«Երևան Սիթի»-ն ստիպում է՝ 2 հերթափոխ աշխատենք․ ցանցից հերքում են
copy image url

«Երևան Սիթի»-ն ստիպում է՝ 2 հերթափոխ աշխատենք․ ցանցից հերքում են

Ներքին 4 ամիս առաջ - 11:25 22-11-2024
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները դժգոհում են աշխատանքի պայմաններից։

Oragir.News-ի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ սուպերմարկետների ցանցը աշխատատեղերը համալրելու խնդիր ունի, քանի որ բազմաթիվ աշխատակիցներ, հիմնականում երիտասարդ կադրերը, դուրս են գալիս և այլ սուպերմարկետում աշխատանքի անցնում՝ ավելի ճկուն գրաֆիկով։

«Քանի որ աշխատող չկա, Սիթիի ղեկավարությունը որոշել է մեր հանգստի հաշվին առևտուր կազմակերպել։ Ստիպում են, որ 2 սմեն մնանք աշխատանքի։ Պատկերացնո՞ւմ եք, առավոտ գալիս ենք աշխատանքի, ուշ ժամի նոր տուն ենք գնում։

Նույնը վերաբերվում է դրամարկղերի աշխատակիցներին, ջահել երեխեքը չեն դիմանում, դուրս են գալիս։ Հիմա, որ մտնեք Սիթի, կտեսնենք 10-15 կասայից կեսը չեն աշխատում, հաճախորդներն էլ մի կողմից են բողոքում հերթերից։ Մի խոսքով՝ խայտառակ վիճակ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարի հետ, վերջինս նշեց․

«Նախ մենք ոչ ոքի չենք կարող և չենք պարտադրում մնալ և աշխատել։ Եթե աշխատակիցները մնում են, ապա կամ համաձայնվում են գրաֆիկին, կամ փոխարինում են իրենց կոլեգաներին, որը ևս իրենց փոխարինում է․ բոլորը վճարումները ստանում են։
Գրաֆիկները մեզ մոտ շատ հստակ են, այն աշխատակիցները, որոնք լքում են կազմակերպությունը, բնականաբար ըստ օրենքի 1 ամիս աշխատում և նոր են դուրս գալիս։ Մենք այդ ընթացքում համալրումները տալիս ենք, փորձում ենք, քանի որ այս պահին մեզ մոտ աշխատաշուկան այնպես է, որ դժվար է աշխատակից համալրելը, մենք փորձում ենք 1 ամսվա ընթացքում համալրել մեր աշխատակիցներին, որպեսզի ծանրաբեռնվածություն չլինի։

Բացի ծանրաբեռնվածությունն այլ աշխատակիցների վրա ավելացնելը, մենք բիզնեսի ոլորտում ենք և բնականաբար աշխատակիցներ էլ են մեզ անհրաժեշտ՝ հետագա բիզնեսը զարգացնելու համար։

Կա հստակ աշխատաժամանակ, որը մենք պահում ենք, աշխատում ենք երբեք խախտումներ չկատարել։ Եթե աշխատակիցները աշխատեն իրենց ներկայացրած ավել հերթափոխերով, ապա առաջին հերթին դա կազմակերպությանն է վնասում, քանի որ աշխատակցի աշխատունակությունն իջնում է։
1 օրվա համար 2-ից 3 ժամը դա թույլատրելի հավելավճարով աշխատելաժամերն են, որը կարող ենք թույլ տալ, որ աշխատակիցը մնա և աշխատի։ Այսինքն՝ 8 ժամ + 2-ից 3 ժամ՝ հավելավճարով։ Մենք հերթափոխեր ունեն, որ 6․5-ից 7 ժամ է, իրենք հերթափոխի ժամանակ ավելի քիչ են աշխատում, քան օրենսգրքով նախատեսված է։ Մեզ մոտ 7 ժամ գրաֆիկ կա, աշխատակիցներին մի փոքր ավելի շուտ ենք ճանապարհում և այլն։

Ինչ վերաբերում է դրամարկղերի վերաբերյալ բողոքին, ապա դրանք տեսանելի են, եթե խանութում կա օրինակ՝ 10 դրամարկղ, ապա 9-ը հաստատ աշխատում է, եթե ոչ 10-ը։ Ավելի քիչ կարող են դրամարկղերը աշխատել, երբ հերթափոխ է լինում, այդ ժամանակ փակում են դրամարկղերը, որպեսզի կարողանան հանձնում և ընդունում անեն։ Բայց այն, որ մնացած ժամանակ փակում ենք, դրամարկղերի կեսն ենք աշխատեցնում, դա իրականությանը չի համապատասխանում։ Մեզ մոտ նույնիսկ բաց են ինքնասպասարկման դրամարկղերը»։

Դիտարկմանը, որ աշխատակիցները լուսանկարներ և տեսանյութեր են տրամադրել, որտեղ երևում են, որ դրամարկղերի կեսը չեն աշխատում, և որ դրանք հիմնականում ծայրամասերում գործող սուպերմարկետներում են լինում, ոչ թե կենտրոնում, «Երևան Սիթիի» ներկայացուցիչն ասաց, որ դա արդեն ներքին կանոնակարգին է վերաբերում։

«Կան կոնկրետ ժամանակահատվածներ, որտեղ առևտուրը բավականին ցածր է, բնականաբար, այդ պահին կարող են դրամարկղը փակել, տվյալ աշխատակիցը բաժնում էլ աշխատի կամ այլ գործ կատարի։ Դրանք մի փոքր ներքին հարցեր են, որոնք բնականաբար շատ են լինում ու հստակ չեմ կարող ասել, թե որ ժամանակ է եղել, որ պահին է եղել, բայց մեզ մոտ դրամարկղերն աշխատում են, 10-ից 9-ը միշտ բաց են լինում, եթե ոչ 10-ից 10-ը»։

Ամենից շատ դիտված