Մշակույթ 1 տարի առաջ - 21:52 03-12-2024

Սյունյաց լեռների պես հսկա, սյունյաց լեռների պես ամրակուռ․ այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Այսօր մեծ գորիսեցու՝ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է։

Իր մանկության մասին գրողը ջերմագին հիշողություններ է թողել։

«Ես ծնվել եմ Զանգեզուրում, այնտեղ, ուր լեռները երկնքի մեջ են, որոնցից շատերի գագաթներին ամռանն անգամ ձյուն է լինում: Ծնվել եմ այնտեղ, ուր խորունկ ձորերի ու կիրճերի մեջ քաղցրանում են նուռը, խաղողը, թուզը, իսկ լեռներում ալպյան արոտներ են, կապույտ լճեր: Լեռների ծոցում՝ Վարարակն գետի ափին է Գորի քաղաքը: Նրա դիմաց՝ ձորերի մեջ, հին Կյորես գյուղը՝ ժայռերի նախիրներով, հեթանոս Ձագ նահապետի կառուցած բերդի ավերակներով, գերեզմանոցներով, քարաձավներով ու կամարակապ աղբյուրներով: Գյուղում հնադարյան ձիթհաններ կան և բրուտանոցներ, ձորում՝ հազարամյա ջրաղացներ և մատուռներ: Հին, շա՜տ հին է մեր Կյորեսը: Այստեղ՝ հսկա ժայռի տակ, այժմ էլ երևում է կիսավեր մի պատ: Հենց այդ քարանձավում էլ ծնվել եմ ես»:

Սյունյաց աշխարհն իր հետքն է թողել գրողի հոգեբանության վրա։ Ի դեմս Խանզադյանի՝ մեր դեմ վեր է ելնում զանգեզուրյան հսկան՝ սյունյաց լեռների պես ամուր, սյունյաց լեռների պես հպարտ։



«Մայրս հիմա էլ ասում է. «Ես էլ եմ դեկտեմբերի երեքին ծնվել: Քո ծնված օրը ես դարձել եմ ուղիղ տասնինը տարեկան»:

Այսպիսով, ես ծնվեմ եմ 1915 թվականի դեկտեմբերի 3-ին: Հայրս երբեք դպրոց չի գնացել, այնինչ մայրս ավարտել է մեր գյուղի օրիորդաց դպրոցի չորրորդ դասարանը: Նրա հայրը միջին կարողության տեր գյուղացի է եղել, որը սերում է մեր կողմերում հայտնի Մելիք-Օհանյան տոհմից: Այժմ էլ մայրս հպարտանում է իր մելիքական-իշխանական ծագումով, իր նախապապ Մելիք-Օհանյանով, որը եղել է Դավիթ Բեկի զինակիցներից: Հորս գծով իմ բոլոր ապուպապերը հովիվներ են եղել: Դառը որբությամբ է անցել հորս կյանքը: Զրկանքներով է անցել նաև իմ կյանքը: Իմ հիշողությունից երբեք չջնջվեցին մեր թաղի անձավաբնակ մարդիկ, խորունկ ձորերը, ձորերի մթին այգիները, կապույտ սարերը և հոգսից ընկճված հայրս՝ բարձրահասակ, ժամանակից շուտ ծերացած և նյարդային: Լավ հիշում եմ մորս տատին, որը մեռավ մոտ հարյուր տարեկան հասակում, ոտի վրա՝ բաղուբոստանը մշակելիս: Նա ինձ մեծացրել է ծնկերի վրա: Հին տարազով այդ նահապետական կինը լեգենդների, հեքիաթների, առասպելների, առածների ու հին-հին զրույցների անսպառ աղբյուր էր: Հեքիաթային կին էր մեծ տատս: Նա գյուղական հեքիմ էր ու հռչակավոր տատմայր: Նաև հեզ էր, ինչպես հիմա հեզ է մայրս՝ այդ նահապետական կնոջ թոռը»,- իր ընտանիքի մասին պատմում է Խանզադյանը։

Խանզադյանը շատ բան է տվել երկրին, ժողովրդին ոչ միայն իբրեւ գրող, այլեւ քաղաքացի՝ օժտված քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու պայքարի ջիղով: Հատկանիշներ, որոնք խարսխված են մարդկայնության, բարոյականության անխախտելի հիմքի վրա:



Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 3-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, 1934_1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945): 1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։

Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը