Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:05 04-10-2024

Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքը համակերպվել է պետության կորստի հետ

«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը

Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։

Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և անկախության 30 տարիները մեզ մոռացնել էին տվել պարտության հոգեվիճակը։ Պարտությունը մեզ օտար թվացող, ուրիշներին բնորոշ բան էր թվում։

Հիմա մենք առերեսվում ենք պարտության հայի և պարտության հասարակության հետ։ Իսկ եթե պարտության հայը ոչինչ չի՞ ուզում, կամ սարսափելի վատ բա՞ն է ուզում։ Մենք գիտե՞նք նրա դեստրուկցիայի ուժը, պոտենցիալը։

Առաջին անգամ սրա մասին մտածել եմ նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախի հասարակության անկումը տեսնելով։ Դա արդեն նախկին հպարտ ու ռացիոնալ Արցախը չէր։ Ու նաև սա´ հանգեցրեց ճգնաժամային կառավարման ձախողման, պատմական սուղ ժամկետում պատմական փլուզումների։

Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ։ Նույնիսկ առողջ շերտերը, նույնիսկ պայքարողներն արդեն թերահավատ են մեր երկրի հեռանկարի հանդեպ։ Նոր լիդերության հիմնական խնդիրը հենց այս հոգեվիճակը փոխելն է։ Նոր լիդերության թիրախը այս խնդիրն է, և եթե մենք սա ընդունենք, ապա բանավեճը՝ նախկին թե ներկա, կզրոյացվի։

Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա։ Իսկ այդպես՝ մեզ կառաջնորդի աղետը։

Այստեղ գալիս է ամենակարևոր ու ամենաբարդ պահը. ինչպե՞ս փոխել պարտված հասարակության հոգեվիճակը։ Բագրատ Սրբազանն իր շարժման ամենասկզբում այդ պրոցեսը բավականին հաջող սկսեց, և հուսահատության թոթափման մեծ ալիք գնաց հասարակության ներսում։ Սա շարժման էմոցիոնալ փուլն էր։ Ինչպե՞ս է պետք շարունակել այդ փուլը, որպեսզի մարդիկ իրոք հավատան պետության հեռանկարին։ Այստեղ արդեն մարդիկ ակնկալում են ռացիոնալ քաղաքական առաջարկներ և հստակ քայլերի շարք, որոնց կհավատան։ Կհավատան, որ այդ քայլերի արդյունքում երկիրը կունենա հեռանկար։

Մենք կորցրել ենք ամբողջական հասարակության պատկերը։ Այսօր Հայաստանը փախստականների մի մեծ ճամբար է հիշեցնում, որը սպասում է զանազան անցակետերի բացման ու չմորթվելու ինչ-որ երաշխիքների։ Այսօրվա աշխարհը, սակայն, երաշխիքներ չի տալիս, նայեք մերձավոր Արևելքին։

Ամբողջական հասարակության փոխարեն մենք ունենք տարբեր ենթամշակույթների բաժանված մարդկային զանգված. «Մեծարգոների ենթամշակույթ», «անտարբերների ենթամշակույթ», «հույսը կորցրածների ենթամշակույթ», «պայքարողների ենթամշակույթ», «գնացողների ենթամշակույթ» և այլն։

Նոր լիդերության խնդիրներից է՝ այս հատվածները վերամիավորել ամբողջական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին հաշտեցման հնարավորություն և միասնական նպատակներ։ «Նախկին թե ներկա» հակադրությունն այս պարագայում դուրս է մղվում, գալիս է միակ հարցը՝ ո՞վ կկարողանա դա անել։ Նախկի՞ն կլինի, ներկա՞, ապագա՞, դա չի էականը, այլ՝ կկարողանա՞ արդյոք։ Ո՞վ կկարողանա վերականգնել այս հասարակությունն այնպես, որ այն նորից հավատա ինքն իրեն ու սկսի վերականգնել սեփական պետությունը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»