Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 20:00 03-05-2023

Իրանը և Սիրիան ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսին և Ասադաը Սիրիայի նախագահական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ ստորագրել են համագործակցության 15 փաստաթուղթ, այդ թվում՝ Իրանի և Սիրիայի միջև ռազմավարական և երկարաժամկետ համագործակցության համապարփակ ծրագիրը։

«Նախագահներ Ասադը և Ռայիսին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համապարփակ համագործակցության ծրագրի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ստորագրված փաստթղթերը վերաբերում են երկու երկրների միջև առևտրային համագործակցության, նավթի և էներգետիկայի, ինժեներական նախագծման, բնակարանային, երկաթուղային և օդային տրանսպորտի, ազատ գոտիների և մասնավոր հատվածի, կապի և տեխնոլոգիաների , ինչպես նաև երկրաշարժերի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իրանի նախագահն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Սա 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի նախագահի առաջին այցն է այդ երկիր: