Խթանել էկոկրթությունը, հոգատար լինել բնության նկատմամբ․ ինչ է «Բնապահպանական հեքիաթների մրցույթ»-ը
copy image url

Խթանել էկոկրթությունը, հոգատար լինել բնության նկատմամբ․ ինչ է «Բնապահպանական հեքիաթների մրցույթ»-ը

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:00 31-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել է «Բնապահպանական հեքիաթների մրցույթ»-ը։ Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չի եղել, իսկ ամենակարևոր պայմանը եղել է բնությունը սիրելը և այդ սերը հեքիաթներում արտահայտելը։

Oragir.News-ի հետ զրույցում «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի ղեկավար Լիանա Մարգարյանը նշեց, որ մրցույթը հենց իրենց ՀԿ-ի նախաձեռնությամբ է կազմակերպվել։ Նա ասաց, որ սա արդեն նմանատիպ երկրորդ մրցույթն է, իսկ առաջինն անցկացվել է նախորդ տարի նոյեմբերին, ամփոփվել՝ տարեվերջին։

«Արդյունքներն արդեն պատրաստ էին, և ստացված հեքիաթներով մենք հրապարակել ենք բնապահպանական հեքիաթների առաջին ժողովածուն։ Այս տարվա մայիսին գրքի շնորհանդեսն էր, և գիրքն այժմ արդեն վաճառվում է գրախանութներում։ Երկրորդ մրցույթը հայտարարվել էր օգոստոսին, և բավականին երկար ժամանակ էինք տրամադրել, որպեսզի կարողանային ծանոթանալ մրցույթին և դիմել, ներկայացնել տարբեր ստեղծագործություններ։ Մրցույթի ընդհանուր նպատակը նախևառաջ Հայաստանում էկոկրթության խթանումն է, շրջակա միջավայրի ճանաչողականության բարձրացումը։ Նպատակ ունենք նաև բնության նկատմամբ սեր ու հոգատարություն խթանել, որպեսզի հեղինակներն էլ իրենց հերթին հեքիաթների միջոցով ինչ-որ լուծումներ առաջարկեն»,- ասաց նա։

Լիանա Մարգարյանը շեշտում է, որ այն անհատները, հատկապես փոքր տարիքի երեխաները, ովքեր այժմ չեն մասնակցում մրցույթին, հետագայում կարող են կարդալ այս ժողովածուի մեջ տեղ գտած հեքիաթները ու հասկանալ, թե ինչ բնապահպանական խնդիրներ կան, դրանք ինչ հետևանքներ կունենան ինչպես բնության, այնպես էլ մարդու առողջության վրա, և ամենակարևորը՝ ինչպես է պետք կանխել նման խնդիրների առաջացումը ու լուծել դրանք։

Մեր զրուցակիցը նշում է, որ մրցույթին մասնակցողների թիվն այս տարի մեծ է եղել․ «Օրինակ անցյալ տարի մենք ստացել էինք մոտ 80 հեքիաթ, դրանք մեր կողմից խմբագրվել, սրբագրվել ու տպագրվել են գրքույքում։ Այս տարի ստացել էինք գրեթե 60 հեքիաթ, որոնք արդեն խմբագրվել են։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, որովհետև վաղն արդեն նախատեսում ենք հրապարակել մրցույթի հաղթողների անունները, և արդեն բոլոր մասնակիցները կկարողանան տեսնել, թե նրանցից ովքեր են ընտրվել հաղթողներ, ու որ հեքիաթներն են ներառվելու տպագրության երկրորդ ժողովածուի մեջ։ Տարիքային սահմանափակում չի եղել, սակայն մեր առաջարկով հաղթողներն ընտրվելու են 2 տարիքային խմբերից՝ մինչև 18 տարեկան և 18 ու ավելի մեծ։ Սա արել ենք, որպեսզի մրցույթն ավելի արդարացի լինի, քանի որ պարզ է՝ մեծահասակներն ավելի փորձառու են, կարողանում են իրենց մտքերը շարադրել, իսկ երեխաները կարող են այդքան հմուտ չլինել»։

Լիանա Մարգարյանը տեղեկացրեց մեզ, որ ձևավորվել է 4 անձից բաղկացած հատուկ հանձաժողով, որի անդամներն էլ ուսումնասիրել են հեքիաթները ու քննարկման արդյունքում որոշել հաղթողներին։ Նրա խոսքով՝ եղել են աշխատանքներ, որոնք չեն համապատասխանել տեխնիկական պահանջներին, ուստի դրանք տպագրության ժողովածուի մեջ չեն ներառվելու։ «Առանձնացվել են 1-ական հաղթողներ, ունենք նաև 1 խրախուսական մրցանակ՝ երրորդ անձի համար։ Ասեմ, որ նա մեծահասակների խմբից էր, իսկ ընտրություն կատարելը շատ բարդ էր, քանի որ աշխատանքներն իրոք հիանալի էին, և մենք չկարողացանք այդ աշխատանքն անտեսել»,- ասաց նա։

«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ հիմնադիրը տեղեկացրեց, որ հաղթողներին բացի իրենց հեքիաթների տպագրությունից նաև այլ մրցանակներ են սպասվում, սակայն ցանկացավ, որ դրանք դեռևս անակնկալ մնան։ Հեքիաթների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, որի ընթացքում էլ մրցանակները կհայտարարվեն ու կհանձնվեն հաղթողներին։

Oragir.News-ի հարցին, թե այս ամենը ինչ ֆինանսական միջոցներով է կազմակերպվում՝ Լիանա Մարգարյանը պատասխանեց, որ այս աշխատանքները իրականացվում են ՀԿ-ի անդամների սեփական անդամների միջոցներով։ Նա նաև ասաց՝ հույս ունեն, որ գրքի վաճառքից ստացված հասույթը կատարված ծախսերի մի մասը կծածկի։

Լիանա Մարգարյանը հավելեց՝ մրցույթին մասնակցում էին ոչ միայն երեխաներն ու սիրողական ստեղծագործությունների հեղինակները, այլև գրական ու ստեղծագործական ձիրք ունեցող անհատներ, ովքեր փորձառու են, ստեղծագործում են Հայաստանում, ունեն բազմաթիվ տպագրված աշխատանքներ, ինչը ողջունելի է։ «Իրենք իրենց փորձով կիսվում են նաև երեխաների հետ և միմյանց հետ կապը, երկխոսությունն ու համագործակցությունը շատ մեծ արդյունքներ է բերում արդեն ստեղծագործության ոլորտում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»