Օրեր առաջ պարզվեց, որ կա մի երևույթ, որի հետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաշտվել, չի կարողանում հասկանալ։ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ո՞նց է պատահում, որ նույն երևույթի մասին հարգված իրավաբանները կարող են հայտնել տարբեր կարծիք»։ Այսպիսի զարմանք է արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին, մասնակցելով Հակակոռուպցիոն կոմիտեում կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը զարմանում է, որ նույն փաստը դատարանը մի կերպ է ընկալում, քննչական մարմինը՝ երկրորդ կերպ, դատախազությունը՝ երրորդ։ Ընկալումների և մոտեցումների այսօրինակ տարբերությունը Փաշինյանը շատ խնդրահարույց է համարում։ Ինչու՞ են տարբերվում դատարանի և դատախազի ընկալումները։ Եվ ինչո՞ւ է Փաշինյանն ուզում, որ դրանք համապատասխանեն։
Խորհրդային բռնազավթման տարիներին գործում էր տրոյկաների սխեման։ Օրինակ՝ Չարենցին վերագրվող մեղադրանքն իջեցվել է վերևից, հիմնված է եղել պատվերով գրված մատնագրի վրա, կարվել է գործն, ու երեք հոգի միաձայն գնդակահարության են դատապարտել հանճարեղ գրողին։ Այսպես սպանել են հազարավոր մարդկանց։ Այդ տարիներին իրավաբանների ընկալումներում ու մեկնաբանություններում տարբերություններ չկային։ Դատարանը հալած յուղի պես ընդունում էր դատախազի ու քննիչի ներկայացրած փաստերն ու համարժեք պատիժ նշանակում։ Մոտավորապես նույնպիսի արդարադատություն էր ինկվիզիցիայի շրջանում։ Ճիզվիտների ներկայացրած մեղադրանքները վհուկների մասին ոչ ոք կասկածի տակ չէր առնում, այլ կարծիք չէր հայտնում, մեկնաբանություն չէր անում, քանի որ կարող էր մեղադրվել վհուկներին պաշտպանելու, հետևաբար՝ վհուկ լինելու մեջ։ Նրանց ձեռքով բազմաթիվ մարդիկ են այրվել խարույկի վրա։
Եթե Նիկոլ Փաշինյանը տրոյկաների կամ ճիզվիտների նման է պատկերացնում իրավաբանությունը՝ առանց տարբեր մեկնաբանությունների, ապա կարող ենք հիմնավոր մտահոգություն հայտնել, որ մեր երկրում արդարադատությունը այլասերման վտանգի առաջ է կանգնած, իսկ արդարության ընկալումն այս պարագայում կարող է հիմնովին խեղվաթյուրվել։
Այլ իրավիճակ է ազատ աշխարհի երկրներում։ Այստեղ արդարադատության անկյունաքարը անմեղության կանխավարկածն է։ Եթե ինկվիզիցիայի շրջանում կարծում էին, որ մարդն ի սկզբանե մեղավոր է և հակված է մեղք, հանցանք գործելու, ապա ազատ աշխարհում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Դատավորը կարող է կասկածի տակ առնել դատախազի ներկայացրած փաստերն ու ապացույցները, և կայացնել վճիռ, որը տարբերվում է դատախազի պահանջից։ ՀՀ-ում, ինչպես ազատ աշխարհում, փաստաբանը, որը նույնպես իրավաբան է, այլ տեսանկյունից է դիտարկում մեղադրողի բերած փաստերն ու ապացույցները, դրանց տալիս այլ մեկնաբանություն։ Դատավորների խնդիրն էլ այն է, որ նրանք, առաջնորդվելով օրենքով և խղճով, քննելով դատախազի ու փաստաբանի ներկայացրած փաստերն ու ապացույցները, տարբեր մեկնաբանությունները, կայացնեն արդար վճիռ։ Արդարադատության այլ ձևաչափն ու ստադարտը տանում են դեպի տրոյկա ու ինկվիզիցիա, վհուկների որս ու բռնաճնշում, քաղաքական հետապնդում ու մարդկության դեմ հանցագործություն։
Իսկ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ խոսում արդարության և արդարադատության նոր ստանդարտի մասին։ Ենթադրելի է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման համատեքստում միջազգային հանրությունը Փաշինյանից պահանջել է դադարեցնել քաղաքական հանգամանքներով պայմանավորած հետապնդումները։ Եվ իրոք, վերջին շրջանում բանտերից ազատ են արձակվել բազմաթիվ մարդիկ, որոնց հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն։ Այս պահանջն ու դրա կատարումն է խնդրահարույց Փաշինյանի համար։
Այսինքն՝ Փաշինյանն իրականում՝ արդարության և արդարադատության ջատագով չէ։ Նա փնտրում է սողանցք, այսպես կոչված՝ նոր ստանդարտ, որ և՛ կարողանա ճնշել քաղաքական մրցակիցներին, և՛ չընկնել արտաքին պատժամիջոցների տակ։ Ու եթե դատավորները, քննիչներն ու դատախազները չեն ուզում մեղսակից դառնալ, ապա պետք է անեկրբա հայտարարեն, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից հետո ազատ աշխարհում արդարադատության գործող ստանդարտից զատ, այլ ստանդարտ ընդունելի չէ։ Այս առումով՝ իրավաբանների տարբեր մեկնաբանությունները արդարության անհրաժեշտ պայմանն են։
Թաթուլ Մկրտչյան