Ալեն Սիմոնյանի հետ առանձին հանդիպման կարիք չկար․ Ադրբեջանն իր պահանջները Թուրքիայի միջոցով է ներկայացրել
copy image url

Ալեն Սիմոնյանի հետ առանձին հանդիպման կարիք չկար․ Ադրբեջանն իր պահանջները Թուրքիայի միջոցով է ներկայացրել

Խոսք Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 20:00 15-10-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան վերջին պահին հրաժարվել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախատեսված հանդիպումից, որը պետք է կայանար Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում։ Սիմոնյանի մամուլի քարտուղարը հանդիպման չեղարկման պատճառների մասին չի խոսել՝ նշելով՝ Սիմոնյանը Երևան վերադառնալուց հետո լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։

Հատկանշական է, որ նախկինում, երբ Ադրբեջանը պարտված կողմն էր, հայկական կողմի համագործակցության առաջարկները մերժում էր՝ դրա դիմաց ինչ-որ բան պահանջելով, սակայն այժմ, լինելով հաղթած կողմ, շարունակում է նման կեցվածք դրսևորել, ինչը շատերի համար զարմանալի է։ Սրան զուգահեռ Ժնևում Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ, ինչը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացրել՝ Գաֆարովայի հետ հանդիպման չեղարկման համատեքստում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ Սաբիհա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի հանդիպման չեղարկման համատեքստում խորը պատճառներ փնտրելու կարիք չկա։ Նրա խոսքով՝ խորհրդարանների ղեկավարների հարթակն այն մակարդակը չէ, որտեղ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորում կամ բանակցվում են։

Քաղաքագետը ենթադրում է, որ Ադրբեջանն այս հանդիպումից ոչ մի ակնկալիք չուներ․ «Այսինքն՝ ո՛չ ասելիք կար, ո՛չ էլ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ինչ-որ ասելիք պետք է ունենար՝ առավել ևս, որ նույն օրը Ադրրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահներն արդեն հանդիպել են և այնտեղ խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ինչպես նաև այն մասին, որ Անկարայի և Բաքվի բոլոր քայլերը համաձայնեցվում են։ Ուստի՝ եթե հաշվի առնենք, որ մեր Ազգային ժողովի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարները հանդիպել են, ապա կարծում եմ, որ Գաֆարովա-Սիմոնյան հանդիպման անհրաժեշտություն ադրբեջանական կողմը չէր տեսել»։

Oragir.News-ի հարցին՝ սա վկայո՞ւմ է այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջոցով է իր պահանջները ներկայացրել Հայաստանին՝ մեր զրուցակիցը դրական պատասխանեց՝ նշելով, որ այս երկրները «փոխանցումներով» են խաղում․ «Հարցեր կան, որտեղ Թուրքիան է իր պահանջներն Ադրբեջանի միջոցով ներկայացնում, հարցեր կան, որտեղ Ադրբեջանն է Թուրքիայի միջոցով իր պահանջները ներկայացնում»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանն այժմ, լինելով հաղթած կողմ, հրաժարվում բանակցություններից, երբ թվում է, որ ստացել է այն ամենն, ինչ պահանջում էր՝ քաղաքագետը դա պայմանավորեց այն իրողությամբ, որ Ադրբեջանում համարում են, որ իրենք դեռևս ամեն ինչ չեն ստացել։ Նրա խոսքով՝ դրա համար էլ Ադրբեջանը սպառնալիքների լեզվով է խոսում և խաղաղության համաձայնագրի ստորագրում պայմանավորում նոր պահանջների իրականացմամբ։ «Այսինքն՝ նրանք պետք է փորձեն առավելագույնը կորզել Հայաստանից։ Նրանք համարում են, որ հիմնական հարցերում դեռևս շատ բան ունեն ստանալու Հայաստանից»,- ասաց նա։

Քաղաքագետն իրատեսական չի համարում, որ տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, նշում՝ դա Հայաստանից կախված չէ։ Նրա խոսքով՝ դա կախված է նրանից՝ Ադրբեջանը հնարավոր կհամարի՞ առանց խաղաղության պայմանագրի էլի ինչ-որ բաներ կորզել Հայաստանից, թե՞ ոչ․ «Եթե հասկանան, որ ինչ կարող էին արդեն կորզել են ու այլևս կորզելու բան չունեն, ռազմական ճանապարհով էլ նոր բաներ ձեռք բերելը դժվար է կամ անհնար, միայն այդ դեպքում նման փաստաթուղթ կստորագրեն»։

Հարցին, թե ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները կարո՞ղ են ազդել այս գործընթացի վրա՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ կարող են, սակայն ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդավորված։ Նա կարծում է, որ այդ ընտրությունների արդյունքները կարող են ազդել ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ինչն էլ իր հերթին անմիջական ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության վրա։

Բաղդասարյանը հավելեց՝ անկախ նրանից ԱՄՆ-ում Թրամփը կհաղթի, թե Հարիսը՝ ԱՄՆ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ինչպես ռուս-իրանական հակամարտության հարցում, այնպես էլ Իրանի դեմ և այլն։ «Այսինքն՝ երկու դեպքում էլ իրենք պետք է հստակ որոշում կայացնեն՝ շարունակո՞ւմ են ևս 4 տարի նույն քաղաքականությունը, թե՞ փոխում են, մեղում են ու գնում են դեպի խաղաղություն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին