Կռվելու հրաման չկար. ՌԴ-ն ու Իրանը ստվերային պայմանավորվածություններով հանձնեցին Սիրիան
copy image url

Կռվելու հրաման չկար. ՌԴ-ն ու Իրանը ստվերային պայմանավորվածություններով հանձնեցին Սիրիան

Խոսք Արտաքին 4 ամիս առաջ - 19:30 09-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին՝ ավելի քան 24 տարվա կառավարումից և 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց, և վերջինս իր ընտանիքի անդամների հետ միասին փախուստի դիմեց Ռուսաստան։ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ ահաբեկիչները ողջ իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը, իսկ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը այս անգամ չկարողացան աջակցել վերջինիս։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ընդգծեց, որ իր կարծիքով կային վաղորոք կայացված ստվերային պայմանավորվածություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածություններով Ռուսաստանն ու Իրանը հանձնեցին Սիրիան.

«Ինչու հանձնեցին՝ պատճառները շատ պարզ են. առաջին օրերից, երբ հայտարարվում էր, որ սիրիական բանակը չի կռվում, անընդհատ նահանջում է, ակնհայտ էր, որ ոչ թե սիրական բանակը չի կռվում, այլ սիրիական բանակն ուղղակի կռվելու հրաման չունի։ Բացի այդ, եթե համադրենք Իրաքի սահմանը հատած սիրիացի զինվորականների հայտարարությունները, ովքեր ասում են՝ փախել են, որովհետև հրամանատարները կրակելու և մարտի բռնվելու հրամաններ չէին տալիս, սա իր հերթին գալիս է ապացուցելու, որ կային ստվերային պայմանավորվածություններ, որ իշխանությունը հանձնվելու է։ Թե սիրիական գործընթացից յուրաքանչյուր դերակատար ինչ կստանա կամ ինչ կկորցնի՝ արդեն հարցի մյուս կողմն է»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ Սիրիայի հարցով նման ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ Արա Պողոսյանը պատասխանեց՝ կոնկրետ դերակատարների հնարավորությունների մասին այս պահին դժվար է խոսել, քանի որ սրանք իր եզրակացություններն են, բայց մասնավորապես Ռուսաստանի պարագայում դեռևս ամիսներ առաջ խոսվում էր, որ ՌԴ-ն Տարտուսից և Լաթաքիայից աստիճանաբար ինչ-որ ստորաբաժանումներ ու զինատեսակներ է դուրս բերում։ Նա նշում է՝ թեպետ ռուսական մամուլն այդ ժամանակ այս տեղեկությունները հերքում էր, բայց ակնհայտ էր, որ նման գործընթաց կա, քանի որ ՌԴ-ն պետք է ամբողջությամբ սպասարկեր ուկրաինական ճակատը, ինչի համար հավելյալ ուժեր էին անհրաժեշտ։

«Տեսնելով, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչպիսի ուժեր էր բերում ուկրաինական ճակատ, այդ թվում աջակցություն ստանալով Իրանից, Հյուսիսային Կորեայից, Չինաստանից և այլն՝ ակնհայտ էր, որ սա ուժերի, մասնավորապես սպառազինության պակաս։ Այս տեղափոխումները, սիրական ճակատը սպասարկելու դժվարությունները և այլն մղում էին այս հարցում գնալ որոշակի պայմանավորվածությունների։

Սիրիայում գործող քրդական տարբեր շրջանակներ հայտարարում են, որ դեռևս ամիսներ առաջ այդ գործողության մասին իրենք տեղեկացված են եղել ու պատրաստվել են դրան։ Սա իր հերթին խոսում է այն մասին, որ Իդլիբում ընթացող նախապատրաստական աշխատանքները եթե չեն վրիպել քրդական հետախուզության աչքերից, պատկերացրեք, թե ռուսական ու իրանական հետախուզությունը որքան ավելի վաղ է այդ մասին տեղեկացված եղել։ Հարցի մյուս կողմն է, թե հիմա ինչ կասեն, բայց իրականությունն այն է, որ նախաձեռնվող գործողությունների մասին տեղեկատվությունը եղել է, պայքարելու որոշում՝ հավանաբար չի եղել, ուստի որոշվել է այս ճակատից նահանջ կատարել»,- կարծում է նա։

Պողոսյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ սիրիական ճակատում միայնակ պայքարելն Իրանի համար չափազանց դժվար կլիներ, հատկապես եթե ուղիղ բախում էր սպասվելու Թուրքիայի հետ։ Ըստ նրա՝ հաջորդ չափազանց կարևոր գործոնն Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման չեզոքացումն էր այս հարցում. ««Հեզբոլլահ»-ը, որը Մերձավոր Արևելքում Իրանի ավանդական դաշնակիցն էր և սիրիական ճակատում պայքարող գլխավոր ուժերից մեկը, այս պարագայում այլևս չուներ նախկին ազդեցությունն ու ուժը, որպեսզի պայքարեր՝ հաշվի առնելով, որ Իսրայելը Լիբանանի հարավում սկսել է ռազմական գործողություններ, ու այնպես չէ, որ դրանք լիովին ավարտվել են։ «Հեզբոլլահ»-ն իր նախկին հզորությունն այլևս չունի՝ հաշիվ առնելով իր առաջնորդների չեզոքացումը, հետևաբար Իրանի համար այստեղ չափազանց դժվար էր լինելու, հատկապես եթե միայնակ էր կռվելու։ Ես կարծում եմ՝ այս հաշվարկները եղել են թե՛ պրագմատիկ՝ երկու կողմերի համար, թե՛ հատկապես Ռուսաստանի համար որևէ այլ ճակատում ինչ-որ առավելություն ստանալու պայմանավորվածություն, որը ինչ-որ ժամանակ կտեսնենք»։

Oragir.News-ի հարցին՝ Ադրբեջանը կարո՞ղ է իրավիճակից օգտվել և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն ուժային ճանապարհով բացելու փորձ կատարել՝ Արա Պողոսյանը պատասխանեց, որ այս սցենարը երբեք չի կարելի բացառել։ Նա շեշտում է՝ Սիրիայի պարագայում բոլոր հիմնական խաղացողների միջև կար ինչ-որ համաձայնություն, նույնկերպ այստեղ նման զարգացման համար այդպիսի պայմանավորվածություն է անհրաժեշտ։

«Կա՛մ բոլոր խաղացողների աջակցության դեպքում կլինի գործողություն, կամ՛ եթե միջազգային իրավիճակն Ադրբեջանի համար անբարենպաստ լինի, իսկ միջազգային իրավիճակը պայմանավորված չէ միայն տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացմամբ, այն կապված է միջազգային հիմնական դերակատարների միջև կոնսենսուս լինել-չլինելու հետ։ Այդ պարագայում կա՛մ կլինի, կա՛մ չի լինի. Ադրբեջանը մշտապես փորձելու է ձգձգել բանակցությունները, փորձելու է շահել առավել բարենպաստ ժամանակ՝ հարցը ուժային մեթոդներով լուծելու համար։ Սա միշտ եղել է Ադրբեջանի քաղաքականությունը, և այն այդպես էլ կմնա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված