Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շրջանում սկսել են բավականին հաճախ կիրառել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որն ինքնին ադրբեջանական խոսույթ է։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտնել, որ իր տեղեկություններով Փաշինյան-Պուտին և Պուտին-Ալիև հանդիպումների ընթացքում քննարկվել է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, նախորդ ամիս էլ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան «Զանգեզուրի միջանցքի» հարցով բոլոր պարզաբանումները ներկայացրել է Թեհրանին։
Հատկանշական է, որ տևական ժամանակ ռուսական կողմը խուսափում էր «Զանգեզուրի միջանցք»-ի ձևակերպումից՝ հայտարարելով, որ իրենք նախընտրում են դրա փոխարեն կիրառել Մեղրիի ճանապարհ կամ Սյունիքով անցնող հաղորդակցություններ ձևակերպումները։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ ռուսական կողմը միշտ էլ կիրառել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, իսկ 2020 թվականի պատերազմից ի վեր Ռուսաստանը բացահայտ Ադրբեջանի կողմն է զբաղեցնում։ Նա նշում է՝ առհասարակ «Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի, դա Մոսկվայի և Բաքվի երևակայության արգասիքն է, որ իրականության հետ ոչ մի կապ չունի։
«Այստեղ որևէ բացահայտում չկա․ Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանի հետ միասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնական դիրքորոշում ունի, նրանք իրենց պատումներն [նարատիվ-խմբ․] են առաջ տանում՝ պատումների պատերազմում»,- ասաց նա։
Քաղաքագետը շեշտում է, որ նման հայտարարություններով Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են լուծել իրենց ենթակառուցվածքային անվտանգության հարցը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ու հայ ժողովրդի շահերի հաշվին։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերն այս պահի դրույթամբ ամբողջովին նույնական են և սինխրոնիզացված, ուստի նրանց ցանկությունները բխում են միմյանցից․ «Սինխրոնիզացված ռազմաքաղաքական հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում»։
Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ այս ամենին հակազդելու նպատակով նախևառաջ անհրաժեշտ է չգնալ Մոսկվա, չշնորհավորել Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձը, այցելել Ֆրանսիա, ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի ու մյուս արևմտյան պետությունների հետ, ինչպես նաև պոկվել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։
Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի իշխանություններն անում են ասվածի ճիշտ հակառակը՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ անարդյունավետությամբ․ «Հիմա, թե դրանց մոտիվներն ինչպիսինն են, էական չէ, ինչ էլ լինի՝ Հայաստանին պատճառված վնասը աննախադեպ մեծ է, հետևաբար այդ ուժն ի զորու չէ Հայաստանի առջև ներքին ու արտաքին մարտահրավերները հանգուցալուծել, որոնք որակական և քանակական կերպափոխումների են ենթարկվել»։
Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի հայ-իրանական սահմանային անցակետում 2025 թվականի հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ դա հրաշալի կլինի՝ աներևակայելի հրաշալի։ Հարցին, թե Հայաստանը կկարողանա՞ սեփական ուժերով սահմանի վերահսկողությունն իրականացնել՝ քաղաքագետը պատասխանեց․ «Անկախ նրանից՝ կկարողանա՞, թե՞ չի կարողանա, սպորտային համազգեստով մարդիկ կտանեն կկանգնեցնե՞ն, թե՞ չեն կանգնեցնի, տեսախցիկ կդնե՞ն, թե՞ չեն դնի, նորմալ ծառայություններ կբացազատվե՞ն, թե՞ չեն բացազատվի, այդ տարածքներից թշնամական օղակ դուրս կբերվի։ Հիմա այլ բան է, երբ որ այդ տարածքներում ոչ մեկ էլ չկանգնի, բայց թշնամիներ ներկա չլինեն, թե թշնամիներ ներկա լինեն ու էլի ոչ մեկ չկանգնի, ո՞րն է ավելի լավ։ Առհասարակ ռուսական կոնտինգենտի դուրսբերումը մեր շահերից է բխում, դրանք թշնամակամ ուժեր են՝ մեր մարմնի մեջ մխրճվել»։
Քաղաքագետը չի կիսում նաև այն պնդումները, որ Հայաստանը ստիպված է լինելու Ադրբեջանի հետ սահմաններից որոշ քանակով զորք հետ քաշի և տեղաբաշխի ռուս սահմանապահների փոխարեն։ Նա շեշտում է, որ այստեղ զորք տեղաբաշխելու խնդիր չի լինելու, քանի որ դա սահմանային անցագրային կետ է, որը ոչ թե կանոնավոր բանակի տեղակայման վայր է, այլ հսկիչ անցագրային կետեր՝ ԱԱԾ-ի ենթակայության տակ, որտեղից իրականացվելու է վերահսկվող սահմանային պաշտպանություն՝ մշտադիտարկման, տեսադիտարկման և մոնիթորինգի առումով։ «Ընդամենն ասքանը, այնտեղ զորք չի կանգնելու, դա հայ-իրանական սահմանն է, իսկ հայ-թուրքական սահմանն էլ՝ ի թիվս դրան»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան