Արտաքին 1 տարի առաջ - 16:27 16-10-2024

Լիբանանին իսրայելական հարվածի զոհերի թվում է նաև Նաբաթիեի քաղաքապետը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները լայնածավալ հարված են հասցրել Լիբանանի հարավի Նաբաթիե քաղաքին՝ հրթիռներով խոցելով քաղաքի կենտրոնը և ծայրամասի մի քանի բնակելի շենքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանային Ռուսական մշակույթի տան տնօրեն Ասադ Դիյան։

«Զոհվել են քաղաքապետ Ահմեդ Քեյլը և վեց աշխատակիցներ, որոնք գտնվում էին քաղաքապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն է հանգանակվում», - նշել է զրուցակիցը:

Բացի այդ, ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հյուսիս-արևելյան շրջաններին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը ճշտվում է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տասնյակ հրթիռային հարվածներ են հասցվել Բաալբեկի և Հերմելի արվարձաններին, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի թիկունքային ռազմակայանները և բնակվում շարժման կողմնակիցները։

Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են լեռնային շրջանների սահմանային անցակետերի և ճանապարհների վրա, որպեսզի թույլ չտան այնտեղ գտնվող շիա կազմավորումներին Սիրիայից ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք տեղափոխել Լիբանան։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին փրկարարները Բաալբեկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ռիյաք քաղաքում տան փլատակներից դուրս են բերել 5 մարդու դի, այդ թվում՝ երեք երեխայի, ևս 16-ը վիրավորվել են։

Իսրայելը նաև հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիեի շրջանին։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել գրեթե 2400 մարդ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան