրվի, երրորդը՝ արտասահման մեկնելու դեպքում այս անգամ խուսափեք ամեն տեսակ անախորժություններից ու դժվարություններից, չորրորդը` որ բոլոր նրանք, ովքեր հոգեհարազատ են Ձեզ, երջանիկ և գոհ լինեն:

Հետադարձ հայացք գցելով անցնող տարվան՝ ես պետք է երգեմ ճակատագրին ուղղված երախտագիտության հիմնը` թե՛ Ռուսաստանում, և թե՛ արտերկրում ապրած բազմաթիվ լավ օրերի համար: Կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում ես վայելել եմ անմնացորդ բարեկեցություն և երջանիկ եմ եղել, որքան հնարավոր է։ Իհարկե, եղան նաև դառը պահեր, բայց դրանք, իրոք, պահեր էին, և ինձ հետո կապ ունեին այնքանով, որ դրանք իմ մտերիմ մարդկանց դժվարություններն էին։ Իրականում, անձամբ ես անվերապահորեն գոհ ու երջանիկ էի։ Սա իմ կյանքի առաջին տարին էր, որի ընթացքում ես լիովին ազատ մարդ էի։ Եվ այս ամենի համար ես պարտական եմ ոչ այլ մեկին, քան Ձեզ, Նադեժդա Ֆիլարետովնա: Ես մաղթում եմ Ձեզ երկրի վրա հնարավոր բոլոր օրհնությունները»:

Ռուս գրող Անտոն Չեխովն ամենաաակտիվ և ինտենսիվ նամակագրությունն ունեցել է իր ավագ եղբոր՝ Ալեքսանդրի հետ։ Նամակներում եղբորը դիմելիս Չեխովը հաճախ թույլ է տվել հեգնական, սրամիտ և նույնիսկ տգեղ արտահայտություններ։ Նա եղբորն անվանել է «անշնորհակալ և անարժան», «անօրինաբար ապրող և անօրինաբար կործանվող եղբայրս», «գրչի ավազակ ու մամուլի խարդախ», «ալեհեր եղբայր», «Սաշա-Տարակաշա» և այլն։



1889 թվականին, երբ արդեն ծնվել էր Ալեքսանդրի որդին՝ ապագա թատրոնի դերասան և մանկավարժ Միխայիլ Չեխովը, Անտոն Չեխովը հունվարի 2-ին եղբորը գրել է. «Իմաստուն Ձերդ մեծություն,

Շնորհավորում եմ քեզ` պայծառ մարդուն և քո երեխաների նոր ու երջանիկ տարին։ Մաղթում եմ, որ դու շահես 200 հազար, դառնաս պետական խորհրդական, իսկ ամենաշատը` առողջ լինես ու բավարար հանապազօրյա հաց ունենաս քեզ պես շատակերի համար…

Ողջ ընտանիքով խոնարհվում ենք»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ