2024-ի հունվարին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը փշրեց կենսաթոշակառուների հույսերն, հայտարարելով, որ այս տարի կենսաթոշակը չեն բարձրացնելու։ Միժամանակ խոստացավ, որ Կառավարությունը կենսաթոշակների բարձրացում նախատեսում է 2025 թվականին. «2025-ին միջնաժամկետ ծախսային ծրագրերով ներկայացրել ենք կենսաթոշակի բարձրացում և կգնանք դրան»։ Նույնը հաստատեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Թոշակները կբարձրանան 2025թ.-ին և 2026թ.-ին, 2024թ.-ին չեն բարձրանա», ասաց նա։ Սակայն օրեր առաջ պարզվեց, որ 2025-ին ևս կենսաթոշակի բարձրացում չի լինելու։ Նոյեմբերի 4-ին նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ 2025 թվականին պահպանվելու են 2024 թվականին գործող՝ հիմնական կենսաթոշակի չափերը։
Ինչու՞ չեն բարձրացնում կենսաթոշակը 2025-ին, և արդյո՞ք 2026-ին կավելացնեն։
Նախ՝ շատ վատ է, որ իշխանությունները չեն կատարում տված խոստումները, առանց որևէ արդարացում ներկայացնելու։ 2024-ին չի եղել մեծ, չնախատեսված, անսպասելի ֆորս մաժոր։ Հետևաբար՝ որևէ հիմք չկա չկատարելու 2024-ի հունվարին նախանշված բարձրացումը։ Իսկ եթե եղել է, բայց ժողովուրդը դրանից տեղյակ չէ, ապա ՔՊ-ն պարտավոր է ազնվորեն ներկայացնել հանրությանը, թե ինչն է պատճառը, որ 2025-ին կենսաթոշակի բարձրացում չի լինելու։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները չեն փորձում արդարանալ, թե ինչու չեն կատարելու ժողովրդին տված խոստումները, ապա այստեղ ինչ-որ մի մութ, կեղտոտ բան կա։ Այս առումով քննարկվում է 3 վարկած։
Առաջին հերթին ենթադրելի է, որ ՔՊ-ական կառավարությունը 2024-ի հունվարին պարզապես խաբել է ժողովրդին, որ 2025-ին կբարձրացնի կենսաթոշակը։ Այդ խաբկանքին դիմել է, որ շահի մոտ կես միլիոն թոշակառուների համակրանքը, առնվազն՝ չեզոքությունը, հեռու պահի նրանց հակակառավարական շարժումներից։ Տատի-պապիներն էլ, իմանալով, որ հաջորդ տարի բարձրացնելու է կենսաթշակը, առնվազն 1 տարի զերծ են մնացել Նիկոլ Փաշինյանին անիծելուց։ Իսկ հիմա նրանք հայտնվել են խաբված վիճակում։
Երկրորդ վարկածը նախընտրական տրամաբանության մեջ է։ ՔՊ-ին հետաքրքրում է մեկ բան՝ պահպանել իշխանությունը։ Գնալով՝ այս խնդիրն ավելի ու ավելի բարդ է դառնում։ Եվ կենսաթոշակի բարձրացումը ծառայելու է բացառապես այս խնդրին։ ԱԺ հերթական ընտրություններն ացկացվելու են 2026-ին։ Եթե 2025-ին ու 2026-ին աստիճանաբար պիտի բարձրացնեին թոշակը մի քանի հազարով, ապա դրա փոխարեն միանգամից կբարձրացնեն 2026-ին։ Այդպես շոշափելի մեծ կլինի բարձրացումը։ Եվ թոշակառուները ուրախ ու երախտապարտ կքվեարկեն իրենց թոշակները բարձրացրած Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վերջինս պոպուլիստական վարպետությամբ երեսով կտա ժողովրդին, այն կներկայացնի որպես մեծ նվեր, հոգատար վերաբերմունքի, սոցիալական պատասխանատվության ցույց և այլն։
Երրորդ վարկածը կենցաղային է։ Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես կերել է այն փողը, որը նախատեսված էր թոշակները բարձրացնելու համար։ Այս վարկածը թույլ է, քանի որ մարդկային երևակայության մեջ դժվար է տեղավորվում, թե ինչպես է հնարավոր այդքան մեծ գումար յուրացնել։ Սակայն հաշվի առնելով նրա 6,5 տարիների փորձառությունը, ենթադրելի է, որ կենսաթոշակների բաձրացման համար նախատեսված գումարը Նիկոլ Փաշինյանը ներդրել ԵԱՏՄ երկրներից մեկում, շահութաբեր ինչ-որ գործում, ապահովելով իրեն եկամտով, այն պարագայում, եթե 2026-ին ընտրություններում պարտվի ու ստիպված լքի հայրենիքը։
Թվարկված վարկածներից ամենահավանականը նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվողն է։ Ու եթե 2026-ին մարդիկ զարմացած իրար հացնեն, թե ո՞վ է կրկին ձայն տվել պարտության ու աղետների պատասխանատու Նիկոլ Փաշինյանին, ապա «խելացիները» կարող են ենթադրել, որ տարեցներն ու հաշմանդամներն են քվեարկել, քանի որ թոշակները բարձրացել են։ Իհարկե, 2026-ի ընտրություներից հետո նկատելի գնաճ կլինի, և թոշակի բարձրացումը գրեթե չի երևա թոշակառուների վրա, իշխանությունները գնաճով հետ կբերեն բարձրացրած թոշակը, սակայն գնացքն արդեն անցած կլինի, ՔՊ-ն ստացած կլինի ցանկալի քվեն ու ևս մի քանի տարի անպատիժ իշխելու հնարավորությունը։
Թաթուլ Մկրտչյան