Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 04-10-2024

Պատիժ և զգուշացում․ ինչու դադարեցվեցին Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ դադարեցնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները։ Հիշեցնենք, որ Վահե Միսակյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորն է եղել, ում որոշմամբ ամիսներ առաջ դատարանն արդարացրել էր Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հատկանշական է, որ ԲԴԽ-ն ամիսներ առաջ դադարեցրել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ հատկապես Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման օրոք, անհնար է գնահատել իրավական տիրույթում, և այն պետք է գնահատել բացառապես քաղաքական տիրույթում։ Նա իր խոսքը հիմնավորում է այն հանգամանքով, որ Կարեն Անդրեասյանը քաղաքական ուժի ներկայացուցիչ էր և քաղաքական տրամաբանության մեջ այս որոշումն առաջին հերթին պատիժ է, երկրորդ հերթին՝ մյուս դատավորների համար էր զգուշացում, որպեսզի վերջիններս արդարադատություն իրականացնելու փոխարեն իրականացնեն իշխող քաղաքական ուժի կամքը։


Մելիքյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու դեպքում որոշ տարբերություններ կան․ «Այնտեղ տրամաբանությունը կարող է լինել այն, որ ասվածաշնչյան խոսքերով ասած քավության նոխազ էր պետք, որպեսզի հանրությանը ցույց տային, թե ինչու տապալվեց իրենց կողմից այդքան քարոզված «Մարտի 1»-ի դատավարությունը, իսկ Աննա Դանիբեկյանը դրա համար ամենահարմար թեկնածուն էր։ Բայց այո, դա նույնպես այդ նույն քաղաքական բաղադրիչն ուներ իր մեջ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է քաղաքական տրամաբանություն որոնելուն, և մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր դեպքում այն կարողանում ենք գտնել»։

Oragir.News-ի հարցին՝ ԲԴԽ-ի որոշումները վերջնակա՞ն են, թե՞ այս դատավորները հետագայում կարող են իրենց լիազորությունները վերականգնել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ԲԴԽ-ի որոշումները Հայաստանում կարող են բողոքարկվել միայն Սահմանադրական դատարանում՝ սահմանադրականության տեսանկյունից, սակայն, իր կարծիքով, այսօրվա ՍԴ-ն իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց չէ։ Նա միևնույն ժամանակ ասաց, այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր Հայաստանից բազմաթիվ դատավորների գործեր կան։

«Հիշեցնեմ, որ դեռևս 2 տարի առաջ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն էր տվել դատավորների գործերին։ Կարծում եմ, որ Վահե Միսակյանի գործը նույնպես կարող է այդ գործերից մեկը դառնալ, որոնք առաջնահերթություն են ստանում և որոնցով ակնկալվում է դատավորների հետ կապված դրական որոշումներ»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե խոսքը լիազորությունների վերականգնմա՞ն մասին է՝ Ռուբեն Մելիքյանը դրական պատասխանեց, հավելեց նաև, որ իշխանափոխությունից հետո խնդիրը կարող է լուծվել քաղաքական ճանապարհով։ «Կարծում եմ՝ իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները պետք է անպայման անդրադառնան բոլոր այն գործերին, որտեղ առկա է քաղաքական տրամաբանություն։ Այսինքն՝ ես տեսնում եմ ինչպես իրավական լուծում, այնպես էլ քաղաքական՝ իշխանությունների փոփոխության դեպքում․ կլինի դա օրենքի տեսքով, սահմանադրական փոփոխությունների, թե՝ որևէ այլ ճանապարով»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա