Oragir.News-ն անդրադարձել էր Չարենցավան համայնքում արձանների վիճակին, մասնավորապես` Եղիշե Չարենցի արձանի անմխիթար վիճակին։
Oragir.News-ը կապ հաստատեց Չարենցավանի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանի հետ՝ պարզելու՝ համայնքապետարանն ինչ քայլեր է անելու քաղաքի Կենտրոնական զբոսայգում Եղիշե Չարենցի արձանը կարգի բերելու համար, քանի որ այն գտնվում է անմխիթար վիճակում և վերանորոգման անվան տակ ներկվել է հատակի կարմիր ներկով։
«Դա եղել է վաղուց, չեմ հիշում՝ քանի տարի առաջ, բայց արվել է այգու վարձակալի կողմից։ Այգու վարձակալը «Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ-ն է, որը այգին վարձակալել է 25 տարով։ Ինքը որոշել է, որ պետք է ներկի։ Տեղյակ ենք, որովհետև անելուց հետո տեսել ենք, որ ներկվել է։ Իրենց տեղեկացրել ենք, որ պետք է նման բան չարվեր։ Այս պահին մենք դատական գործընթացի մեջ ենք վարձակալի հետ, սպասում ենք դատարանի վերջնական որոշմանը՝ այգին համայնքին վերադարձնելու և մնացած խնդիրները լուծելու համար»,- ասաց նա։
Oragir.News-ը կապ հաստատեց «Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Թովմասյանի հետ, ով նշեց, որ բազմիցս դիմել են համայնքապետին, սակայն ապարդյուն։
«Չարենցի արձանը պոկված-ընկած էր գետնին, կիսանդրին երկու կես էր եղել։ Քանի անգամ քաղաքապետարանին մենք ասել ենք, որ վերանորոգեք, կանգնեցրեք։ Հետո արձանը, որ չուգունից է, ժանգոտվում էր։ Հատուկ փոշիով ներկել ենք, որ չժանգոտվի, դա երբ ուզեն կարող են մաքրել։ Դա իրականում տուֆի փոշի է,տուֆի փոշով ներկել են։ Էդ պատերի քարերն էլ թափվել էին,
աստիճանները համարյա չկային։ Մարդ բերեցինք, սարքեցինք»,- ասաց նա։
Թովմասյանի խոսքով` տեսնելով, որ ոչ մեկը ոչ մի աշխատանք չի անում, ամեն տարի իրենք են փորձում կարգավորել։
«2018թ.-ից էլ ես չեմ սարքում, բայց նախանցած տարի էլի բերեցի աստիճանները սարքեցի»:
Թովմասյանի պնդմամբ` իրենց ընկերությունը չի վարձակալել ամբողջ այգին։
«3000 քառակուսին ենք վարձակալել: Այգու տարածքում այլ վարձակալներ կան։ Տարածքից նույնիսկ սեփականացրել են։ Համայնքապետն է սեփականացրել։ Հանդիսությունների սրահ կա, որ համայնքապետին է պատկանում և նույնիսկ այդ տարածքը, որպեսզի կարողանան սեփականաշնորհել, ձևակերպեցին քաղաքային զբոսայգու հարակից տարածք»,- մանրամասնեց նա։
Ըստ Թովմասյանի` Չարենցավանի համայնքապետը, աչքաթող անելով Չարենցի արձանը, փոխարենը վերանորոգեր դա, նշել է, որ քաղաքը Չարենց արձան չունի։
«Քաղաքապետն ասում էր`Չարենցի արձան չունենք, բերեց Դեմիրճյան փողոցում Չարենցի արձան դրեց, աբսուրդ ա դա։ Նույնիսկ Չարենցի հուշասրահի հոսանքը 13,5 տարի շարունակ ես եմ տրամադրել»,-ասաց նա՝ հավելելով, որ Չարենցի արձանի վերանորոգման հարցում օգնել է ՀԿ-ներից մեկը։
«Շատ լավ ՀԿ կա, իրենք մտածեցին, որ ճիշտ կլինի արձանը վերանորոգենք։ Իհարկե ես ամեն ինչ տրամադրեցի, իրենք իրենց աշխատակիցներով արեցին։ Գայանե Գրիգորյանն էր ՀԿ ղեկավարը, իրենք բավականին մեծ գործ արեցին։ Համայնքապետարանը ստում է, խաբում են բոլորին»,-եզրափակեց նա։
Նշենք, որ Գայանե Գրիգորյանն այժմ աշխատում է Չարենցավանի համայնքապետարանում որպես համայնքի ղեկավարի տեղակալ։