2021-ի ընտրություններից հետո վարչապետի և արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական հարթակը վերջին մեկ տարում նիստեր չի գումարել։ Ի՞նչն է այս հարթակի փաստացի լուծարման պատճառը։
2021-ի ընտրություններում հաղթեց ՔՊ-ն։ Խորհրդարան անցան նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջանորդությամբ։ Այս երեք ուժերն են քաղաքականություն որոշում երկրում։ Իսկ քիչ քվե հավաքած ու ԱԺ չանցած որոշ ուժեր հրավիրվեցին վարչապետի մոտ խորհրդակցության, այսպես կոչված՝ երկխոսության։ Վարչապետը խորհրդակցության մասնակիցների հետ կլոր սեղանի շուրջ կիսվում էր տեղեկատվությամբ, իսկ որոշ մասնակիցներ իրենց անձնական կամ խմբային խնդիրներն էին ներկայացնում վարչապետին ու ստանում լուծումներ։
Արտախորհրդարանական որոշ ուժեր կարճ ժամանակ անց լքեցին հարթակը անձնական կամ քաղաքական պատճառաբանություններով։ Նրանցից երեքը ներկայում ներգրավված են Եվրաքվե նախաձեռնության մեջ։ Պահպանողական կուսակցությունը 2022-ի սեպտեմբերին հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։ Որոշ կուսակցություններից լուր չկա։ Օրինակ՝ հայտնի չէ, թե ի՞նչ կարևոր քաղաքական ծրագրերում է ներգրավված Տիգրան Արզաքանցյանը։
Ինչևէ, այս խորհրդակցական ֆորմատն փաստացի այժմ չկա։ Ասում են, թե իրականում այն չի փակվել, այլ ընդհատակ է անցել։ Մեկ այլ վարկածով՝ մասնակիցները ձանձրացել են Փաշինյանի ստերից և կիսատ-պռատ տեղեկատվությունից ու ցրվել տներով։ Առավել շատ տարածված ենթադրությամբ՝ մասնակիցները վարչապետից ստացել են այն, ինչ ակնկալում էին, նիստերը դարձել են ձանձալի ու դադարել են։
Անվիճելի է, որ ներքաղաքական խորհրդակցություններն անհրաժեշտ են քաղաքական համակարգի զարգացման, թյուրըմբռնումները վերացնելու, քաղաքական երկխոսության ավանդույթներ արմատավորելու համար։ Բայց դեռևս 2021-ին կասկած կար, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ երկխոսության հարթակ է ձևավորում ոչ թե նշված բաների համար, այլ իր կարևորությունն ընդգծելու, ժողովրդին ու աշխարհին ցույց տալու, թե կան քաղաքական ուժեր, որոնք չեն վիճարկում ընտրությունների արդյունքները և պատրաստ են համագործակցության իշխանությունների հետ։
Համագործակցությունն, իհարկե՝ չկայացավ ոչ միայն ՔՊ-ի մեղքով, այլև այն պատճառով, որ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ ապաքաղաքական հետաքրքրություններ էին ցուցաբերում։ Նրանց համար նման ձևաչափով հանդիպումն ընդամենը առիթ էր այդ հետաքրքրությունները բավարարելու համար։ Իսկ ովքեր փորձեցին առաջ մղել քաղաքական հետաքրքրություններ, նրանք որոշ առումով՝ շահած դուրս եկան։
Օրինակ՝ Եվրաքվե նախաձեռնության ջատագով ուժերը, որոնք մասնակցում էին արտախորհրդարանական հարթակի քննարկումներին, այսօր միավորված ջանքերով իրագործում են իրենց նախաձեռնությունը։ Գուցե նրանք նույն բանն անեին ամեն դեպքում, սակայն ակնհայտ է, որ արտախորհրդարանական հարթակի հանդիպումները նպաստել են այդ ուժերի ղեկավարների և Նիկոլ Փաշինյանի փոխըմբռնմանը։ Նրանց նախաձեռնությունների առաջ իշխանությունը կանաչ լույս է վառում, ՔՊ ներկայացուցիչները երբեմն մասնակցում են նրանց հրավիրած լսումներին, քննարկումներին, ընդառաջում նրանց խնդրանքներին։ Օրինակ՝ Եվրաքվեի ստորագրահավաքը նաև շաբաթ և կիրակի օրերին անցկացնելու խնդրանքը բավարարվել է։
2021-ին կասկած էր շրջանառվում, թե արտախորհրդարանական ուժերը աջակցելու են ՔՊ-ին, ձուլվելու են, դառնալու են սատելիտ և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ այս նկրտումը մեծ մասամբ ձախողվել է։ Այդ ուժերից միայն «Հանրապետություն» կուսակցությունն է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ ու իշխանություն կիսել Երևանում։ Մյուսները չեն աջակցում ՔՊ-ին։ Համենայն դեպս՝ հրապարակավ վատաբանում են։ Եթե Փաշինյանն ակնկալում էր վայելել այս ուժերի աջակցությունը, ապա այս առումով արտախոհրդարանական ֆորմատը ձախողվել է։
Կարճ ասած՝ այս հարթակի պատմությունը ամբողջովին պարզ չէ, քանի որ դրա ոչ բոլոր մասնակիցներն են կիսվել հանրության հետ այդտեղ քննարկվող թեմաների մասին, չեն ասել, թե ինչու են լքել հարթակը կամ դադարեցրել գործակցությունը, ինչ գործ, շահ կամ արտոնություն են ստացել երկխոսության արդյունքում, որ չունեին մինչև արտախորհրդարանական քննարկումները։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական որոշ ուժերի գործակցությունը շարունակվում է ընդհատակում, ինչի մասին կան հանրային կասկածներ, ապա կարող ենք ասել, որ առկա է քաղաքական գործակցության նոր, զուտ հայկական ֆորմատ, որի մասնակիցները ցերեկը քննադատում, վատաբանում են միմյանց, իսկ գիշերը ժողովրդից թաքուն համատեղ ծրագրեր կազմում և իրականացնում։ Այսպիսի գործակցությունը ռիսկային է, քանի որ բացահայտվելու դեպքում գործակցողները կարող են կորցնել հանրային վստահությունը և դուրս մղվել դաշտից, որպես երկերեսանի խաղացողներ։
Թաթուլ Մկրտչյան