Երևան +21°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:22 02-03-2022

Դե ֆակտո Մանվել Գրիգորյանն արդարացված է, թե ինչ կորոշի տուզիկ դատարանը` կարևոր չէ. փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը փետրվարից վերսկսվել են։
Այժմ դատարանը հասել է վկաների հարցաքննության փուլին։ Տևական ժամանակ է , ինչ գործը դատարանում քննվում է։ Նախ իրար հետեւից պաշտպանական կողմից միջնորդություններ էին ներկայացվում նախկին պաշտոնյային ազատ արձակելու հետ կապված,որոնք մերժվում էին։ Հետո, երբ նրա առողջական վիճակը վատթարացավ, նա ազատության մեջ հայտնվեց։ Դրան հաջորդեց Գրիգորյանի անժամանակ մահը։ Հիմա գեներալ Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործերն առանձնացված քննվում են նույն դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Ի դեպ, օրենքի ուժով, երբ անձը մահանում է, գործը կարճվում է, հաշվի առնելով գործի հնչեղությունը՝ պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի գործը քննվի մինչև վերջ՝ արդարացման հիմքով։

Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով արդարացման պահանջին, նշեց. «Դեֆակտո Մանվել Գրիգորյանն արդարացված է, իր քրեական հետապնդումը պատվիրողը` հրապարակայնորեն բացահայտված և խայտառակված։ Թե ինչ կորոշի այսօրվա քպիստական տուզիկ դատարանը` այլևս կարևոր չէ»։
Նրա խոսքով` ինքը դատաքննությանը չի մասնակցում, որովհետեւ իմաստ չի տեսնում.«Մենք այդ հակամարտությունն արդեն հաղթել ենք, պարտվածներին ասելու բան չունեմ»։ Դիտարկմանը, թե դատաքննությունն երկար տեւեց, նա արձագանքեց` այո, նաև իրենց պատվիրատու թուրքի։ Իսկ թե «պատվիրատու թուրք» ասելով ո՞ւմ նկատի ունի, չցանկացավ մանրամասնել. «Ես ամենինչ ասեցի` ավելացնելու և մանրամասնելու անհրաժեշտության կարիքը չեմ տեսնում»։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):

Ալբինա Բարեղամյան

Ձեզ գուցե հետաքրքրի