Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 15-10-2024

Զառամյալ Երևանին փակի տակ պահենք, որ զսպենք նրա խենթությունները

Ալեքսանդր Մակեդոնացին երազում էր միավորել աշխարհը հելենիստական արժեքների շուրջ, Նապոլեոն Բոնապարտը երազում էր Ֆրանսիական Մեծ հեղափոխության արժեքները՝ Ազատությունը, Հավասարությունը, Եղբայրությունը տարածել աշխարհում, Շարլ Դը Գոլը երազում էր միավորել Եվրոպան, Բութանի Վանգչուկ 4-րդ թագավորը երազում էր համընդհանուր երջանկության, Մարտին Լյութեր Քինգը՝ սևերի և սպիտակների իրական ներդաշնակության, բոլշևիկները՝ հարուստներին վերացնելու, անարխիստները՝ պետությունների վերացման, մերօրյա գլոբալիստները՝ համընդհանուր բարեկեցության մասին, և այլն։ Այս երազանքների մեծ մասը ընդդիմախոսների կողմից որակվել են խենթ։ Բայց իրենք՝ երազողները դրանք համարել են ռեալ, պայքարել դրանց համար և իրականացրել մասամբ։

Հոկտեմբերի 13-ին պարզվեց, որ խենթ երազանքներ ունի նաև Երևան քաղաքը։

«Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը»,- հոկտեմբերի 13-ին այսպիսի գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորելով մայրաքաղաքի 2806-ամյակը։ Ի՞նչ ամենախենթ երազանքի մասին է խոսում Ավինյանը։

Նախ՝ ի տարբերություն Մակեդոնացու կամ Նապոլեոնի, մեր պարագայում ոչ թե քաղաքական գործիչն ունի երազանք, այլ քաղաքը։ Սա սյուտռեալիստական պատկեր է։ Եթե Ավինյանը կարծում է, թե Երևանը խենթ երազանք ունի, ապա պատկերավոր ասած՝ Երևանն իշխանությունն է, իսկ քաղաքապետ Ավինյանը նրա ընդդիմախոսն է, քննադատում է Երևանին խենթ երազանքներ փայփայելու մեջ։ Եթե համարենք, որ Տիգրան Ավինյանը ողջամիտ է, ապա այս սյուռեալիստական պատկերը վկայում է, որ նա իր քաղաքական տեղն ու դիրքը չի գիտակցում։

Նաև տպավորություն է ստեղծվում, թե Ավինյանը փորձում է համատարած շինթույլտվությունների, թանկացումների, թերացումների և այլ վատ բաների պատասխանատվությունը բարդել Երևանի վրա։ Այսինքն՝ ոչ թե իշխանավորի կամայական, անհաշվենկատ որոշումներով է դեպի վատը փոխվում քաղաքը, այլ Երևանի խենթ երազանքների արդյունքն է, և այստեղ պաշտոնյան պատասխանատու չէ, այլ ընդամենը եղել է քաղաքի կողքին, վկայի կարգավիճակում։

Այս առումով կարող ենք պատկերացնել հետևյալ տեսարանները։

Երևանը երազում էր կարմիր գծերը թանկացնել մոտ 100 անգամ։ Նորընտիր Ավինյանը դա խենթ երազանք էր անվանում, քննադատում նրան։ Բայց Երևանը համառ էր ու իրականացրեց իր երազանքը մասամբ՝ քաղաքի կենտրոնական հատվածներում։

Հաջորդիվ Երևանը ցանկացավ, որ ամենուր շինարարություններ լինեն, փոշին այնքան խիտ լինի, որ աստղերը չտեսնենք։ Ավինյանն ընդդիմանում էր, չէր ուզում, ասում էր, որ դա խենթություն է, քաղաքը չի կարելի վերածել մեծ շինհրապարակի և անվերջ շինթույլտվություններ վաճառել։ Սակայն Երևանը թքած ուներ Ավինյանի կարծիքի վրա ու անկուշտի նման իրականացնում էր իր խենթ երազանքը։

Էլ չասենք տրանսպորտի թանկացումների մասին։ Բայց արդյո՞ք միասնական տոմսային համակարգն է Երևանի ամենախենթ երազանքը։ Հավանաբար՝ ոչ, քանի որ այդպիսի համակարգ ունեն աշխարհի բազմաթիվ քաղաքներ։ Բուհերի և միությունների շենքերը դատարկելն ու վաճառելը ևս Երևանի շարքային խենթությունների շարքին կարելի է դասել։ Իսկ անորակ ասֆալտապատումներն ու սալիկապատումները պարզապես չեն ձգում ամենախենթ երազանքի չափանիշներին։

Եթե դիտարկենք թվարկված օրինակների դինամիկան և այն դժվարություններն ու խնդիրները, որոնք պատուհասել ու դեռ պատուհասելու են ժողովրդին Երևանի խենթությունների արդյունքում, ապա կարելի է ենթադրել, թե ի՞նչ է կատարվելու նրա ամենախենթ երազանքն իրականանալու արդյունքում։ Պատկերացնելն արդեն սարսափելի է։ Ու չկա մեկը, որ կարողանա զսպել նրա ամենախենթությունը։ Գուցե Երևանին, որպես 2806-ամյա զառամյալ խենթի, պետք է փակի տակ պահենք, ու թույլ չտանք նոր գժություններ անել։ Իսկ ՀՀ մայրաքաղաքն ու վկայի կարգավիճակում գործող պաշտոնյաներին կարելի է տեղափոխել Կիրանց, մանավանդ՝ որ այն ՀՀ ամենապաշտպանված վայրն է դարձել սահմանազատման արդյունքում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից