Ժողովրդի վստահության համար իրական պայքարը սկսվում է ընտրություններից մոտ 1,5 տարի առաջ։ Հավակնորդ ուժերը հավաքում են միջոցներ, հավաքագրում համակիրներին, ճշտում են գործընկերներին, գնահատում ուժերը, պոտենցիալ էլեկտորատը, վերջինիս հղում ներդաշնակ ուղերձներ։
Հոկտեմբերի 2-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքը ցույց տվեց, որ Սրբազան պայքարը մտնում է չհայտարարված նախընտրական փուլ։ Բագրատ Սրբազանի ելույթը հավելյալ ապացույց է, որ շարժումն ու նրա առաջնորդը լուրջ են տրամադրված, մտադիր են շահել ժողովրդի վստահությունն ու ստանձնել քաղաքական պատասխանատվություն։ Սա ոչ միայն Նիկոլ Փաշինյանին տապալելու, այլև ժողովրդավարական աշխարհում իշխանափոխություն իրականացնելու ուղիղ ճանապարհն է, որն անտեսելու իրավունք չունի հնարավորի արվեստին ծանոթ ռեալ քաղաքական գործիչը։
Սրբազանի ելույթից պարզվեց, որ գործարարների մեծ մասը պասիվ է։ Նկատենք, որ անկախ Հայաստանում գործարարները խուսափում են աջակցել ընդդիմադիր շարժումներին, քանի որ նախկին քաղաքական շարժումներին ներգրավված գործարարների նկատմամբ հալածանքներ են կիրառվել։ Ընդհանրապես՝ ընդդիմադիր շարժումները կամ ուժերին ճնշելու գործում առաջնային թիրախը նրանց ֆինանսական աղբյուրներն են։ Բավարար միջոցների բացակայությունը նվազեցնում է հաղթելու շանսերը։
Սակայն ակնհայտ է, որ Սրբազան շարժումը որոշ ֆինանսական աջակցություն ունի, մասնավորապես՝ հանրահավաք կազմակեպելու փող ունի։ Այսինքն՝ որոշ գործարարներ չեն ենթարկվում իշխանությունների շանտաժին, չեն վախենում։ Այս առումով՝ լավ կլինի, եթե այդ անվախ աջակցողները հրապարակավ հայտարարեն, որ աջակցում են շարժմանը ֆինանսապես։ Այսպիսի թափանցիկությունը կցրի կասկածները՝ արտաքին ուժերի կողմից ղեկավարվեու մասին բամբասանքները։ Իսկ գործարարները կհաղթահարեն իրենց վախերը։ Գործարարի կողմից իր համակրած քաղաքական ուժին, նախագծին ֆինանսապես աջակցելը կդառնա բարի ավանդույթ։ Քաղաքականության վրա մասնավոր աղբյուրներից փող դնելը կզարգացնի քաղաքական համակարգը։ Քաղաքական մրցակցությունը ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդառնա։ Տվյալ դեպքում՝ ֆինանսական թափանցիկությունը կմեծացնի Սրբազանի հաղթելու շանսը։
Հաջորդը էլեկտորատի հարցն է։ Այս պահին Սրբազանն ունի պոտենցիալ ընտրողներ։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ Սրբազանն ունի բավականաչափ ձայներ, որոնց գեներացման դեպքում հնարավոր կլինի իրական հաջողության հասնել։
Մրցակցության հաջորդ հարթությունը գաղափարականն է։ Այստեղ երբեք իրական մրցակցություն չի եղել Անկախ Հայաստանում, որովհետև ըստ նախորդ ընտրությունների ուսումնասիրության՝ 100 ընտրողից 2-ն են կարդում, ծանոթանում ծրագրերին, իսկ 10 կարդացողներից 1-ն է ընտրում ըստ ծրագրի։ Գաղափարական մրցակցությունը մեր երկրում կարգախոսների մակարդակից խորք դեռ չի անցնում։ Սրբազան պայքարը կարգախոսների պակաս չունի։ Հետևապես՝ գաղափարական հարթության վրա ՔՊ-ին հաղթելը Սրբազան պայքարից մեծ ջանք չի պահանջելու։ Սա Սրբազանի ամենաուժեղ կողմն է։ Հավանաբար՝ այդ է պատճառը, որ պայքարի առաջին օրվա թիրախը Հ1-ն էր ընտրվել։ Այսպես ակնարկվեց, որ գաղափարական, քարոզչական մակարդակում, բանավեճերում Սրբազանը պատրաստ է մրցելու և կարող է հաղթել։ Եվ երբ շարժման պահանջը բավարարվեց, և Հ1-ը Սրբազանին տրամադրեց եթեր, ապացուցվեց, որ իշխանություններն ընդունում են Սրբազանի նետած քարոզչական պայքարի մարտահրավերը, ճանաչում են նրան որպես իրական մրցակից։ Հետևապես՝ նա հաղթելու շանս ունի։
Պարզ ասած՝ հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Սրբազան պայքարն ունի էլեկտորատ, կարգախոսներ, հաղթելու հաստատակամություն։ Ու եթե փողի պակասն էլ լրացվի թափանցիկության էֆեկտով, ապա ժողովրդի վստահության համար պայքարում Սրբազանի հաղթանակի շանսերը կբազմապատկվեն։
Թաթուլ Մկրտչյան