Ներքին Միտք 2 տարի առաջ - 21:00 21-10-2024

Փաշինյանական ռիսկային ստանդարտը դժոխքի դուռ է բացում

Երկակի ստանդարտը օրենքի, բարոյականության, արդարության, իրավունքի թշնամին է։ Այդպիսի ստանդարտ կա ավտորիտար երկրներում, կաստայական հասարակություններում։ Օրինակ՝ իշխանություն, բարձր դիրք ունեցողների և շարքային հպատակների համար օրենքը, իրավունքը նույնական չի կիրառվում։ Այս երկակի ստանդարտը ծաղրի է ենթարկվում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպում, որտեղ բոլորը հավասար էին, բայց ոմանք բոլորից հավասար էին։ Երկրներ կան, օրինակ՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, սակայն այս երկրների իշխանությունների գնահատմամբ՝ իրենք ժողովրդավարական երկրներ են, ապահովում են մարդու իրավունքները, պարզապես՝ ունեն իրավունքի և արդարության վերաբերյալ յուրօրինակ ստանդարտ։

Իրավունքի և արդարության ստանդարտի մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Չգիտեմ՝ ինչքանով է դա բարեհունչ, բայց շատ կարևոր է նաև իրավունքի և արդարության երկու ստանդարտ ունենալը, որովհետև իրավունքն էլ պետք է ստանդարտ ունենա, արդարությունն էլ պետք է ստանդարտ ունենա»,- այսօր ասել է նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Ժողովրդավարական, Աստվածահաճո երկրներում իրավունքի և արդարության միակ ստանդարտն օրենքն է։ Իսկ արդար դատ իրականացնողի նկատմամբ հանրային վստահություն և հարգանք է պահանջվում, ոչ թե ստանդարտ։ Դատական նիստերի ժամանակ ներկաներին, կողմերին խնդրում են հարգել դատավորին։ Անհարգալից վերաբերմունքը կասեցվում է։ Չինովնիկները, բարձր դիրք ունեցողները նորմալ երկրում իրենց առաքինի, արդարամիտ վարքով նպաստում են այդ հարգանքի, վստահության ամրապնդմանը, պաշտպանմանը։ Իհարկե՝ հնարավոր չէ բացարձակ արդյունք ապահովել, որ բոլորը հարգեն դատարանն ու արդարադատությանը։ Միշտ էլ եղել են խուլիգաններ, անարխիստներ, հասարակության կողմից մերժված անձինք, որոնք չեն հարգել, վիրավորական, արհամարհական արտահայտություններ են արել արդարության, արդարադատության, իրավունքի և քաղաքացիական հասարակության կատմամբ։

Մեր երկրում լրիվ հակառակն է։ Արդարության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորում են իշխանության ներկայացուցիչները։ Հիշենք պատերի տալ վնգստալու մասին փաշինյանական պիտակումը, Արսեն Թորոսյանի անհարգալից արտահայտությունը դատարանի նկատմամբ, ներկայիս ՄԻՊ-ի բազմանշանակ և ընդհանրական տեսակետները մարդկանց իրավունքների խախտման կոնկրետ փաստերի վերաբերյալ։

Գալով ստանդարտին նկատենք, որ տարբերակված մոտեցումները իրավունքի հարցում անթույլատրելի։ Իրավապաշտանը փաստերով ապացուցում է, որ խախտվել են ցույցի մասնակիցների իրավունքները, բայց ՄԻՊ-ն այլ կարծիք է հայտնում նույնի մասին։ Եվ եթե տեղական և միջազգային իրավապաշտպաններն արձանագրել են մարդու իրավունքների խախտման փաստ, իսկ տեղական իշխանության կարծիքով՝ ամեն ինչ նորմալ է, նշանակում է՝ երկիրը ոչ ժողովրդավարական ուղեգծով է շարժվում է։ Այսինքն՝ եթե Փաշինյանն ասում է, որ պետք է ներմուծել իրավունքի ստանդարտ, այսպիսով կամա կամ ակամա ակնարկում է, որ ուզում է, որ ՀՀ-ն ընտրի ոչ ժողովրդվարական ուղեգիծ՝ Ադրբեջանի, ՌԴ-ի, Բելառուսի, Հս. Կորեայի օրինակով։

Արդարության ստանդարտը ևս ավտորիտարիզմի հայտանիշ է։ Ի տարբերություն իրավունքի՝ տարբերակված մոտեցումները արդարության հարցում բնական են։ Փաստաբանի և մեղադրողի, դատավարության կողմերի կարծիքները դատավճռի արդարության վերաբերյալ երբեմն հակադիր են։ Եթե ներմուծվի ստանդարտ, այդու կնսեմացվի փաստաբանի դերը արդարադատության հարցում, կստորացվի դատարանի դերը և արդարադատության նվաճումները, որոնք ձեռք են բերվել նախընթաց դարերում։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունն իր սխալները, վրիպումներն ուղղելու, իշխանությանն անվայել վարքագիծը փոխելու, առաքինի և օրինակելի վարք որդեգրելու և ժողովրդավարության նորմերը հարգելու փոխարեն շրջանառության մեջ է նետում ավելի կոպիտ սխալ՝ ինչ-որ ստանդարտի մասին վտանգավոր խոսույթ, ի տես աշխարհի հայտարարելով, որ ՀՀ-ում մինչ օրս իրավունքի և արդարության հարցերում կիրառվում են տարբերակված մոտեցումներ, մի կողմ թողնելով օրենքը, միջազգային պարտավորությունները, ժողովրդավարական արժեքները, ստեղծելով ներքին խաղաղության նոր ռիսկեր։ Խիստ ասած՝ փաշինյանական վտանգավոր ստանդարտը ոչ միայն անբարեհունչ է, այլև դժոխքի դուռ է բացում, ՀՀ-ն հավասարեցնելով հետամնաց, հակաքաղաքակրթական երկրներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը