Բյուջեի քննարկման ժամանակ են պարզվում իշխանության նպատակները, խնդիրները, քաղաքական, մշակութային առաջնահերթությունները, հավակնությունները։ Բյուջեն իշխանության ամենալավ հայելին է, որտեղ երևում են, թե ինչի վրա են նրանք ուղղում հարկատուների միջոցները։
ԱԺ-ում 2025-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է արդյունավետ «Միր» հեռուստաընկերությանը տարեկան 257 մլն դրամ վճարելը։ Պատասխանողը տեղեկացրեց, որ այս վճարումը նոր չէ, գալիս է անցյալ դարի 90-ական թվականներից, սահմանված է միջպետական պայմանագրով, որով ԱՊՀ անդամ երկրները համամասնորեն ֆինանասավորում են «Միր» հեռուստաընկերության աշխատանքը։ Աշխատակազմի ղեկավարն ասաց նաև, որ պատրաստվում են քննարկումներ ունենալ՝ հասկանալու՝ որքանով է արդյունավետ «Միր»-ին տարեկան 257 մլն դրամ վճարելը։
Այս քննարկումը կարող է ունենալ 2 ելք։ Առաջինը՝ շարունակում են մուծվել։ Երկրորդը՝ դադարեցնում են անիմաստ մսխել հարկատուների միջոցները։
Հաշվի առնելով ՔՊ-ի անպատասխանատու գործելաոճը, ինչպես նաև այն, որ 2018-ին ռուսական միջնորդությամբ իշխանություն ստանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել է անփոփոխ թողնել հայ-ռուսական պայմանագրերը, ապա ենթադրելի է, որ շարունակելու են խելոք մուծվել։ Առավելագույնը՝ կարող են խնդրել, որ «Միր»-ով ցուցադրեն Փաշինյանի մարզային այցերը, ելույթները, իսկ ընտրությունների ժամանակ նաև ՔՊ-ի ընտրարշավը։
Այս նեղ, թիմային հետաքրքրությունը, բնականաբար, հրապարակային քննարկման ենթակա չէ։ Կարող են արժանանալ ժողովրդի քննադատությանը, որ հարկատուների միջոցները ծախսում են կուսակցական հետաքրքրությունների վրա։ Թերևս՝ սա է պատճառը, որ աշխատակազմի ղեկավարը բավարարվում է միայն ակնարկով, որ գուցե քննարկեն այս հարցը։
Ազգային մուլտիպլեքսով «Միր»-ի և մյուս ռուսական ալիքների հեռարձակումը հակասում է ազգային շահերին։ Այս մասին բազմաթիվ ապացույցներ կան։ Նույնիսկ ՔՊ պաշտոնյաները բազմաթիվ ակնարկներ են արել, որ դրանք տեղեկատվական անվտանգության անկառավարելի ռիսկեր ունեն, որոնք հաշվի առնելով, անկախության ջատագովները պարբերաբար բարձրացնում են ռուսական ալիքների փակման հարցը։
Մեր երբեմն բախտակից, եվրաինտեգրման ուղին ընտրած, եվրոպա դառնալու ձգտումներ ունեցող երկերներում ռուսական ալիքները վաղուց փակված են։ Եվ այսպիսի հարց չկա՝ մուծվե՞նք «Միր»-ին, թե՞ չէ։
Սա ցուցիչ է։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրում ռուսական ալիքների հեռարձակման շարունակումը վկայում է, որ այդ երկրի իշխանությունը իներցիայով շարունակում է սպասարկել ռուսական հետաքրքրություններ։
Պարզ ասած՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այս թեման բարձրացնելով ցույց տվեցին, որ ՔՊ-ն անկախության ու ժողովրդավարության բարեփոխումների ուղղությամբ բան չի անելու, եվրաինտեգրման ուղղությունը չի խորացնելու, հարկատուների միջոցները վատնելու է ժողովրդի, Հայաստանի ազգային շահերի հետ առնչություն չունեցող բաների վրա։
Իսկ եթե այսպես չէ, և ՔՊ-ն հարկատուների միջոցներն անպատասխանատու չի վատնում, ապա «Միր»-ին վերաբերող պայմանագիրը կլուծեն։ Եվ եթե Արայիկ Հարությունյանը չի ստում, և այս թեմայով քննարկում է լինելու, ապա գուցե քննարկման մասնակիցներից մեկը կարողանա ողջամտորեն և փաստերով ապացուցել, որ Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է ոչ բարեկամաբար։ Եվ Հայաստանի, ներքին խաղաղության, քաղաքական համակարգի զարգացման շահերի տեսանկյունից արդարացված է ռուսական մյուս ալիքները փակելը, հետևապես՝ արդարացված է «Միր»-ի պայմանագիրը լուծելը, ՀՀ հարկատուների միջոցներից 257 մլն դրամ չտալը Ռուսաստանի թելադրանքով գործող հեռուտաընկերությանը։
Թաթուլ Մկրտչյան